Ի՞նչ են նախատեսել Փաշինյանի համար Արևմուտքում ու Ռուսաստանում․ Հայաստանին սպառնացող վտանգները
Բայդենի երդմնակալության և Նավալնիի Ռուսաստան վերադարձի օրերի համընկնումը պատահական չէր:
Սա յուրօրինակ «Ավրորայի կրակոցի» մեսիջ էր բոլորի համար, որ Արևմուտքում գալիս է նոր աշխարհաքաղաքական թրենդ, որն էական ազդեցություն է ունենալու նաև մեր տարածաշրջանի համար:
Ընդորում, այս տիրույթում Արևմուտքի ուշադրության կենտրոնում են լինելու հիմնականում Ռուսաստանի իրադարձությունները: Այդ տեսանկյունից ուկրաինական կամ հայկական զարգացումները Արևմուտքում դիտարկվում են որպես ռուսականին ածանցյալ գործընթացներ:
Կարդացեք նաև
Հենց այդ տեսանկյունից էլ Նիկոլ Փաշինյանի ճակատագրի վերաբերյալ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանն ունեն իրենց մոտեցումները:
Ո՞րն է Արևմուտքի մոտեցումը Փաշինյանի հեռանկարի վերաբերյալ
Արևմուտքում Փաշինյանին դիտարկում են որպես «դուրս գրված գործիչ»: Քանզի պատերազմի արդյունքներից հետո նա այլևս լուրջ դերակատարություն չի կարող ունենալ հայաստանյան քաղաքական թատերաբեմում: Սակայն, այլ կարող է լինել նրա հեռանկարը, ըստ արևմտյան կենտրոնների, եթե նա մասնակցի իրենց ծրագրերի մեջ՝ կապված Նավալնու հետ:
Մասնավորապես, Արևմուտքում խորհուրդ են տալիս Փաշինյանին արագ, մինչև սույն թվականի սեպտեմբեր Հայաստանում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե Փաշինյանը կարողանա գնալ այդ քայլին, ապա Արևմուտքում խոստանում են ամեն գնով աջակցել նրա վերընտրությանը: Քանզի նրա հաղթանակը լրացուցիչ լիցք կարող է փոխանցել Նավալնիի կողմնակիցներին սեպտեմբերյան ընտրություններից առաջ:
Արևմուտքում փորձում են համոզել Փաշինյանին, որ Ռուսաստանում Նավալնիի հաղթանակի դեպքում նրա դիրքերը Հայաստանում լրջորեն կամրապնդվեն և Նավալնի–Փաշինյան զույգը կդառնա նաև Արևմուտքի լավ բարեկամը:
Ըստ արևմտյան կենտրոնների, եթե Փաշինյանը չգնա այդ քայլին կամ չկարողանա վերընտրվել, ապա Արևմուտքում վերջնականապես խաչ կքաշեն նրա հեռանկարի վրա և նա կունենա անփառունակ ավարտ:
Ի՞նչ են առաջարկում Փաշինյանին ռուսները
Ռուսներն առաջարկում են Փաշինյանին իր քաղաքական հեռանկարի երեք տարբերակ:
Տարբերակ առաջին
Փաշինյանը հրաժարական է տալիս և իր տեղն զբաղեցնում է բոլորովին նոր գործիչ, ով կապված չէ նաև ներկայիս հայաստանյան ընդդիմության հետ: Ըստ այդ սցենարի, Փաշինյանն ու իր ընտանիքը տեղափոխվում են Մոսկվա և ստանում անվտանգության լուրջ երաշխիքներ անձամբ Պուտինի կողմից: Իսկ Հայաստանում հերթական ընտրություններն անցկացվում են 2023 թվականին, ինչպես որ նախատեսված է ՀՀ սահմանադրությամբ: Հայաստանյան քաղաքական շրջանակների հետ այդ սցենարի համաձայնեցումը Պուտինի անունից իր վրա կարող է վերցնել անձամբ Հայաստանում ՌԴ դեսպանը:
Տարբերակ երկրորդ
Փաշինյանը կազմակերպում է արտահերթ ընտրություններ երբ ցանկանում է, սակայն ինքը նախապես հրաժարվում է վարչապետի պաշտոնից: Այդ սցենարը շատ նման է այն տարբերակին, ինչ առաջարկում են Հայրենիքի փրկության շարժումը, ԼՀԿ-ն, ՀՀ նախագահը և այլն:
Տարբերակ երրորդ
Փաշինյանն անցկացնում է արտահերթ ընտրություններ, սակայն սույն թվականի սեպտեմբերից հետո: Այսինքն, երբ ավարտվեն Ռուսաստանի Պետական Դումայի ընտրությունները:
Սակայն, այս տարբերակում Մոսկվան ոչ մի երաշխիք չի տալիս Փաշինյանին։
Մոսկվան նաև նախազգուշացնում է Փաշինյանին, որ եթե նա վարչապետական լիազորությունները պահպանելով գնա արտահերթ ընտրությունների մինչև սեպտեմբեր, այսինքն՝ փորձի իրականացնել Արևմուտքի սցենարը, ապա Ռուսաստանը բաց ձևով աջակցելու է Փաշինյանի հակառակորդներին հնարավոր բոլոր միջոցներով: Քանզի, պարզաբանում է Մոսկվան Փաշինյանին, Ռուսաստանը չի կարող հանդուրժել Հայաստանում «հայկական Նավալնիի» իշխանություն, երբ նույն Արևմուտքը ամեն գնով փորձելու է ռուսական Նավալնիի ձեռքերով ապակայունացնել իրավիճակը ՌԴ-ում:
Ի՞նչ կլինի, եթե Փաշինյանին հաջողվի արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրվել
Եթե Փաշինյանին հաջողվի իրականացնել իր այդ ծրագիրը, ապա հայ-ռուսական հարաբերություններում կառաջանա յուրօրինակ ներպետական հարաբերությունների casus belli, որից անմիջապես կարող են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը:
Ընդորում, եթե սեպտեմբեր-հոկտեմբերին նրանք դա իրականացրին Ղարաբաղում, ապա այս պարագայում բախումների թատերաբեմը կդառնա բուն Հայաստանի տարածքը:
Իհարկե, Մոսկվային դա աշխարհաքաղաքական տեսանկյունից շահավետ չի լինի, սակայն դասակարգային առումով Պուտինը չի կարող պայքարել ռուս Նավալնիի դեմ և միաժամանակ աջակցել «հայ Նավալնիին»: Սա քաղաքագիտական նոնսենս է:
Ահա թե ինչու 1920 թվականին Բոլշևիկյան Ռուսաստանը, որը գտնվում էր Անտանտի հետ հակամարտության մեջ, պայքարում էր սեփական՝ ռուս էսեռների դեմ ներքին կյանքում, չէր կարող աջակցել դաշնակցական Հայաստանին, ով պատերազմի մեջ էր Թուրքիայի հետ և դաշնակցային հարաբերություններ ուներ բոլշևիկների թշնամի Անտանտի հետ:
Հենց դրա համար էլ Բոլշևիկյան Ռուսաստանը, գնալով իր աշխարհաքաղաքական շահերի դեմ, զոհաբերեց Կարսի նահանգը քեմալական Թուրքիային: Քանզի նման իրավիճակներում «դասակարգային» և իշխանական խնդիրը ավելի բարձր է դասվում, քան աշխարհաքաղաքական հարցը: Սա քաղաքագիտական դասական նորմ է, որն աշխատել է և աշխատում է բոլոր երկրներում:
Այսինքն, եթե Փաշինյանին հաջողվի, իրականացնել արտահերթ ընտրություններ մինչև սեպտեմբեր, ապա դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ արդեն ողջ Հայաստանի համար, որի հետևանքները կարող են համեմատելի լինել 1915-ի կամ 1920 թվականի հետևանքների հետ:
Հոդվածի առաջին մասը՝ այստեղ։
Երվանդ ԲՈԶՈՅԱՆ
Քաղաքական մեկնաբան