Պատերազմում վիրավորում ստացած անձանց կհատկացվի միանվագ սոցիալական աջակցություն։ Այս մասին որոշումը այսօր հաստատվեց կառավարության նիստում։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացնելով որոշման նախագիծն, ասաց, որ պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած անձանց նախատեսվում է հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն՝ 500 հազար դրամի չափով, բացառությամբ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, քանի որ նրանք արդեն իսկ օրենքով սահմանված կարգով հնարավորություն ունեն եւ ստանում են ֆինանսական աջակցություն։
Նախարարի խոսքով՝ այս կարգավորմամբ վիրավորում ստացած զինծառայողների շարքում ներառվում են բոլոր անձինք, ոչ միայն ժամկետային զինծառայողները, այլ աշխարհազորը, կամավորականները․ «Այսինքն՝ բոլոր այն անձինք, ովքեր ստացել են վիրավորում եւ որոշ ժամանակով անցել են բուժական գործընթաց, այդ անձանց առկա բազայի հիման վրա առաջարկվում է իրականացնել այս միջոցառումը։ Նպատակն այն է, որ թեեւ որոշ անձանց մոտ վիրավորումները բավական թեթեւ են եղել հիմնականում, սակայն այդ անձինք նաեւ որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության խնդիր են ունեցել, սրանով փորձում ենք այդ սոցիալական խնդիրները կարգավորել։ Համաձայն մեզ փոխանցված տեղեկությունների՝ միջոցառման շահառու կհանդիսանան մոտ 6000 քաղաքացի, բացառությամբ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, այսինքն՝ ծանր վիրավորումներ ստացածների, որոնց թիվը, մեր ուսումնասիրություններով չի գերազանցում 1000-ը։ Այս պահին 200-ից ավելի քաղաքացի անցել է բժշկասոցիալական փորձաքննություն եւ ստացել է հաշմանդամության խումբ։ Ամպուտացված քաղաքացիների թիվը չի գերազանցում 120-ը, որոնք կարիք են ունենալու պրոթեզավորման»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ