Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը երկուսուկես տարում չկարողացավ իր համար պարզել եվրոպական ռազմավարությունը. Արման Բաբաջանյան

Հունվար 27,2021 15:50

Ինչո՞ւ ռազմագերիների հարցը չմտավ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգ։ Ինչպե՞ս կարող էր հայկական պատվիրակությունն այդպես անպատրաստ մեկնել Ստրասբուրգ։ ԱԳՆ-ից ով և ինչպես է համակարգել աշխատանքը ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության հետ։ Հարցերը հանգիստ չեն տալիս ինձ, որովհետև աղետալի պատերազմի ընթացքում և դրանից հետո խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում հանցավոր անգործության հետևանքը դեռ երկար է զգացնել տալու իրեն։ Հետևանքներն էլ կրելու է երկիրը, պետությունը, բոլորս։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ եվրոպական կառույցներում աղմուկը չի որոշում ոչինչ, եվրոպական կառույցներում որևէ բան որոշում են տարիների հետևողական աշխատանքը և ռազմավարությունը:

Ազգային ժողովում չկա Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողով, չկա արտաքին հարաբերությունների հանձնաժողով, չկա ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակություն։ Այն ինչ կա իմիտացիա է, պատրանք։ Հայաստանը երկուսուկես տարում չկարողացավ իր համար պարզել եվրոպական ռազմավարությունը։ Այստեղ միայն իշխանության մեղքը դիտարկել չի կարելի։

Նրանք, ովքեր Ազգային ժողովի նախընտրական ողջ ժամանակահատվածում եվրոպական մոդելի պետության քարոզով էին զբաղված, այսօր բերանքսիվայր հերքում են, որ իրենք երբևէ արևմտամետ ուժ են եղել՝ ամբողջ ուժով բարձրաձայնելով Հայաստանում ռուսական նոր ռազմակայանների մասին։ Հետո էլ ԵԽԽՎ միջանցքներում հայ ռազմագերիներին վերադարձնելու համար գործընկերների հետ աշխատելու փոխարեն ցույց են անում։

Կամ ի՞նչ ենք ակնկալում եվրոպացիներից, երբ ռազմագերիների, պատերազմի, հետևանքների մասին խոսելու փոխարեն ԵԽԽՎ ամբիոնից լծվում ենք Սորոսի, նրա ստեղծած հիմնադրամի մալյանական ոճի ու մակարդակի քննադատությանն ու Ռուսաստանին և Պուտինին Նավալնուց պաշտպանելու քստմնելի միջոցին։ Այս կոնտրաստի պայմաններում եվրոպական կառույցներից ի՞նչ կարելի է ակնկալել, ինչ իրավունքով կարելի է եվրոպացիների առաջ որևէ պահանջ դնել:

Այո, բարոյական առումով մենք իրավացի ենք, Եվրոպան պարտական է իր իսկ հռչակած արժեքների առաջ: Բայց մենք կարող ենք զբաղվել բարոյականությամբ, իսկ աշխարհը զբաղվում է քաղաքականությամբ և իրավիճակը գնահատում շատ ավելի պարզ տրամաբանական չափումներով:

Արման ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ԱԺ անկախ պատգամավոր, Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031