Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհ չի մնում, քան գնալ Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, օրինակ` այս տարվա աշնանը անցկացնել արտահերթ ընտրություններ. Արման Բաբաջանյան. ՀԺ

Հունվար 27,2021 09:00

«Իմ քայլը» խմբակցությունում այս պահին 83 պատգամավոր է, մինչդեռ Սահմանադրական փոփոխություն ընդունելու համար անհրաժեշտ է 88 պատգամավորի կողմ ձայն:

Ինչ վերաբերում է անկախ պատգամավորներին՝ այս պահին մեր խորհրդարանում նրանց թիվը 8 է: Որեւէ խմբակցությունում չընդգրկված պատգամավորներն են՝ Վարդան Աթաբեկյանը, Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Գոռ Գեւորգյանը, Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը, Սոֆիա Հովսեփյանը, Տիգրան Ուրիխանյանը:

Արման Բաբաջանյանը ասաց, որ կմիանա «Իմ քայլի» նախաձեռնությանը, եթե միայն մինչ արտահերթ ընտրությունների նշանակումը անցկացվեն մի շարք բարեփոխումներ, որ առաջարկել է ինքը.

– Պարոն Բաբաջանյան, իշխող խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ի ինքնալուծարման հնարավորություն ստեղծել: Ի՞նչ կարծիքի եք գաղափարի մասին:

– Քննարկումներին ամբողջությամբ չեմ հետեւել, գիտեմ, որ խմբակցության նիստ է եղել, եւ կարծես քննարկված հարցերից մեկը հենց դա է եղել: Պիտի ասեմ, որ վարչապետի հետ արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ հանդիպման շրջանակներում ես խոսել եմ նաեւ այս հեռանկարի մասին՝ որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից մեկը: Մեր հանդիպումը հաջորդել էր վարչապետի հանդիպմանը խորհրդարանական խմբակցությունների հետ, եւ մենք այնտեղ փաստորեն ամփոփելու հնարավորություն ունեցանք, քննարկեցինք տարբերակ, թե ինչ է լինելու, եթե վարչապետի հրաժարականից հետո քաղաքական ուժերը որոշեն առաջադրել վարչապետի թեկնածու եւ ըստ էության տորպեդահարեն արտահերթ ընտրության գնալու գործընթացը:

Մի քիչ պարադոքսալ իրավիճակում ենք, որովհետեւ վարչապետի հրաժարականի պահանջը ընդդիմությանն է, եւ ընդդիմությունն էլ պետք է արտահերթ ընտրությունների գնալու տարբերակներ փնտրեր, բայց քանի որ այս հարցում իշխանությունը ավելի նախանձախնդիր է գտնվել՝ ինքն էլ փաստորեն ձեռնարկում է միջոցառումների շարք, որոնք երկիրը կտանեն արտահերթ ընտրությունների եւ լեգիտիմության խնդիրը գոնե կհաղթահարվի: Ուրեմն ճանապարհ չի մնում, քան գնալ Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, օրինակ` այս տարվա աշնանը անցկացնել արտահերթ ընտրություններ:

– Իշխող խմբակցությունը Սահմանադրությունում փոփոխություն անելու հարցում հնարավոր է ունենա անկախ պատգամավորների ձայների կարիքը: Դուք կաջակցե՞ք այդ հարցում:

– Ես կարող եմ կողմ լինել այս տեսակ փոփոխություններին, բայց ավելի հիմնարար հարցեր կան մինչեւ այս հարցին հասնելը: Ես վարչապետին գործողությունների պլան եմ տվել, որոնք ներառում են դատաիրավական բարեփոխումներ, հակակոռուպցիոն մարմնի, ԿԸՀ-ի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ կապված բարեփոխումներ: Դրանք ընդունվել են վարչապետի կողմից: Այս փոփոխությունները երկիրը պատրաստ կդարձնեն ընտրությունների համար: Եթե իշխանությունների հետ մենք կգանք համաձայնության, որ իմ առաջադրած ճանապարհային քարտեզի մի հիմնարար մասը կիրագործվի, ես իհարկե աջակցելու եմ նրանց առաջարկած փոփոխությանը:

Դուք հասկանում եք, որ այն ահռելի մեդիապատերազմը, որ կա, այն ահռելի լրատվական հոսքերը, որոնք սթրեսի եւ նյարդային վիճակի մեջ են պահում պետությունը եւ քաղաքացուն, պետք է զսպել: Իշխանությունները նույնիսկ ունեցած գործիքները բավարար չափով չեն կարողանում գործադրել: Էս պայմաններում սխալ է գնալ արտահերթ ընտրությունների: Իշխանությունը պիտի ամեն ինչ ձեռնարկի, որ կարողանանք պաշտպանել ժողովրդի կամարտահայտությունը:

Եթե դրան հասնելու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, այո, մենք պետք է այդպիսի նախաձեռնությամբ հանդես գանք եւ ես կաջակցեմ այդպիսի նախաձեռնությունը միայն այդպիսի որակական բարեփոխումներից հետո:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031