Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության ղեկավարը երկրի գլխավոր դիվանագետն է, բայց ո՞վ է տեսել, որ պետության ղեկավարը հայտարարություններ անի թշնամու օգտին

Հունվար 27,2021 14:00

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ վերջին պատերազմում 44 օր մենք «հաղթում» էինք և մեկ էլ առավոտյան զարթնեցինք՝ ամենախայտառակ ձևով պարտված ու հանձնված։

«Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ասողն այժմ հայտարարում է՝ «Արցախն Ադրբեջան է, և վե՛րջ»։

Այո՛, հենց դա է նշանակում ՀՀ «վարչապետի» խոսքը, թե՝ Շուշին ադրբեջանական քաղաք է։

Սա սխալմունք կամ վրիպում չէ, այլ կանխամտածված քաղաքական հայտարարություն՝ ի աջակցություն Արցախը ոտնատակ տված Ի. Ալիևի։

Շուշիի պատկանելության վերաբերյալ այս հայտարարության մասին կարելի է խոսել մի քանի տեսակետից՝ պատմական, ժողովրդագրական, մշակութային, բարոյական, հոգեբանական, դիվանագիտական, իրավական, քաղաքական…

Պատմական տեսակետ։ Շուշին միշտ եղել է հայկական քաղաք։ Շուշի (Շուշու) անունով բնակավայրի մասին առաջին գրավոր վկայությունը 1428 թվականից է (Շուշիում ընդօրինակված մի հայերեն ձեռագրի հիշատակարանում)։ Բայց ըստ հնագիտական տվյալների՝ այդ բնակավայրը գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից (առնվազն 3000 տարի առաջվանից)։ Եղել է Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում։ Հետո Շուշիի վրայով եկել ու գնացել են տարբեր նվաճողներ ու ասպատակողներ։ Վերջինը թուրքերն են, որ վտարվել էին Արցախի մեծ մասից, բայց դավաճանների մեղքով հետ եկան։

Ժողովրդագրական տեսակետ։ Շուշին իր հիմնադրման օրից մինչև 1920 թ. եղել է միայն կամ հիմնականում հայաբնակ։ Ադրբեջանցիների նախնիները (կովկասյան թաթարները կամ թուրքերը) այնտեղ սկսել են բնակվել 1750-ականներից (երբ Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարին պատկանող Շուշիին խարդավանքներով տիրացավ թուրք Փանահ խանը և դարձրեց Ղարաբաղի խանության կենտրոն)։ 1880-ական թթ. թուրք-թաթարների քանակը քաղաքում հասել էր 40 %-ի (թեև դա չէր խանգարում, որ Շուշին լինի հայկական մշակութային ծաղկուն կենտրոն)։

1920 թ. պերճաշուք Շուշիի հայության կոտորածից հետո այդ ավերված, անշքացած ու կիսալքված բնակավայրում հայերն արդեն փոքրամասնություն էին։ Դա տևեց մինչև 1988 թ., երբ Շուշին բռնի հայաթափվեց։ Չորս տարի անց ազատագրված Շուշիում, ընդհակառակը, այլևս ադրբեջանցի չկար։

1992-2020 թթ. (28 տարի շարունակ) Շուշին զուտ հայաբնակ էր ու վերակառուցվում, շքեղանում էր։ 2020 թ. պատերազմի հետևանքով Շուշին կրկին հայաթափվեց։

Այժմ ամայացած Շուշին արցախյան (հայկական) գրավյալ քաղաք է։ Իր գոյության մեծագույն մասում նա եղել է զուտ կամ առավելապես հայաբնակ։ Ընդամենը 72 տարի է եղել զուտ կամ առավելապես ադրբեջանաբնակ։ Հետևաբար` ՀՀ «վարչապետն» իր խայտառակ խոսքով չարամտորեն կեղծել է պատմությունը հօգուտ մեր թշնամու։ Ադրբեջանցիները հիմա, Նիկոլի խոսքերը դրոշ դարձրած, ցնծում են և ավելի լկտիանում, ավելի հայատյաց դառնում՝ հավակնելով ամբողջ Հայաստանի նվաճմանը։ Նիկոլի այս արարքը պետական ու ազգային դավաճանություն է (չնայած նրա ո՞ր արարքը վերջին հաշվով դավաճանություն չէ)։

Մշակութային տեսակետ։ Միջնադարում Շուշիում ընդօրինակվել են հայերեն ձեռագրեր, գործել է դպրոց, կառուցվել եկեղեցի, բերդապարիսպներ։ 19-րդ դարի 20-ականների սկզբից Շուշին վերածվել է հայկական մշակութային աշխույժ կենտրոնի՝ տարածաշրջանում իր նշանակությամբ զիջելով միայն Թիֆլիսին և Բաքվին։ Հիմնադրվել են 4 տպարան, ուսումնական տարաբնույթ հաստատություններ, թատրոն, ավելի քան 2 տասնյակ լրատվամիջոցներ, գրադարաններ, գործել է 6 եկեղեցի։ Շուշին նշանավոր է եղել իր յուրօրինակ ճարտարապետությամբ, քաղաքացիական, ռազմական ու պաշտամունքային շինություններով։ Արցախի անկախության տարիներին ստեղծվել են թանգարաններ, պատկերասրահ և այլն։

Բարոյական տեսակետ։ Որքանո՞վ է բարոյական ջարդված, նվաստացած, թևաթափ ժողովրդին ավելի նվաստացնել թշնամական հայտարարություններով, հայրենասիրական ամենազգայուն լարերը ցավեցնելով։ Երբ դա անում է Ի. Ալիևը, հասկանում ենք։ Բայց երբ Նիկոլն ու իր ուսապարկից դուրս եկածներն են դավաճանաբար անում, դա արդեն ազգային ու պետական խայտառակություն է, որ իրավունք չունենք հանդուրժելու։

Հոգեբանական տեսակետ։ Ինչպես երևում է, ՀՀ «վարչապետն» այնքան է ատում հայ ազգը, որ մտադիր է ադրբեջանցիների ձեռքով իսպառ ոչնչացնել թե՛ Հայաստանը, թե՛ հայերին։ Ոգևորված ադրբեջանցիները աշխարհի բոլոր ծայրերում գրոհի են անցել հոգեպես տրորված ու խեղճացած հայերի դեմ։ Իսկ Նիկոլը իր արտառոց արարքներով շարունակ ոգեշնչում է կատաղած ադրբեջանցիներին։ Հանձին Նիկոլի՝ ադրբեջանցիները տեսնում են իրոք ոչնչություն հայի և նրան նույնացնելով ցանկացած հայի հետ՝ ցանկանում են ոչնչացնել բոլորին։ Մանավանդ որ ոչ մի հայ չի փորձում Նիկոլի մազին անգամ դիպչել։ Ինչպես երևում է, ադրբեջանցիները չեն հանգստանա, քանի դեռ Նիկոլը վարչապետ է և չի կրել իր արժանի պատիժը։

Դիվանագիտական տեսակետ։ Հ. Ալիևն ասում է՝ Երևանը, Սյունիքը, Գեղարքունիքը ադրբեջանական պատմական հողեր են, իսկ Նիկոլն ասում է՝ Շուշին էլ է ադրբեջանական, ձեզ հալալ լինի… Պետության ղեկավարը երկրի գլխավոր դիվանագետն է, բայց ո՞վ է տեսել, որ պետության ղեկավարը հայտարարություններ անի թշնամու օգտին։ Նիկոլը չի մոռացել, որ մինչև 1920 թ. հիմնականում հայաբնակ Շուշին 90 %-ով ադրբեջանաբնակ դարձավ հայերի կոտորածի, այսինքն՝ ցեղասպանության հետևանքով։ Պարզապես նա անտեսում է այն փաստը, որ ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցանք, վաղեմության ժամկետ չունի, և նախընտրում է այդ ողբերգական փաստն ընդունել իբրև իրողություն ու Շուշիի հարցը համարել փակված՝ հօգուտ Ադրբեջանի. «Շուշին Հայաստան չէ, և վե՛րջ, 1992-ին մենք սխալմամբ ազատագրեցինք Շուշին, ու լավ է, որ հիմա հետ տվինք։ Հոկտեմբերի 18-ին չհամաձայնեցի պատերազմը կանգնեցնելուն, որովհետև Շուշին դեռ չէի հանձնել»։

Արդ հասկանալի է, թե ինչու «Հայոց պատմություն» դպրոցական առարկայի նոր չափորոշիչներ կազմող նիկոլական թիմը առաջարկում է հրաժարվել Արևմտյան Հայաստան անվանումից և դա փոխարինել Արևելյան Անատոլիա հորջորջումով։ Որովհետև, ըստ նիկոլականների, Հայոց մեծ եղեռնով ընդմիշտ լուծվել է հայկական հարցը, ու «Արևմտյան Հայաստանն այլևս Հայաստան չէ, և վե՛րջ»։ Այսինքն՝ Նիկոլն արդարացնում է հայոց ցեղասպանությունը, դա համարում է հարցի լուծման ընդունելի ձև և առաջարկում հաշտվել այդ փաստի հետ։ Չեմ զարմանա, եթե նա Բայդենի վարչակազմին խնդրի հրաժարվել 1915-ի ցեղասպանությունը ճանաչելու խոստումից։

Իրավական տեսակետ։ Ո՞վ է տեսել, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի պետական պաշտոնյան (այն էլ բարձրագույն) պարտվողական-հանձնողական քաղաքական հայտարարություն անի թշնամու օգտին։ Կարգին երկրում այդպիսի պաշտոնյային անմիջապես պաշտոնանկ կանեին և քրեական պատասխանատվության կենթարկեին պետական դավաճանության մեղադրանքով։ ՀՀ «վարչապետի» հանրահայտ պատասխանը Նաիրա Զոհրաբյանին նաև ակամա խոստովանություն է այն մասին, որ ինքը հոկտեմբերի 18-ին չի համաձայնվել պատերազմը կանգնեցնելու Վ. Պուտինի առաջարկին՝ դառնալով հազարավոր նոր զոհերի, վիրավորների, գերեվարումների, նորանոր տարածքների հանձնման պատճառ։

Քաղաքական տեսակետ։ Ո՞վ է տեսել, որ պետության ղեկավարը, ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորը իրեն հաղթած ու նվաստացրած չարանենգ ոսոխին խրախուսող, արդարացնող ու ոգևորող հայտարարություններով դարձյալ քսի տա իր երկրի վրա… Ա՜յ քեզ պատուհաս…

Ասում են՝ գողը որ տնից լինի, եզը երդիկից էլ կհանեն…

Ժաննա Զոհրաբյան

մանկավարժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031