Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը այսօր «Փաստարկ» ակումբում խոսեց արցախյան աշնանային պատերազմում Հայաստանի իշխանության պատճառով կրած ծանր պարտությունից հետո ստեղծված տխուր իրավիճակի մասին:
«Կոնկրետ մեր տարածաշրջանում նախապատրաստելով, ղեկավարելով, մասնակցելով Ադրբեջանի ագրեսիվ պատերազմին Արցախի դեմ՝ Թուրքիան լուծում էր աշխարհաքաղաքական խնդիր՝ ոչ միայն Արցախն ու Հայաստանը թուլացնել, իսկ ես համոզված եմ, որ հիմնական թիրախը Հայաստանի Հանրապետությունն է եւ այն հնարավորինս սահմանափակելը, այլեւ ուժեղացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, տարածաշրջանը դարձնել իր ազդեցության ոլորտ: Նա ուզում էր դուրս մղել Ռուսաստանին, ինչը չհաջողվեց:
Թուրքիան իր այս ագրեսիվ քաղաքականության արդյունքում շատ քիչ բան ստացավ: Բայց շարունակում է: 2021 թվականին Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները մեր տարածաշրջանում տեսանելի կլինեն: Պարտադիր չէ զինված ուժերի օգտագործմամբ ռազմական գործողությունների միջոցով: Այս նպատակներին է ծառայում, այսպես կոչված, վեց երկրների պլատֆորմ ստեղծելու թուրքական նախաձեռնությունը, ինչը դեռեւս 2008 թվականի թուրքական չհաջողված նախաձեռնության շարունակությունն է, որով պետք է այդ պլատֆորմը կազմված լիներ ոչ թե վեց, այլ հինգ պետություններից՝ հարավկովկասյան երեք երկրները, Թուրքիան ու Ռուսաստանը: Այն ժամանակ Ռուսաստանը չէր ցանկանում իր ազդեցությունը կիսել Հարավային Կովկասում:
Հիմա Թուրքիան իր նպատակին հասնելու նպատակով նախագիծ է ներգրավել Իրանին: Սա հեռու գնացող ծրագիր է Թուրքիայի կողմից, որովհետեւ վերջին տարիներին ականատես ենք լինում քաղաքական եւ տնտեսական առումով թուրք-իրանական հարաբերությունների բավական բարձր մակարդակի: Պատմության ընթացքում այսպիսի բան քիչ է պատահել: Իրանը սկսում է կարեւոր դերակատարություն ունենալ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը մեր տարածաշրջանից դեպի Արեւելք տեղափոխելու ուղղությամբ: Եվ թուրք-պակիստանյան հարաբերությունները դառնում են կարեւոր գործոն: Նույնիսկ խոսակցություն կա, որ գաղտնի քննարկումներ են սկսվել եւ, գուցե, արդեն անցել են ռեալ մակարդակի՝ Պակիստանից Թուրքիա միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու առումով:
Կարդացեք նաև
Թուրքիայում արդեն սկսում են ավելի իրական խոսել միջուկային զենքի տիրանալու ցանկությունների մասին: Այս առումով Թուրքիայի համար կարեւորագույն երկիր դառնում է միջուկային զենք ունեցող Պակիստանը, որը հայտարարում է, թե իր ունեցածը մահմեդական միջուկային զենք է: Ու այդ կապն իրականացնելու համար Իրանը դառնում է կարեւորագույն տրանզիտ երկիր:
Իրանը Թուրքիայի համար կարեւոր երկիր է, իսկ Թուրքիան էլ իր հերթին է Իրանի համար դառնում կարեւոր, որովհետեւ փորձում է որոշ չափով անկախ քաղաքականություն վարել ԱՄՆ-ից, չի վախենում Իրանի հետ համագործակցել: Այս պարագայում Թուրքիան էլ Իրանի համար դառնում է ԱՄՆ-ի դեմ իր պայքարի գործընկեր:
Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի քաղաքականությանը Հայաստանի նկատմամբ, կարծում եմ, հասկանալի է, որ Թուրքիան շարունակելու է իր քաղաքականությունը: Եվ եթե Հայաստանը չենթարկվի այդ պահանջներին, որ մենք բոլորս լավ գիտենք, Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ոչ մի դրական քայլ չի լինի: Այնպես որ, սպասել, թե Թուրքիան կարող է ինչ-որ բարեկամական կամ դրական քաղաքականություն որդեգրել Հայաստանի նկատմամբ, իմաստ չունի: Դեռ ավելին, ես համոզված եմ, որ Թուրքիան կուժեղացնի իր ճնշումը Հայաստանի վրա՝ օգտվելով մեր այս ծանր իրավիճակից, խայտառակ պարտությունից եւ կփորձի էլ ավելի ճնշում գործադրելով Հայաստանի վրա՝ իր համար ավելի բարենպաստ զիջումներ ստանալ Հայաստանից»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ