Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու խոսք: պետությունը մեզ չի պահի ու չի փրկի

Հունվար 27,2021 13:00

Հատված Մերուժան Հարությունյանի «ԲԱՐՈՅԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ-ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՐԿԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԸ» գրքից, որը լույս կտեսնի մոտ երկու ամսից

Այս գիրքը Հայաստանը փրկելու գիտական ուղու մասին է: Սա գրվել է ժամանակակից գիտության հիման վրա, ու գրքի վերջում բերված է այն հիմնական գրքերի ցուցակը, որոնց մեջ խնամքով ու գիտական մեթոդով քննարկված ու վերլուծված են այս գրքի շարադրանքի բոլոր մանրամասները: Ուրեմն, այս գրքի ողջ ասելիքը ստուգելի է:

Գրքի հենց սկզբում, նախնական դիտողություններից հետո, դրված է այն Հռչակագիրը, ինչին պիտի համաձայնի հայերի գերակշիռ մասը, որ հենց այս Հռչակագրի պահանջներով Հայաստանը փրկելու սահմանադրություն կազմվի: Այս սահմանադրության պահանջներով պիտի հաստատվի երկրի քաղաքական ու տնտեսական կարգը, այսինքն, երկրի հասարակական կարգը, ինչը, ըստ այսօրվա ճշմարիտ գիտության, հնարավոր միակ բարոյական հասարակական կարգն է (կրճատ՝ բարոյակարգը):

Երկրի քրեական ու քաղաքացիական օրենսգրքերը պիտի կազմվեն այս Հռչակագրին ու սրան բավարարող սահմանադրությանը համապատասխան: Գրքի մնացած մասը ներկայացնում է ասված Հռչակագրի առանձին հատվածների բացատրությունները, որոնք ասում են, թե ամեն մի հայը, մանավանդ, իրեն մտավորական ու ուսյալ համարող հայը, ինչ պետք է իմանա, որ նպաստի երկրի փրկության գործին: Եթե այս բացատրությունները ուշադիր չուսումնասիրվեն, գուցե Հռչակագիրը ընթերցողին թվա սխալ կամ անընդունելի, կամ էլ ուտոպիական, ու նույնիսկ զառանցական:

Շեշտեմ, որ ես քաղգործիչ չեմ, որ պնդեմ, թե այս գրքի գաղափարների ամբողջությունը իմն է (ես ինձ այդքան հանճարեղ չեմ համարում), ու արդեն 73 տարեկան եմ, ուրեմն, արդեն ուշ է, որ այս գիրքը գրած լինեմ որեւէ պաշտոն ձեռք բերելու թաքուն նպատակով: Բայց երեւի արժի ասեմ, որ սա կազմելու համար ինձ պետք է եղել տնտեսագիտության, բարոյագիտության ու իրավագիտության իմ 30 տարվա ուսումնասիրությունը: Ես այս գիրքը չէի գրի, եթե Հայաստանում գոնե մեկը արծարծեր այս ոլորտների հիմնարար գաղափարները:

Մենք այսօր զգում ենք, որ Հայաստանը կործանվում է, որ մի նոր սարսափելի արտագաղթ է լինելու, որ ամեն վայրկյան հնարավոր է, որ նոր ու ավելի սոսկալի պատերազմ բորբոքվի: Ու մենք այսօր զգում ենք, որ հայ ժողովուրդը պիտի իր հույսը դնի միայն ու միայն սեփական ուժերի վրա: Ու մենք այսօր զգում ենք, որ մեզ ոչ ռուսը կփրկի, ոչ ամերիկացին, ոչ էլ մի ուրիշը:

Այսօր շատ մարդ կա, ով պահանջում է, որ պետերի նոր խումբ կազմեն (ընտրեն եւն), ովքեր իբր պիտի գան ու մեզ փրկեն: Բայց պետերի ոչ մի նոր կամ հին խումբ մեզ չի փրկի, որովհետեւ խեղդվողների փրկության գործը միայն խեղդվողների գործն է: Մենք այսօր զգում ենք, որ նոր պատերազմն անխուսափելի է, բայց նաեւ զգում ենք, որ ժամանակակից պատերազմը մեծ մասամբ արդեն տեխնիկայի պատերազմ է, իսկ նորագույն ու հզոր ռազմական տեխնիկայի համար փող է պետք, վիթխարի քանակով փող: Մենք, իհարկե, չպիտի նախահարձակ լինենք, որովհետեւ վենդետան անպայման ու միշտ է կործանարար, մանավանդ եթե թշնամին մոտ 30 անգամ բազմաքանակ է ու հրաշալի է զինված, որովհետեւ մեզնից շատ ու շատ է հարուստ: Բայց մենք պիտի միշտ թշնամիներին զորավոր հակահարված տալու պատրաստություն ունենանք, ճիշտ Շվեյցարիայի պես:

Մենք պահանջում ենք, որ պետերը փոխվեն ու նոր պետերը փող ճարեն ու շտկեն այս աղետալի վիճակը: Բայց մենք արդեն զգում ենք, որ մի կարգին նոր պետացու չենք կարենում ճարենք: Ի՞նչն է սրա պատճառը: Մեզ միշտ թվացել է, թե իմաստուն ժողովուրդ ենք, ու մեր մտքով երբեք չի անցել, որ մենք իրական, ճշմարիտ ու գիտական ինֆորմացիա չունենք ու չենք հասկանում նույնիսկ ամենահասարակ բաները: Մենք չենք հասկանում, թե պետությունը ինչ է (տես «Ինչ է պետությունը» գլուխը), մենք չենք հասկանում, որ պետությունը ժողովուրդը չի, մենք չենք հասկանում, որ պետությունը ընդամենը պետերի խումբն է:

Ու մենք չենք հասկանում, որ այսպես կոչված՝ պետական կամ պետականամետ մտածողությունը ընդամենը միայն սեփական բարեկեցությանը հետամուտ չինովնիկի մտածողությունն է, ու սա միշտ ուղղված է ժողովրդի դեմ: Ու մենք անընդհատ պահանջում ենք. «թող պետությունը մեզ պահի, թող պետությունը մեզ պաշտպանի արտաքին թշնամիներից, թող պետությունը մեզ կրթի, թող պետությունը մեզ բուժի, թող պետությունը մեզ թոշակ տա, թող պետությունը արդարություն հաստատի» եւն:

Մենք նման ենք մեծ հիվանդանոցի այն տնօրենին, ով հավաքել է կոշկակարներին, հացթուխներին, պատշարներին ու սրանց իր հիվանդանոցում նշանակել է վիրաբույժ, թերապեւտ, էնդոկրինոլոգ եւն ու զարմանում է, որ իր այս բժիշկները ոչ միայն չեն բուժում հիվանդներին, այլեւ ուղղակի սպանում են շատերին: Նման ենք, որովհետեւ մենք գաղափար անգամ չունենք, թե ինչ է պետությունը (հիվանդանոցը): Մենք չենք հասկանում, որ հենց մենք ենք պետությանը պահողը ու ոչ թե հակառակը:

Մենք չենք հասկանում, որ պետությունը ոչ մի բարիք չի ստեղծում, այլ ապրում է հենց մեր ստեղծած բարիքների հաշվին: Մենք չենք հասկանում, որ պետությանը վերագրվող ամեն-ամեն ինչը հենց մենք ենք ստեղծում, միայն ու միայն մենք: Կամ մենք նման ենք այն տանտիրոջը, ով բրիգադ է վարձում, որ իր տունը նորոգի, բայց իր իսկ ձեռքով պայման է կնքում (այսինքն, քվեարկելով սահմանադրություն է ընդունում) այս բրիգադի հետ, պարտավորվելով, որ ինքը, այսինքն, տանտերը ոչ մի իրավունք չունի այս բրիգադից հաշվետվություն պահանջելու, բրիգադի գործը հսկելու, կամ բրիգադի խոստումը չկատարելիս՝ բրիգադին գործից ազատելու, կամ պատժելու: Ավելին, մենք այդ բրիգադին իրավունք ենք տալիս, որ սկզբնական պայմանով հաստատված իր վարձը իր ուզած պահին ու ուզած չափով շատացնի, իսկ տանտիրոջն էլ բռնի ու բանտ նստացնի, եթե այս տանտերը հրաժարվի ավելացրածը վճարելուց:

Մենք իրավունք ենք տալիս այս բրիգադին մեր տունը թալանելու, տան անդամներին տանելու այլ երկրներ ու պատերազմում սպանելու: Մենք իրավունք ենք տալիս այս բրիգադին, որ ինքը, առանց մեզ հարցնելու, մեր անունից վիթխարի պարտքեր անի ու այդ գումարները ծախսի իր սեփական հայեցողությամբ (վիթխարի աշխատավարձեր ու պարգեւավճարներ տա հենց ինքն իրեն), ու մենք էլ նորից իրենից հաշվետվություն պահանջելու իրավունք չունենանք, բայց ճորտի պես, հլու-հնազանդ, մարենք այս պարտքերը (կամ էլ մարեն մեր ապագա սերունդները):

Մենք իրավունք ենք տալիս այս բրիգադին, որ չասի, թե մեր տանը ինչ է անում կամ ինչ թաքուն խարդախություններով է զբաղված, որ չասի, թե մեր տված փողը ինչպես ու ինչի համար է ծախսում, որ չասի, թե տան անդամներին ո՞ւր է տարել, ու իրավունք չունենք նույնիսկ հարցնելու, թե տարածներին սպանե՞լ է, թե՞ չի սպանել, դիակներն ի՞նչ է արել, դիահերձե՞լ է, թե՞ չի հերձել: Մենք իրավունք ենք տալիս այս բրիգադին, որ զինաթափի մեզ, բայց ինքը մնա զինված:

Մեր պետությունը զինաթափում է նույնիսկ սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք այսօր տառապում են ազերների ձեռը, որովհետեւ լրիվ են անզեն, իսկ մեր այս պետություն-բրիգադն էլ չի պաշպանում իրենց: Մենք անընդհատ պահանջում ենք, որ պետությունը մեզ լավ կրթի, որովհետեւ գիտենք, որ այսօրվա աշխարհում առանց կրթության ոչ մի ազգ տեղ չունի: Ու մենք տնտեսագիտության մի քանի տասնյակ ֆակուլտետ ունենք, բայց տեղյակ չենք, որ այս ֆակուլտետներում դասավանդում են հակագիտական տնտեսագիտություն:

Մենք այս վերջին 30 տարում ճշմարիտ տնտեսագիտության մենագրություններից ոչ մեկը չթարգմանեցինք, այն դեպքում, երբ (օրինակ) ռուսները վիթխարի քանակով են թարգմանել այս ընթացքում: Ու նորից, եթե մեկը մեզ ասի, թե 21-րդ դարի հայերը իսկական գիտական տնտեսագիտությունից տեղյակ չեն, կնեղանանք: Ու հետո էլ զարմանում ենք, որ մեր տնտեսագետները ի վիճակի չեն տնտեսությունը բարելավելու միջոցներ առաջարկեն: Մենք չենք հասկանում, որ արդար ընտրությունները մեզ երբեք չեն փրկի, եթե մենք չգիտենք, թե ում ու ինչի համար ենք ընտրում կամ մեր ուզածն ինչ է ու ինչ հատկություններ պիտի ունենա:

Մենք չենք հասկանում, որ անհնար է, որ մեր ուզած արդար ընտրությունները արդար լինեն, որովհետեւ սրանք միայն կուսակցական ցուցակներով են, իսկ ցուցակային ընտրությունը հակառակ է արդարությանն ու դեմոկրատիային: Ու մենք երբեւէ չենք նկատում, որ պետությունը ոչ միայն երբեք չի կատարում մեզ տված իր խոստումները, այլեւ իր իսկ ստեղծած օրենքներով, հարկերով ու մաքսերով ու զանազան տարիֆներով ու իր բյուրոկրատական ամենայն քաշքշուկներով միշտ միայն ու միայն խանգարում ու խոչընդոտում է մեզ ու չի թողնում, որ որեւէ կարեւոր ու էական բան անենք:

Մենք չենք հասկանում, որ եթե պետությունը անպայման է չարիք ու որ եթե այս չարիքն անխուսափելի է, ուրեմն, պիտի ձգտենք այս չարիքի նվազագույնին, պիտի թե պետերի իրավունքները խիստ կրճատենք, թե սրանց թիվը պիտի խիստ կրճատենք ու սրանց դարձնենք՝ հսկելի ու պատժելի: Մենք չենք հասկանում, որ մեր բանակին ու ոստիկանությանը մենք պահում ենք, որ հենց մեզ պաշտպանեն ու սրանց չենք հսկում, սրանցից հաշվետվություն չենք պահանջում, թողնում ենք, որ սրանց առանձին պաշտոնյաները ամեն տեսակ հանցագործություն անեն, ու չենք պատժում սրանց: Ավելին, մենք թույլ ենք տալիս, որ բանակի բարձրագույն հրամանատարների մի մասը, մեր զավակներին ճորտի պես աշխատացնելով, մեր տված փողերով իրենց համար դղյակներ սարքեն, հետո էլ մեր զավակներին տանեն ու (երբեմն) դիտմամբ կամ իրենց ապաշնորհության պատճառով կոտորեն:

Մենք երբեք չենք նկատում, որ մեզ իբր պաշտպանող ոստիկանությունն ու ԿԳԲ-ն միշտ ու միայն պետերին են պաշտպանում: Մենք երբեք չենք նկատում, որ պետության կազմակերպած բանակը, ինչն իբր պիտի մեզ պաշտպանի արտաքին թշնամիներից, հեռու է մարտունակ բանակ կոչվելուց, ու սա չենք գիտակցում ու չենք նկատում, մինչեւ այդ բանակը խայտառակ պարտություն չի կրում: Մենք չգիտենք, թե ինչ է պետական փողը ու ինչպես է սա գոյանում ու գործում:

Մենք չգիտենք, թե ինչ է անհատներին տրվող պետական վարկը, չգիտենք, թե ինչ է արտաքին վարկը, ինչը իրականում դրսերից վերցրած պարտք է: Մեն չգիտենք, թե ինչ ազդեցություն ունեն սրանք առանձին անհատների ու ողջ ժողովրդի բարեկեցության վրա: Մենք տեղյակ չենք, թե ինչ է ազատ շուկայական հարաբերությունների հիման վրա հաստատված կարգը: Մենք տեղյակ չենք, որ այս կարգը միակ բարոյական հասարակական կարգն է, որ սա հենց մեր ուզած բարոյակարգն է, որ կա: Մենք չենք հասկանում, որ միայն մասնավոր սեփականության ու սրա անձեռնմխելության նորմն է օրենքի ու արդարության աղբյուրը, ու որ եթե սա չգործի, հասարակությունը կվերածվի գազանների այնպիսի ոհմակի, որտեղ իրավունքի ակունքը կլինի միայն բիրտ ուժը: Մենք չգիտենք, որ միայն ու միայն ազատ շուկան է, որ մոբիլիզացնում ու միաբանում է մեր ազգի դրսի ու ներսի բոլոր-բոլոր եռանդուններին, ու նույնիսկ այլազգիների տաղանդավորներին ու ունակներին ի շահ մեզ: Ու որ ուրիշ ոչ մի ուժ, ոչ մի հանձնաժողով կամ ակադեմիա ունակ չի այս միաբանությունը հաստատելու:

Մենք չենք գիտակցում, որ շուկայի ազատությունը հաստատելու համար ԱՆՊԱՅՄԱՆ Է, որ իշխանությունը տրոհվի երեք ԱՆԿԱԽ թեւի՝ գործադրի, օրենսդրի ու դատականի: Մենք չենք հասկանում, որ եթե սա չարվի ու եթե իշխանավորների քանակն ու լիազորությունները խիստ չկրճատվեն ու անհատ տնտեսվարողին խոչընդոտող օրենքներն էլ դեն չշպրտվեն, ու շուկայական ազատ հարաբերություններ չհաստատվեն, դրությունը չի շտկվի ու կկործանվենք:

Մենք չգիտենք, որ ազատ շուկայից հանճարեղ բան չկա, ու մենք չենք էլ պատկերացնում, թե ինչ է պետք, որ այս ազատ շուկան գործի: Մենք չգիտենք, թե ինչ է սոցիալական արդարությունը ու չենք հասկանում, որ միակ ու իսկական արդարությունը հաստատում է միայն ազատ շուկայի օրենքով պաշտպանված մրցությունը: Մենք չգիտենք, թե ինչ է իսկական կապիտալիզմը ու, մոլորված-մոլորված, համարում ենք, որ Արեւմուտքի կապիտալիզմն է իսկական կապիտալիզմը, մազաչափ անգամ չկասկածելով, որ արեւմտյան կապիտալիզմը շատ անգամ հենց քողարկված ու, ի վերջո, կամ կործանարար սոցիալիզմ է, կամ սրա տարատեսակներից մեկը:

Մենք անընդհատ ձգտում ենք արեւմտյան կապիտալիզմին ընդօրինակելուն, որոհետեւ մտածում ենք. երանի չէ՞ր, մենք էլ իրենց պես լինեինք ու իրենց պես ապրեինք: Բայց մենք հաշվի չենք առնում, որ նախ այս երկրներում, քիչ թե շատ, շուկան ազատ է եղել ու այսօր էլ է (նորից) քիչ թե շատ ազատ, բայց սրանց այսօրվա սոցիալիզմը քիչ-քիչ կրճատում է սրանց շուկաների ազատությունն ու արտադրողականությունը:

Մենք չգիտենք, որ հենց այս սոցիալիզմին նախորդած կապիտալիզմի կուտակած հարստությունը դեռ թույլ է տալիս, որ սրանք ապրեն մեր երազած երանելի կյանքով ու որ կապիտալիստական շրջանում կուտակած այս հարստությունը վերջ ունի նույնիսկ Շվեդիայում: Երկրորդը, չգիտենք, որ այս երկրների քաղաքացիները չունեն այնպիսի մոլեռանդ պաշտամունք պետության նկատմամբ, ինչպիսին ունեն սոցիալիստական երկրների քաղաքացիները (ու մենք): Երրորդը, այս երկրների քաղաքացիները, այնուամենայնիվ, մեր չափ չեն պահանջում, որ պետությունն իրենց պահի:

Ու չորրորդը, այս երկրների քաղաքացիների վարք ու բարքն ու ավանդույթները, այնուամենայնիվ, ազատ շուկայական են, այսինքն, կապիտալիստական են, չնայած քիչ-քիչ դառնում են սոցիալիստական, դառնում են բռնապետական: Ու երբ մենք պատճենում ենք այս երկրների որեւէ քաղաքական ինստիտուտը, սա մեր մոտ չի գործում, որովհետեւ մեր թե շուկան ազատ չի, թե մեր տրադիցիոն բնավորությունն է ուրիշ, թե մեր տնտեսության այսօրվա սկզբնական պայմանները: Ու, ինչքան էլ տարօրինակ լինի, մենք չգիտենք, որ մեր ուզածը, մեր երազանքը, իսկական կապիտալիզմն է: Ու մենք գաղափար անգամ չունենք, որ հանրային միակ բարոյակարգը, այսինքն՝ մարդկության վաղեմի երազանքը, հենց իսկական կապիտալիզմն է հաստատում, որովհետեւ մեր քողարկված սոցիալիստական իշխանություններն ու կուսակցությունները պետական կրթական սիստեմի ու պրոպագանդայի հզոր միջոցներով անընդհատ փնովում ու վարկաբեկում են իսկական կապիտալիզմը:

Փոխարենը, մենք անընդհատ փնովում ու հայհոյում ենք կապիտալիզմը ու հենց կապիտալիզմն ենք համարում մեր դժբախտությունների, թշվառության ու մեզ համար գարշելի բոլոր երեւույթների (մեծ մասի) պատճառը:

Մենք չգիտենք, թե ինչ է բարոյակարգ հաստատող արդար սահմանադրությունը, բայց պահանջում ենք, որ (շատ անգամ՝ թալանչի) պետերը կամ էլ պետ դառնալու երազանքով տոգորված կուսակցությունները մեզ համար նոր սահմանադրություն կազմեն: Ու մենք չենք հասկանում, որ սրանց կազմած սահմանադրությունները, նորից ու նորից, միայն պետերին են պաշտպանելու: Մենք մեր դժբախտությունների պատճառները միշտ ու անընդհատ դրսերում ենք փնտրել ու նորից ենք դրսերում փնտրում: Մենք միշտ բողոքում ենք, թե մեր անբախտության պատճառը եղել են՝ պարսիկները, հույները, հռոմեացիները, արաբները, թուրքերը, գերմանացիները, անգլիացիները, ԱՄՆ-ը, ռուսները եւն, եւն, բայց երբեք չենք մտածում, որ շատ հնարավոր է, որ պատճառը հենց մեր տգիտությունն ու անկարողությունն է, մեր մեծամտությունն ու մեր մեծամոլությունն է, մեր մանկամտությունն ու մեր սնափառությունն է:

Մենք միշտ մտածում ենք, թե իմաստուն ու առողջամիտ ազգ ենք, բայց լավ կլինի, որ միշտ հիշենք, որ Նյուրնբերգի դատարանը (Գերմանիայի 1945 թվի խայտառակ պարտությունից հետո), վճռեց, որ իբր իմաստուն ու առողջամիտ գերմանացիների ողջ ազգը հիվանդ է խղճի բացակայությամբ ու 3,5 միլիոն գերմանացու դատապարտեց եռամյա հարկադիր բուժման:

Մենք պիտի սա լավ հիշենք, որ գիտակցենք, որ մեր վերջին 30 տարվա իշխանությունները ու մանավանդ Փաշինյանն ու իր ջատագովները նույնպես հիվանդ են եղել ու էլի են հիվանդ խղճի բացակայությամբ: (Այս ջատագովների թիվը, ցավոք, քիչ չի): Բայց եթե մեր ազգի միայն իշխանություններն ու սրանց մոլեռանդ պաշտպաններն են հիվանդ ասված հիվանդությամբ, մենք բոլորս հիվանդ ենք պետության պաշտամունքով: Ու եթե ազգովի «չբուժվենք» այս հիվանդությունից ու չհասկանանք, որ ոչ թե մարդն է պետության համար, այլ հենց պետությունն է մարդկանց համար, եթե չհասկանանք, որ մեզ պետք է ոչ թե պետական, այլ անհատապաշտական (այսինքն, ազատ շուկայական) մտածողություն, անպայման ենք կործանվելու:

Մենք սա չենք հասկանում, ու փոխանակ մի գիտական սահմանադրությանը ձգտենք ու սա ընդունենք, միշտ էլ արեւմտյան երկրների սահմանադրություններն ենք արտագրում ու կցկմցում իրար ու հետո էլ զարմանում ենք, որ այս Գասպարյանի շարադրությունը (կամ «պետականամետ» մեկի կազմած տնաբույս ու տգետ սահմանադրությունը) վիճակը նորից չշտկեց: Որովհետեւ մեր բոլոր սահմանադրությունների միակ նպատակը միշտ էլ մի ավելի ազնիվ բրիգադ վարձելու պայմանագիր է, այնպիսի մի բրիգադի, ինչը իբր ամեն-ամեն ինչը կշտկի:

Մենք չենք հասկանում, որ ազնիվ բրիգադ չի լինում, որ ոչ թե ազնիվ բրիգադ պիտի փնտրենք, այլ մի խելամիտ ազատ շուկայական հասարակական կարգ հաստատող մի լրիվ նոր ու բարոյական սահմանադրություն, քանզի միայն ազատ շուկայական սահմանադրությունն է բարոյական:

Բայց մեր ամենաճակատագրական սխալն այն է, որ, այսքանը զգալով, մենք նորից ու նորից այս պայմանագիր-սահմանադրություն կազմելը հանձնում ենք կամ նույն հույժ անազնիվ բրիգադներին, կամ էլ տնտեսագիտությունից, իրավագիտությունից ու բարոյագիտությունից համարյա լրիվ անտեղյակ մի ինքնահռչակ (չնայած՝ գուցե շատ հայտնի) ու չակերտավոր իմաստունի: Այս գիրքը այսպիսի մի բարոյական սահմանադրություն կազմելու գիտական ձեւերի մասին է:

«Առավոտ» օրաթերթ
26.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031