Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել Ռուսաստան․ նախարարը ներկայացրեց պայմանները

Հունվար 27,2021 12:25

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր կառավարության նիստում ներկայացրեց, թե ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները կորոնավիրուսի թեստ հանձնել եւ մեկնել Ռուսաստան։

Ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվել են մի շարք լաբորատորիաներ, եւ սահմանված կարգում, ինչպես ասաց նախարարը, մանրամասն տրված են բոլոր այն չափորոշիչները, որոնց պետք է համապատասխանի լաբորատորիան՝ ընդգրկվելու այս հավելվածով աշխատելու համար․ «Քաղաքացին, ներբեռնելով իր հեռախոսի մեջ համապատասխան հավելվածը`Путешествую без COVID, այս հավելվածը հեշտ կարելի է գտնել ե ներբեռնել, հավելվածում նշված են այն լաբորատորիաները, որոնք գործում են այս կարգի համաձայն եւ ընդգրկված են ծրագրում։ Քաղաքացին պետք է գնա հավելվածում ընդգրկված լաբորատորիա, հանձնի թեստ եւ թեստի արդյունքները QR կոդով կարդացվում են համապատասխան ծրագրով: Եվ հավելվածում թեստի բացասական արդյունքում կանաչում է նրա ազատ տեղաշարժի պատուհանը, եւ քաղաքացին կարողանում է հատել սահմանը։ Ուղղակի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ հավելվածն իրենց հեռախոսում աշխատում է, որ թեստի պատասխանը կատարված է առնվազն 72 ժամվա ընթացքում եւ ունենալով այդ դրական կանաչ պատուհանը՝ միայն այդ դեպքում կարող են ճամփորդել»։

Ծրագիրն արդեն անցել է նախափորձարկման փուլը, արդեն վեց հոգի ամբողջ գործընթացն անցել են եւ ամսի մեկին եւս երկու-երեք լաբորատորիա կընդգրկվեն: Ըստ նախարարի, ընթացքում գուցե ինչ-որ տեխնիկական փոփոխություններ լինեն, ծրագիրն ուժի մեջ է մտնելու այս տարվա փետրվարի 1-ից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց՝ սա ենթադրում է, որ թռիչքները դեպի ՌԴ կընդլայնվեն, չվերթները կավելանան այս փաստի բերումով։

Վարչապետն ասաց, որ սա շատ կարեւոր ծրագիր է, նա շնորհակալություն հայտնեց ԵԱՏՄ գործընկերներին եւ ՌԴ կառավարությանը՝ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության համար․ «Սա եղել է ՀՀ կառավարության նախաձեռնությունը, որն աջակցություն է ստացել գործընկերների կողմից։ Եվ Եվրասիական բանկը ֆինանսավորել է այս ծրագիրը։ Որոշումը կայացված է, միայն մնում է տեխնիկապես համոզվենք, այսինքն, համոզված ենք, ուղղակի մեծ հոսքերի դեպքում պետք է փորձարկվի, բայց տեխնիկական խնդիրները կլուծվեն եւ օդային հաղորդակցությունը ժամանակի ընթացքում լիարժեք կվերականգնվի: Հույս ունեմ, որ փետրվարի վերջ- մարտի սկզբին կունենանք նախորդ ամբողջ ուղեւորափոխադրումների ծավալը, ինչը կարեւոր է եւ Հայաստանի համար: Կարեւոր է ոչ միայն արտագնա աշխատանքի մեկնողների տեսանկյունից, այլ նաեւ զբոսաշրջային ոլորտի համար չափազանց կարեւոր որոշում է»։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը սահմանափակումները վերացրել էր, եւ Հայաստան ժամանողները կարող էին հենց օդանավակայանում հանձնել թեստ կամ ունենալ 72 ժամ առաջ կատարված թեստի պատասխան, նույնը՝ ցամաքային սահմանահատման դեպքում է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031