Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տիգրան Հակոբյանի ասածից բխում է, որ մայրաքաղաքային սփռումը «լուզեռների» տիրույթ է». Շավարշ Գեւորգյան

Հունվար 27,2021 15:36

Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի այն պնդումը, թե Ա1+-ը եւ Հ2-ը հնարավորություն ունենալով մասնակցել նաեւ մայրաքաղաքային սլոթերի բաշխմանը` երկրորդ հայտով հրաժարվել են նշել մայրաքաղաքային ծածկույթը, այնինչ հավաքել էին բավարար գնահատականներ, եւ եթե չլինեին հավակնությունները, սխալ հաշվարկները՝ նրանք հեռարձակման հնարավորություն կունենային, Հ2-ի լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գեւորգյանը նշեց. «Ես չգիտեմ սխալ հաշվարկ ասելով Տիգրան Հակոբյանն ինչ նկատի ունի, բայց ի տարբերություն հանձնաժողովի՝ մենք հաշվարկներ չենք անում:

Մենք ցանկություն էինք հայտնել շարունակել հեռարձակվել այն տիրույթում, որտեղ հեռարձակվել ենք ավելի քան 20 տարի: Խոսքը հանրապետական սփռման տիրույթի մասին է»:

Ինչ վերաբերում է Տիգրան Հակոբյանի նշած հավակնություններին, այս մասին էլ Շավարշ Գեւորգյանն ասաց. «Որեւէ ամբիցիա բացասական իմաստով չունենք եւ չենք կարող ունենալ: Մեր համեստ եւ հավասարակշիռ կեցվածքով ավելի քան 20 տարի մեր գործունեությամբ դա ապացուցել ենք: Նախ` պատճառը դա է եղել, որ մենք հանրապետական սփռման հեռուստաալիք ենք եղել եւ ցանկացել ենք շարունակել նույն կերպ հանրապետական սփռմամբ աշխատել:

Իսկ երկրորդ պատճառը, որ մայրաքաղաքային սփռման տիրույթ չենք դիմել, այն է, որ չնվազեցնենք մայրաքաղաքային սփռում իրականացնելու ցանկություն հայտնած մեր գործընկեր հեռուստաընկերությունների շանսերը, ինչը չեն արել մի քանի այլ ընկերություններ, որոնք հավակնել են լինել նաեւ հանրապետական սփռման տիրույթում: Բայց դա իրենց իրավունքն է:

Փաստորեն, Տիգրան Հակոբյանի ասածից բխում է, որ հանրապետական սփռումը ֆուտբոլի հետ համեմատելով` բարձրագույն լիգայի տիրույթ է, իսկ մայրաքաղաքային սփռումը ավելի ցածր լիգայի, այսինքն «լուզեռների» տիրույթ է: Դրանով ինքը վիրավորում է մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերություններին, կարծում եմ, որ դրան իրենք պետք է անդրադառնան»:

Հ2-ի լրատվական ծրագրի ղեկավարն ընդգծեց. «Հեռուստադաշտում եւ լրատվական դաշտում գոյություն ունեցող չափորոշիչներով եւ պատկերացումներով հանրապետական սփռումը եւ երեւանյան սփռումը պետք է ունենան իրենց առաջ դրած տարբեր խնդիրներ, տարբեր հարցեր պետք է լուծեն, այսինքն` հանրապետական սփռում ունեցող հեռուստաընկերությունը մի փոքր այլ բնույթի պետք է լինի, մայրաքաղաքային սփռում ունեցողը մայրաքաղաքի բնակչության պահանջմունքը պետք է բավարարի: Այնպես որ դրանք բարձրագույն լիգայի եւ առաջին լիգայի հետ համեմատելը սխալ է, եթե քո թվանշանները չեն հերիքել բժշկական ինստիտուտ դիմելու համար, գնացել ես համալսարանի կենսաբանության ֆակուլտետ: Կարծում եմ ինքը չարաչար սխալվում է նմանօրինակ համեմատությունն անելով եւ դրանով վիրավորում է մայրաքաղաքային սփռում իրականացնող մեր մյուս գործընկեր կազմակերպություններին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Խոսքի իրավունք» հաղորդաշարի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    ,,Հանձնաժողովը,, Հ2 ազնվական հեռուստաալիքը զրկել է հանրապետական սփռումից,տեղը դրել է ռաբիսական ATV-ն….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031