Լրահոս
Օրվա լրահոսը

Հարեւան Թեհրանի հետպատերազմյան վախերն ու ուրախությունը

Հունվար 27,2021 11:00

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ու Իսրայելի հետ ջերմ հարաբերություններ ունեցող Ադրբեջանը վտանգ են ներկայացնում Իրանի համար

Հունվարի 25-ից մեկնարկեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային շրջագայությունը: Բաքուն Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի առաջին կանգառն էր: Զարիֆը կմեկնի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, այնուհետեւ Թուրքիա, որով էլ կավարտվի նրա տարածաշրջանային այցը:

Թեհրանը մտադիր է մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին, Բաքվում հայտարարեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում։
«Ձեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը, օկուպացիային վերջ դնելը, ինչպես նաեւ ադրբեջանցիների՝ իրենց հարազատ հողերը վերադառնալու հնարավորության ստեղծումը կկարգավորի իրավիճակը, եւ Իրանը ցանկանում է օգտակար լինել այդ հարցում։ Մենք ոչ միայն ձեր ընկերն ենք, այլ նաեւ մերձավոր հարեւանը»,- նշել է Զարիֆը եւ շնորհավորել ադրբեջանցի ժողովրդին տարածքների ազատագրման կապակցությամբ, հույս հայտնելով, որ դա թույլ կտա կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի երկրների միջեւ։

Իր հերթին Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանն ուրախ կլինի իրանական ընկերություններին տեսնել ազատագրված տարածքները վերականգնող ընկերությունների կողքին։ «Դա բնական է, քանի որ ես արդեն ասել եմ, որ այդ աշխատանքներում կներգրավվեն միայն մեզ համար բարեկամ երկրների ընկերությունները։ Անխոս, Իրանի ընկերություններն ունեն նման առավելություն», – շեշտել է Ադրբեջանի նախագահը։

Տարիներ շարունակ Թեհրանն իր միջնորդությունն էր առաջարկում Ղարաբաղյան հակամարտության կողմերին: Դեռ 1990-ականներին ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, հայտնի է, որ Իրանը նախաձեռնեց միջնորդական առաքելություն, սակայն Շուշիի ազատագրմամբ՝ այդ միջնորդությունը ձախողվեց:

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ողջ ընթացքում Իրանը պարբերաբար իր միջնորդությունն էր առաջարկում, սակայն կողմերը դիվանագիտորեն գնահատում էին հարեւան Իրանի «չեզոք դիրքորոշումը», եւ այդքանով սահմանափակվում:
44-օրյա պատերազմի ընթացքում եւս Թեհրանը պարբերաբար իր օգնությունն էր առաջարկում պատերազմող կողմերին՝ հաշտեցման հարցում: Հայտնի դարձավ, որ անգամ Իրանի իշխանությունները հակամարտության կարգավորման հատուկ պլան են մշակել, որը ներկայացրել էին Հայաստանին եւ Ադրբեջանին, սակայն դրան էլ կողմերը ընթացք չտվեցին։

Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանակցող Իրանի համար էլ, վստահաբար, հեշտ չէր դրությունը: Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ողջ ընթացքում ասվել է, որ Թեհրանը դեմ է մեր տարածաշրջանում օտարերկրյա խաղաղապահների առկայությանը:

Ի՞նչ ունենք այսօր՝ պատերազմից հետո ռուս խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղում, եւ որ Թեհրանի համար ամենավտանգավորն է՝ Թուրքիայի միջոցով Ադրբեջան տեղափոխված հազարավոր վարձկան ահաբեկիչներ, որոնց՝ Ադրբեջանից հեռանալու մասին տեղեկություններ չեն ստացվել:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ո՞ւմ դեմ օգտագործեց վարձկաններին 44-օրյա պատերազմի օրերին՝ քրիստոնյա հայերի… Իսկ պատերազմից հետո՞, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ու Իսրայելի հետ բարեկամական ջերմ հարաբերություններ ունեցող Ադրբեջանն ի՞նչ վտանգ են ներկայացնում Իրանի համար… Տարբեր փորձագետների կարծիքով, Ադրբեջանում հայտնված վարձկան ահաբեկիչները կարող են օգտագործվել ընդդեմ Իրանի, հաշվի առնելով Ադրբեջան-Իսրայել բավական խորը եւ բարեկամական հարաբերությունները:

Տասնյակ միլիոնավոր ադրբեջանական համայնք ունեցող Իրանը կարո՞ղ էր ամբողջությամբ չեզոք դիրք բռնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման կողմերի նկատմամբ… Սա քննարկման մեկ այլ թեմա է: Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում, երբ թե Իրանը, թե աշխարհի այլ երկրներ տեսնում են, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները պատերազմի պարտությունը դարձրել բավարար հիմք Հայաստան-Ադրբեջան հետագա «հաշտեցման» քայլերն իրագործելու համար, օրինակ՝ GPS-ային քարտեզագրումն ու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ակտիվ գործընթացները, ի՞նչ է մնում այդ երկրներին, եթե ոչ, նույնպես հաշվի նստել «ստեղծված իրադրության» հետ…

Պաշտոնական Թեհրանը մի քանի անգամ արդեն իսկ արձանագրել է, որ ուրախ են հրադադարի հաստատման կապակցությամբ եւ իհարկե, ոգեւորված՝ սպասվող տնտեսական ակտիվությունից: Իսկ թե ակնհայտ ու չերեւացող ո՞ր իրողություններն են անհանգստացնում ու մտահոգում Թեհրանին, թերեւս, դրանք բոլոր երկրների իշխանությունների հետ փակ բանակցություններում քննարկման առարկա կդառնան, եւ շատ դեպքերում, անգամ դրանց մասին տեղեկությունները դուրս չեն գա կուլիսային քննարկումներից:

Առայժմ իրանական կողմի հնարավոր մտահոգություններն արտահայտվում են փորձագիտական շրջանակներում: Դա, նախեւառաջ, Թեհրանի դեմ հնարավոր թշնամական գործողությունների հարթակ դառնալու հավանականությունն է՝ Բաքու-Թել Ավիվ տարիներ շարունակ էլ ավելի ջերմացող հարաբերությունների ծիրին մեջ։

Ինչ վերաբերում է Թեհրանում որոշակի ոգեւորությանը, դա, մասնավորապես, տնտեսական ոլորտին է վերաբերում։ Ըստ ամենայնի, թե Հայաստանին, թե Ադրբեջանին, թե տարածաշրջանի այլ երկրներին ու շահագրգիռ կողմերին Թեհրանը կառաջարկի տնտեսական նախագծերի մասնակցության իր պատրաստակամությունը:

Տարածաշրջան իր այցի նպատակը ներկայացնելով որպես խաղաղություն եւ անդորր հաստատելու փորձ՝ Զարիֆը գոհունակություն է հայտնել վերջին ամիսներին Ադրբեջանի եւ Իրանի պաշտոնատար անձանց միջեւ հանդիպումների ակտիվացմամբ: Իրանի արտգործնախարարը տարածաշրջանում անդորրի եւ խաղաղության հաստատումը բնորոշել է որպես Իրանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության հրաշալի հնարավորություն տարանցման եւ Արեւելք-Արեւմուտք ու Հյուսիս-Հարավ միջանցքների ակտիվացման ոլորտում:

Բաքվում կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը Կասպիական տարածաշրջանում, մշակույթի հարցեր, ջրային ռեսուրսների, տրանսպորտի եւ միջազգային գործերի ոլորտում համագործակցությունը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ եռակողմ համագործակցությունը:

Նկատենք, որ Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու մասին եռակողմ պայմանավորվածություններից մեկը, սակայն, Իրանի համար ոչ այնքան բարենպաստ է։ Խոսքը Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան մայրուղու հնարավոր կառուցման մասին է, որը կարող է կրճատել Իրանի դերը, քանի որ մինչեւ հիմա Ադրբեջանը Նախիջեւանի հետ օդային եւ ցամաքային կապն իրականացնում էր իրանական տարածքով։

Ինչեւէ, Զարիֆը տարածաշրջանային այցի առաջին օրը ներկայացրեց իր ուղերձը՝ Թեհրանը պատրաստ է աջակցել եւ համագործակցել ցանկացած ոլորտում, որը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Իրանական Tasnim լրատվական գործակալությունն իր հերթին մատնանշել էր, որ վեցակողմ նախաձեռնությունը, որն առաջարկել են Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները, կներառի՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը:

Ի դեպ, Իրանի ԱԳ նախարարի այցի նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնեց Սերգեյ Լավրովի հետ նախատեսվող բանակցությունների մասին: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության` հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, Իրանի հետ կնքված միջուկային գործարքը, Սիրիայում, Աֆղանստանում, Պարսից ծոցի շրջանում տիրող իրավիճակը եւ այլ հարցեր:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 27.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031