«Նախորդ տարին որպես լավ բնութագրել հնարավոր չէ, որովհետեւ ծանրագույն տարիներից մեկն էր մեր նորագույն պատմության մեջ, սակայն Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը բավականին մեծ ծավալի գործ է արել: Մենք փորձել ենք այնպես կազմակերպել աշխատանքները, որ ոչ համաճարակը, ոչ պատերազմը չազդեն հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության վրա»,- «Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում նշեց Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Արդյունքների մասին խոսելիս` նա ասաց, որ ընդունվել է Տեսալսողական մեդիայի մասին օրենքը, որը նրա ձեւակերպմամբ՝ իդեալական չէ, եւ ինչպես ցանկացած օրենք՝ արտահայտում է այսօրվա միջավայրի առաջնահերթությունները, սակայն, այն ավելի ազատական եւ նպաստավոր է հեռարձակող կազմակերպությունների համար:
«Ազատականացվել է ռադիոյի հեռարձակման բնագավառը, Հայաստանն այսօր FM տիրույթում ինչքան ազատ հաճախականություն ունենա մայրաքաղաքում եւ մարզերում, ցանկացած հեղինակազորված կազմակերպություն կարող է դիմել եւ ստանալ ռադիոլիցենզիա: Մինչեւ փետրվարի վերջ պատրաստվում ենք հայտարարել ռադիոհաճախականությունների մրցույթ»,-ասաց Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահը:
Նա վստահեցրեց, որ ազատականացվել է նաեւ մասնավոր մուլտիպլեքսների դաշտը. «Եթե առաջ հին օրենքով հնարավոր էր բացել միայն հանրապետական ծածկույթի մասնավոր մուլտիպլեքս, ինչը բավականին մեծ ներդրումներ էր պահանջում, նաեւ սոսկալի մեծ պետական տուրք էր դրված, ապա նոր օրենքով, (իսկ ԱԺ-ը շուտով փոփոխություններ կմտցնի Լիցենզավորման մասին օրենքում, եւ 50-60 անգամ կպակասի այդ գումարը), հնարավորություն կստեղծվի մասնավոր մուլտիպլեքսներ կառուցել առանձին մարզերում, ինչը նվազ քանակությամբ ներդրումներ է պահանջում: Դա կլուծի մարզերում տարբեր հեռարձակողների, որոնք լիցենզավորված չեն, հեռարձակում ապահովելու հնարավորությունը:
Կարդացեք նաև
Նաեւ պարզեցվել է ցանցային օպերատորների գործունեությունը, եթե առաջ բազմաստիճան եւ շատ բարդ ընթացակարգ էր, որն ամիսներ էր տեւում, այսօր այդ գործընթացը հեշտացել է, եւ օրենքի ընդունումից հետ մինչեւ տասնյակի հասնող կազմակերպություններ դիմել են հանձնաժողով եւ թույլտվություն են ստացել:
Օրենքից բխող տասնյակ նորմատիվ ակտեր ենք ընդունել` կանոնակարգելու համար հեռուստա եւ ռադիոընկերությունների աշխատանքները: Նախորդ տարի ստացանք մշտադիտարկման նոր, արդիական համակարգ, որը թույլ է տալիս շատ ավելի արդյունավետ մշտադիտարկել հեռարձակողների եթերը, այն նաեւ մեքենայացնում է չափումների ծանր աշխատանքը` տարբեր ժանրերի հաղորդումների հեռարձակման եւ մեծացնում է մշտադիտարկվող հեռուստա եւ ռադիոընկերությունների քանակը»:
Տիգրան Հակոբյանի խոսքով, իրենք գրագետ մասնակցություն ունեցան եւ փոխադարձ համաձայնության մթնոլորտում հեռուստա եւ ռադիոընկերությունների հետ կարողացան աշխատել նաեւ համավարակի պայմաններում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ