Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե չլինեին ամբիցիաները, հեռարձակման հնարավորություն կունենային». ՀՌՀ նախագահը «Ա1+»-ի եւ Հ2-ի մասին

Հունվար 27,2021 14:51

«Կանխատեսելով հարցերը` պետք է նշեմ, որ նոր մրցույթը կայացել է ըստ նոր օրենքի, որտեղ գնահատման չափորոշիչները շատ ավելի հստակ են եւ նվազեցնում են հանձնաժողովի անդամների սուբյեկտիվությունը: Արդեն 10 օր է անցել եւ մրցույթից հետո ստացված ազդակները, ուղերձները հասարակությունից, քաղաքական ուժերից, հկ-ներից եւս կարող են ապացույցը լինել, որ մենք անցկացրել ենք առավելագույնս թափանցիկ եւ արդար մրցույթ, որի արդյունքում լիցենզիա են ստացել առավելագույնս ուժեղ, մրցունակ, նախորդ 10 տարվա մեջ իրենց գործողությունները ճիշտ կատարած եւ լավ ծրագիր ներկայացրած հեռուստաընկերությունները»,-«Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում ասաց Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նա հավելեց. «Որեւէ ճնշում, իսկ ճնշումները լինում են ոչ միայն իշխանությունից, այլեւ տարբեր շահագրգիռ կողմերից, քաղաքական ուժերից, հանրային սեկտորից, ֆինանսատնտեսական խմբավորումներից, այս անգամ չի եղել: Բնական է, ցանկացած ոք, քաղաքական ուժ, ինստիտուտ կարող է ներկայացնել իր պատկերացումները կամ իր ցանկությունները, սակայն որեւէ այդպիսի պարտադրանք կամ լոբբինգ մենք չենք տեսել եւ դա եւս շատ կարեւոր առաջխաղացում է, եթե համեմատենք նախորդ մրցույթների հետ»:

Պատասխանելով «Ա1+»-ի վերաբերյալ այն հարցին, որ հեռուստաընկերությունը 20 տարի առաջ փակվեց Ռոբերտ Քոչարյանի հրահանգով, հիմա անցել է այդքան ժամանակ, եւ «Ա1+»-ը կրկին եթեր չի ստանում, արդյոք որեւէ ճնշո՞ւմ է եղել, Տիգրան Հակոբյանն ասաց. «Ուզում եմ բոլորս հասկանանք, որ եթե անցկացվում է մրցույթ, եւ մրցույթի մասնակիցներն ավելի շատ են, քան, օրինակ այն փքաբլիթը, որի համար պայքարում են, լինում են պարտվողներ եւ հաղթողներ: Մրցույթի ամբողջ փիլիսոփայությունը եւ կոնցեպտը դրա մեջ է: Եթե մրցույթին մասնակցում է 10 հավակնորդ, իսկ տեղերի քանակը 8 է, 2-ը այսպես, թե այնպես դուրս են մնում:

Այս անգամ մրցույթում ամբողջ հայեցակարգը, ծրագիրը, մեթոդաբանությունն այլ էր: Ոչ թե տարբեր հաճախականությունների համար էին պայքարում հեռուստաընկերությունները, երբ որ կարող էր լինել հաճախականություն 2 թույլ կամ շատ ուժեղ հեռուստաընկերություն պայքարեին, ու ուժեղներից մեկը թռներ, ինչպես օրինակ ֆուտբոլի կիսաեզրափակչում է լինում, մեզ մոտ պայմանական կար 10 սլոթ, 15 մասնակից, եւ ըստ այդ ցուցակի, առաջին 10-ը կարողացել են տեղ գտնել մուլտիպլեքսում:

Ոչ «Ա1+»-ը, ոչ Հայկական 2-րդ հեռուստաալիքը լիցենզիայից չեն զրկվել: Մեր կանոնակարգերով լիցենզիայից զրկվում են միայն այն ալիքները, որոնք չեն հաղթահարել գնահատականների մինիմալ շեմը, այսինքն` չեն ստացել 2, որը կփակեր իրենց հնարավորությունը ստանալ սլոթ, սովորել բուհում, ստանալ վարորդական իրավունք եւ այլն` համեմատություններ եմ բերում:

Պարզապես եւ Ա1+-ը, եւ Հ2-ը հնարավորություն ունենալով մասնակցել նաեւ մայրաքաղաքային սլոթերի բաշխմանը` երկրորդ հայտով հրաժարվել են նշել մայրաքաղաքային ծածկույթը, այնինչ հավաքել էին բավարար գնահատականներ, որպեսզի այսօր հեռարձակվեին մայրաքաղաքային սլոթում: Եթե չլինեին ամբիցիաները, սխալ հաշվարկները, նրանք հեռարձակման հնարավորություն կունենային»:

ՀՌՀ նախագահը հավելեց, որ երկու հեռուստաընկերությունների միջեւ մի փոքր տարբերություն կա մոտիվացիայի առումով. «Ցավոք, այդ գիծը «Ա1+»-ի ղեկավարի ելույթներում հնչում է: Ես մի քանի անգամ ասել եմ, որ կիսելով հանրության մեծամասնության այն կարծիքը, որ «Ա1+»-ը ժամանակին լինելով որակյալ, անկախ, բազմազան հեռուստաընկերություն` ոչ արդար կերպով զրկվել է լիցենզիայից: Ղեկավարի ելույթներում հնչում էր այդ միտքը, որ հաշվի առնելով անցյալը, այսօր կարելի է քաղաքական որոշում ընդունել եւ հաշվի առնելով այն անարդարությունները` տրամադրել այդ սլոթը «Ա1+»-ին, ինչը որպես փիլիսոփայություն եւ որպես մոտեցում մեզ համար մերժելի է: Ես քանիցս կրկնել եմ, որ շտկելով նախորդ անարդարությունը` չի կարելի նոր անարդարություններ անել: Իսկ հանրապետական ծածկույթի համար «Ա1+»-ի ծրագիրը թույլ էր»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031