Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը այսօր «Փաստարկ» ակումբում խոսեց տարածաշրջանում Թուրքիայի ռազմա-քաղաքական չերեւացող առաջնահերթությունների մասին:
«Ես սկզբում ուզում եմ կանգ առնել մի քանի խնդիրների վրա, որոնք, ցավոք, մեզանում քիչ են մեկնաբանվում:
Ի՞նչն է Թուրքիայի այս ծավալապաշտական ագրեսիվ արտաքին քաղաքականության մղիչ ուժը, ի՞նչ խնդիր է իրականում Թուրքիան հետապնդում՝ վարելով այսպիսի քաղաքականություն ամենատարբեր տարածաշրջաններում, ամենատարբեր ուղղություններով: Միայն գաղափարական բացատրությունը բավարար չէ: Այո, Էրդողանի կառավարությունը հետապնդում է պանթյուրքիստական, պանիսլամիստական, նեոօսմանական արտաքին քաղաքականություն: Այսինքն, այս գաղափարական կառույցները, ուսմունքները արտաքին քաղաքականության գաղափարական հենք են: Բայց ես կարծում եմ, որ իրական նպատակը Թուրքիան ավելի բարձր մակարդակի բարձրացնելն է աշխարհաքաղաքական սանդղակում, հասնելը այն բանին, որ Թուրքիան դառնա աշխարհի այն երկրներից, որոնք որոշում են համաշխարհային քաղաքականության օրակարգը, կամ գոնե դրան մոտ են կանգնած: Այսինքն, Թուրքիան ձգտում է քաշային մեկ այլ կատեգորիա բարձրանալ իր այս ագրեսիվ քաղաքականությամբ: Սա ռացիոնալ նպատակ է, բայց հիմքը իմ կարծիքով՝ թույլ է, որովհետեւ Թուրքիայի տնտեսական, ռեսուրսային հեղինակությունն աշխարհում դեռեւս թույլ չի տալիս, որ նա բարձրանա սանդղակի թեկուզ մեկ աստիճանով:
Թուրքիան չի տիրապետում ժամանակակից աշխարհի այն տեխնոլոգիաներին, որոնց տիրապետում է Արեւմուտքը: Եվ այս քաղաքականությունը նպատակ ունի հենց դրա շնորհիվ հասնել այն բանին, որ որոշակի տեխնոլոգիաներ ստանա Արեւմուտքից: Ամենապարզ օրինակը՝ բայրաքթարների հետ կապված: Ըստ էության, նա ինքնուրույն չի կարող առանց արեւմտյան տեխնոլոգիաների դրանք արտադրել: Կամ՝ տարիներ շարունակ Թուրքիայում հայտարարվում է, որ պատրաստվում են արտադրել ժամանակակից կործանիչ ինքնաթիռ, բայց մինչեւ հիմա կարողացել են դրա միայն մակետը սարքել: Այդ ինքնաթիռի շատ եւ շատ բաղադրամասերի, մասնավորապես, շարժիչի համար «Ռոլս-Ռոյսի» հետ է պայմանագիր կնքել: Այսինքն, տեխնոլոգիական առումով, Թուրքիան զգալի զիջում է Արեւմուտքին, դրա համար փորձում է հեղինակությունը բարձրացնելով ստանալ տեխնոլոգիաների ներհոսքը Թուրքիա:
Կարդացեք նաև
Զգալով տեխնոլոգիաների պակասը՝ Թուրքիան ռազմաարդյունաբերական համակարգ է ստեղծում, որի հիմքում փորձում է աստիճանաբար դնել իր արտադրությունները: Սա նոր երեւույթ է Թուրքիայում եւ շատ մեծ նշանակություն է ստացել Էրդողանի կառավարության համար: Ու պատահական չէ, որ նա վերջերս հերթական հայտարարությունն արեց, թե իրենք արդեն կարող են իրենց ուժերով ռազմական նավեր կառուցել, ինչին ես կասկածում եմ:
Սա է Թուրքիայի արտաքին քաղաքականության չերեւացող երեւույթների ընդհանուր գնահատականը»,- ասաց պարոն Սաֆրաստյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ