Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեմենտի ներմուծումը ՀՀ ժամանակավորապես կարգելվի

Հունվար 27,2021 13:18

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց ժամանակավոր արգելել ցեմենտի ներմուծումը Հայաստան։ Օրակարգում ընդգրկված որոշման նախագիծը չզեկուցվող էր, նախագծի հեղինակը՝ էկոնոմիկայի նախարարությունը։

Ըստ նախագծի հիմնավորման, որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի՝ ցեմենտի ներքին շուկայի եւ տեղական արտադրությունը պաշտպանելու, նաեւ ցեմենտի ներմուծման հետ կապված կարգավորումները Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

Նախագծում նշված է՝ ցեմենտի ներքին շուկան հետագայում էլ ցածր գներով ներմուծվող ցեմենտից պաշտպանելու, տեղական ցեմենտի արտադրությունը զարգացնելու նպատակով առաջարկվում է հիմք ընդունել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) Հոդված 47-ով սահմանված դրույթը, համաձայն որի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները 3-րդ երկրների հետ առեւտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ:

Ցեմենտի ներմուծման սահմանափակումը, նախագծի համաձայն, չի հակասում ՀՀ-ի՝ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, ուստի վերը նշված ոչ սակագնային կարգավորման միջոցները պարբերաբար կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետություններում տեղական շուկան պաշտպանելու նպատակով՝ սահմանափակելով տարբեր ապրանքների ներմուծումը կամ արտահանումը:

Նախագծում օրինակ են բերվում ԵԱՏՄ երկրները․«Բելառուսի Նախարարների Խորհրդի 09.07.2019թ. N 459 որոշմամբ սահմանափակվել է 3-րդ երկրներից Բելառուսի Հանրապետություն պորտլանդ-ցեմենտի ներմուծումը, իսկ Ղազախստանը ժամանակավորապես արգելել է 3-րդ երկրներից ցեմենտի ներմուծումը։ Առաջարկվում է նշված կարգավորումները ժամանակավորապես կիրառել նաեւ Հայաստանում՝ պայմանագրով սահմանված է առավելագույնը 6 ամիս ժամկետով, հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ»։

Նախագծի հեղինակները վստահեցնում են՝ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը, կապահովվի տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեությունն ու կպաշտպանվի ցեմենտի տեղական շուկան, ներմուծման փոխարեն կզարգանա տեղական արտադրությունը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031