Երեկ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Արարատում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է․«Եթե սահմանադրական ճանապարհն արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անել, ու դա ժողովրդի բնական իրավունքն է։ Սա մեր երկրի ապագայի հարցն է»։ Վազգեն Մանուկյանը պարզաբանել է ապստամբություն ասելով՝ ինչ նկատի ունի․ «Շենքեր գրավել եւ զոռով իշխանություն փոխել՝ առանց ֆիզիկական բռնության իհարկե»։
Այսօր լրագրողները կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանի հետ ճեպազրույցում հետաքրքրվեցին՝ արդյոք տեղյակ են այս հայտարարության մասին եւ ինչ քայլեր են ձեռնարկում։ Պարոն Ֆիդանյանն ի պատասխան հարցի՝ ասաց․ «Մենք մշտապես ապահովում ենք թե՛ հասարակության, թե՛ կարեւորագույն օբյեկտների անվտանգությունը, տվյալ կառույցների պաշտպանությունը մշտական գործընթաց է»։
Կարդացեք նաև
Արդյոք այդ հայտարարությունը հանցակազմ է պարունակում հարցին էլ փոխոստիկանապետը պատասխանեց․«Չեմ կարող ասել, դա հետագայում ավելի պարզ կլինի»։
Հարցին ի պատասխան՝ ինչո՞ւ 2018 –ին ոստիկանությունը չապահովեց պետական պահպանվող շենքը՝ ռադիոտունը, երբ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներով ներխուժեց շենք, փոխոստիկանապետը հորդորեց այդ հարցն ուղղել այն ժամանակվա պատասխանատու անձանց։
Պարոն Ֆիդանյանն ասաց, որ ոստիկանությունը քաղաքական գնահատական երբեւէ չի տալիս։
Արդյոք կա անհրաժեշտություն Վազգեն Մանուկյանի հայտարարությունից հետո նրան հրավիրել ոստիկանություն, բացատրական աշխատանք տանել, պարոն Ֆիդանյանը պատասխանեց․«Չեմ կարող մանրամասնել, բայց վստահեցնում եմ, որ մեր կողմից անհրաժեշտ բոլոր գործողությունները կիրականացվեն: Եթե անհրաժեշտությունը լինի, իհարկե կհրավիրվի։ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների դիսպոզիցիան հստակ տրամադրում է, թե ինչ են իրենցից ներկայացնում համապատասխան գործողությունները եւ դրանց քրեաիրավական գնահատականը տալու համար հիմքեր են անհրաժեշտ։ Եթե ունենք նման հիմքեր, ռիսկեր, նշված ռիսկը հիմք է ներկայացնում, մենք միանշանակ կձեռնարկենք անհրաժեշտ միջոցառումները»։
Փոխոստիկանապետը նաեւ նշեց, որ այդ հայտարարությանը մանրամասն տեղյակ չէ, թե ինչ բնույթի է, եթե լինեն ռիսկեր, քրեաիրավական գնահատական կտան։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ