Լրահոս
Օրվա լրահոսը

Վարսահարդարն էլ պետք է «պետական» ուսում ստանա եւ ոլորտն ունենա պետական հոգածություն

Հունվար 27,2021 12:30

Հարցազրույց վարսահարդար-ոճաբան Գնել Սողոմոնյանի հետ

– Վարսահարդարման արվեստը հազարամյակների պատմություն ունի։ Արիստոֆանեսի եւ Հոմերոսի գրվածքներում հիշատակվում է վարսահարդարման մասին։ Նույնիսկ աֆրիկյան որոշ մշակույթներում հավատում էին, որ մարդու հոգին տեղակայված է մազերի մեջ։

Թեեւ Հայաստանում այժմ գործում են վարսահարդարների եւ կոսմետոլոգների ասոցիացիա, դիմահարդարների եւ վարսահարդարների միություն, բայց տարիներ շարունակ դժգոհություններ կան վարսահարդարներից՝ այրել են մազերը, գլխամաշկը եւ այլն, եւ այլն։ Օրերս նույնիսկ ռուսաստանյան RTR Planeta պետական հեռուստաալիքով անդրադարձ էր մոսկովյան վարսահարդարման մի քանի սրահների, որտեղ որոշ կոսմետոլոգներ եւ վարսահարդարներ, հայտնի հաղորդավար Մալախովի խոսքերով՝ պարզապես այլանդակել են հաճախորդներին։ Կուզեինք իմանալ՝ ուսումը, որպես այդպիսին, պարտադի՞ր է վարսահարդար աշխատելու համար, թե՞ էլի աշակերտ-վարպետ կապն է գործում աշխատանքի ընդունվելիս։

– Խորհրդային ժամանակներում Հայաստանում գործում էին ուսումնաարտադրական կոմբինատներ, որտեղ պատրաստում էին վարսահարդարներ, կոսմետոլոգներ եւ այլն։ Վեց ամիսը մեկ ոլորտի աշխատողները պարտադիր անցնում էին բժշկական զննում, իսկ տարին մեկ հանձնում քննություն։ Ավելին՝ եթե վարսահարդարն աշխատում էր քիմիական նյութերով, նա քննություն պետք է հանձներ քիմիա առարկայից։ Հաջողության դեպքում նրա որակավորումը բարձրանում էր եւ իրավունք ստանում ավելի լայն ծառայություններ մատուցել՝ գունաթափում, վարսերի քիմիական գանգրեցում, մերսում եւ այլն։

– Կարելի է ենթադրել, որ դուք՝ վարսահարդարներդ, ոչ ավել-ոչ պակաս՝ բուժաշխատող եք։

– Ոչ թե կարելի է ենթադրել, այլ հենց այդպես էլ կա։ Կուզեի մեր օրերում էլ գործեին այդպիսի ուսումնաարտադրական կոմբինատներ՝ ինչ անուն էլ որ կրեին, եւ իհարկե՝ մեր ոլորտն էլ վերահսկվեր պետական մակարդակով։ Թեեւ, ինչպես նշեցիք, Հայաստանում էլ վաղուց գործում են համապատասխան ասոցիացիաներ, որոնց առաքելությունն է պատրաստել գրագետ վարսահարդարներ, այլ ոչ միայն «ներկ քսող» կամ «ֆենող»։ Մասնագետը պետք է գիտելիք ունենա գլխի մաշկի, մազարմատի մասին, մազի կառուցվածքի մասին, հետո նոր քիմիական ճանապարհով ու տարբեր պրոցեդուրաների միջոցով երանգավորի, վերականգնի դրանք։


– Հետաքրքիր է՝ դուք կոնկրետ Եվրոպայի ո՞ր ակադեմիաներում եք վերապատրաստվել եւ Հայաստանում ո՞ւմ ղեկավարությամբ եք ուսանել։

– Նախ նշեմ, որ շուրջ 30 տարի առաջ ընդունվել էի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ, հայրս շատ ավանդապաշտ էր եւ ուզում էր ինձ տեսնել գյուղատնտեսի «դերում» (ծնվել է Աշտարակի շրջանի Աղձք գյուղում, իբրեւ վարսահարդար առաջին քայլերն արել է տեղի կենցաղի տանը-Ս.Դ.)։ Վարպետս այն տարիների ամենահայտնի վարսահարդարն էր՝ Սարգիս Ունջյանը։ Իսկ կատարելագործվել եմ Գերմանիայում՝ Wella-ում, Իտալիայում՝ Vidal Sasoon-ում։ Վերադարձից հետո աշխատանքս շարունակել եմ Աշտարակում։ Հետո արդեն, երբ 1990-ականների կեսերին բացվեցին գեղեցկության սրահներ, տեղափոխվեցի Երեւան։ Որոշ ժամանակահատված էլ՝ մոտ երկու տասնամյակ, աշխատել եմ Մոսկվայում եւ Կալուգայում, բայց, միեւնույն է, Հայաստանն ինձ ձգել է։ Այլ կերպ ասած՝ չեմ դավաճանել այցելուներիս, որոնց խորհուրդներ եմ տվել հեռախոսով։


– Այսօր լուսանկարների միջոցով ենք հանդիպում տարբեր սանրվածքների։ Շուրջ 30 տարի է՝ մեր կանայք ու աղջիկները վարսահարդարի են դիմում միայն մազերը հարթեցնելու նպատակով։ Լսել ենք նաեւ, որ հաճախակի կամ մշտապես ֆենելը ազդում է մազերի որակի վրա։

– Առաջին հերթին պետք է հետեւել մազերի որակին, իրականացնելով կերապլաստիկա, բոտոքս, կարճ ասած՝ մազերի բուժում։ Վերջին շրջանում թրենդային են մազերի բնական վիճակը կամ գերադասելի են բնականին ավելի մոտ սանրվածքներ, ասենք՝ կասկադ, կարե, բոբ-կարե…

– Իսկ այս տարի ո՞ր երանգներն են նորաձեւ։ Այս առումով տարբեր են նույնիսկ ճանաչված մասնագետների կարծիքները, օրինակ՝ ամերիկացի վարսահարդար-ոճաբան Օլիվեր Ադամսը գտնում է, որ այս տարում թրենդային են ծխագույն երանգները։

– Ինչպես հագուստի նորաձեւությունը, այնպես էլ վարսերինը, կրկնվում է շուրջ 10 տարին մեկ, բայց համաշխարհային թրենդները ստեղծագործելու հնարավորություն են տալիս, օրինակ՝ շտրիխներ ավելացնել կամ պակասեցնել վաղուց հայտնի սանրվածքներում։ Չպետք է մոռանալ, որ սանրվածքների ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են դեմքի ձեւը, ճակատի բարձրությունը, աչքերի դասավորությունը, ականջի չափերը։ Իսկ այս տարի նորաձեւ են շագանակագույնի տաք եւ սառը երանգները։

– Գիտենք, որ աշխատում եք նաեւ հայաստանյան շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների հետ…

– Մինչ երգչուհուն տեսահոլովակի նկարահանումներին պատրաստելը խնդրում եմ, որ ինձ ուղարկեն երգի տեքստը կամ երգն ընդհանրապես։ Կրկնում եմ՝ մեր աշխատանքը իսկապես ստեղծագործական է։

– Հաճախ առօրյայում հանդիպում ենք սանրվածքներ, որոնք հարիր են, ասենք, բեմ դուրս գալուն կամ այլ երեկոների համար։ Այլ կերպ ասած՝ դրանք ամենօրյա չեն։ Իհարկե, ասում են, որ ճաշակը կամ կա, կամ՝ ոչ…

– Համամիտ եմ՝ ճաշակ չես սովորեցնի։ Թող ինձ ներեն, բայց նման կանանց խորհուրդ կտամ դիմել հոգեբանի, որն իր խոսքով կարող է համոզել, որ կինը պարզապես սխալ է իր ընտրության մեջ։ Իսկ սովորաբար ճաշակից զուրկ կանայք են մտածում, որ իրենք ամենաճաշակովն են։

-Զրույցի սկզբում դուք կարեւորեցիք վարսահարդարի «պետական» ուսումը։ Բայց հավանաբար դուք էլ ունեք աշակերտներ…

– Իհարկե՝ ունեմ եւ կունենամ։ Նրանց թիվը անցնում է 350-ից, որոնք ստեղծագործում են ոչ միայն մեզ մոտ, այլեւ արտերկրում։ Բայց, ինչպես նշեցիք, կարեւորում եմ ուսումը եւ, կրկնում եմ՝ մեր աշխատանքը համեմատելի է բժշկի մասնագիտության հետ։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031