Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թուրք-ադրբեջանական տանդեմին երես տալու քաղաքականությանը պետք է վերջ տրվի

Հունվար 27,2021 13:30

ԵՄ անդամ պետությունների կողմից անհասցե գնահատականների ու կոչերի ժամանակը սպառվել է

Եվրոպական խորհրդարանն անցյալ շաբաթ ընդունեց «Ընդհանուր արտաքին եւ անվտանգային քաղաքականություն» (CFSP) եւ «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձեւերը, որում խստորեն դատապարտեց Թուրքիայի ապակայունացնող դերը առանց այն էլ անկայուն Հարավային Կովկասում, կոչ անելով զերծ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելուց, եւ նպաստել խաղաղությանը։ Եվրախորհրդարանը նաեւ դատապարտել է Սիրիայից եւ այլ վայրերից Թուրքիայով ահաբեկիչների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։

Եվրոպացի պատգամավորներն ափսոսանք էին հայտնել, որ Թուրքիան փորձել է նաեւ խարխլել հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը։ Զեկույց-բանաձեւում Եվրախորհրդարանը ողջունում է նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնությունը՝ միաժամանակ ափսոսանք հայտելով, որ ղարաբաղյան ստատուս քվոն փոխվել է ռազմական ուժի, ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով, եւ Եվրամիությանը կոչ անելով ավելի նշանակալի ներգրավվածություն ունենալ հակամարտության կարգավորման գործում, «չթողնել տարածաշրջանի ճակատագիրը այլ տերությունների ձեռքերում»։

Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը, եւ կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վավերացնել Կասետային զինատեսակների մասին կոնվենցիան, որն արգելում է այդ զինատեսակի օգտագործումը։ Երկարատեւ կարգավորումը դեռ գտնված չէ, խաղաղության հասնելու, տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում եւ հիմնված լինի վերջինի Հիմնարար սկզբունքների վրա, ասված է փաստաթղթում։

Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւն, իհարկե, հայկական կողմի համար խիստ դրական արձանագրումներով փաստաթուղթ է: Ափսոս, որ այն բավական ուշացած է: 44-օրյա ողջ պատերազմի ընթացքում, բացառությամբ Ֆրանսիայի նախագահի ակտիվության, ԵՄ երկրները սահմանափակվում էին ստանդարտ, անհասցե, ոչինչ չասող կոչերով, ըստ էության, լուռ համաձայնություն տալով Արցախում եւ Հայաստանի սահմաններում պատերազմական հանցագործությունների, արգելված զենքերի կիրառմանը:

Իհարկե, Հայաստանում բոլորն են հասկանում, որ ԵՄ երկրներն առաջնորդվում են իրենց պետության շահերով, եւ այդ դեպքերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության պահանջը կարող է երկրորդ պլան մղվել: Բայց նաեւ պետք է արձանագրենք, որ ԵՄ երկրների հետ մեր իշխանություններն էլ բավարար աշխատանք չեն տարել, որպեսզի 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների գործողությունների ու հայտարարությունների առիթով համարժեք քայլեր իրականացվեցին:

Առհասարակ, ԵՄ երկրների քաղաքական այրերն ունե՞ն պատասխան հարցին, թե ինչու Ադրբեջանի տասնամյակների վարած ռազմատենչությունը հանգեցրեց հերթական պատերազմին… ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունը տարիներ շարունակ կասկածի տակ դնելով, զինվելով՝ Ադրբեջանը բաց էր խաղում, չէր էլ թաքցնում իր ձգտումները: Այլ հարց է, որ ԵՄ երկրները գերադասում էին դա չտեսնել ու հասցեական գնահատականներ չտալ Ադրբեջանին: Իսկ այս վերաբերմունքը տարիների ընթացքում էլ ավելի «ոգեւորեց» Ադրբեջանին:

Ավելին, ԵՄ պետություններին տարբեր հարցերում հաճախ սպառնացող Էրդողանն էլ կանգնեց Ալիեւի թիկունքին՝ ընդդեմ հայերի: Իսկ պատերազմից հետո դադարե՞լ են Արցախի ու Հայաստանի հասցեին սպառնալիքները Էրդողանի ու Ալիեւից կողմից, դրանք նույնպե՞ս չեն լսում ԵՄ պետությունները: Օրինակ, դեկտեմբերին Բաքվում, երբ Էրդողանը ռազմական շքերթի իր ելույթում «փառավորվում էր Էնվեր փաշային» հիշելով՝ դա ոչինչ չի՞ նշանակում, կամ, որ Ալիեւը պարբերաբար հայտարարում է, թե՝ «Երեւանը պատմական ադրբեջանական տարածք է»:

Ինչեւէ, Եվրոպական խորհրդարանի ընդունած զեկույցները կարեւոր են Հայաստանի կողմից ապագայում վարվող քաղաքականության առումով՝ ԵՄ անդամ պետությունների հետ արդյունավետ համագործակցության հասնելու եւ պայմանավորվածություններ ձեռք բերելու տեսանկյունից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացմամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման շուրջ բանակցությունների վերսկսման տեսանկյունից եւս՝ բանաձեւերը խիստ բարենպաստ են, եթե հայկական կողմը կարողանա հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հիմքով՝ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ:

Պաշտոնական Երեւանի համար վերոնշյալ բանաձեւերն ազդակ են 44-օրյա պատերազմի ընթացքում եւ մինչ օրս թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից շարունակվող հանցագործությունների ուսումնասիրության, դրանց վերաբերյալ հստակ գնահատականների ու պատասխանատվության հասնելու ընթացքի առումով:

ԵՄ անդամ պետությունների կողմից անհասցե գնահատականների ու կոչերի ժամանակը սպառվել է. թուրք-ադրբեջանական տանդեմին երես տալու քաղաքականությանը պետք է վերջ տրվի, չնայած այն հանգամանքին, որ նկատվում է Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման միտում:

Անցյալ շաբաթ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Բրյուսելում քննարկում էր ԵՄ-ի հետ հարաբերությունները ճգնաժամից դուրս հանելու հնարավորությունները: Անկարայի եւ Բրյուսելի միջեւ բարդ 2020-ը, կարծես, մնում է անցյալում: «2020 թվականը խնդրահարույց էր Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունների համար, բայց անցյալ տարվա դեկտեմբերի գագաթաժողովից հետո ընդունված համատեղ հռչակագրով երկու կողմերը դրսեւորել են դրական օրակարգ հաստատելու քաղաքական կամք, ավելին, կողմերը հանդես են եկել փոխադարձ հայտարարություններով, որոնց նպատակն է առավել առողջ եղանակով բարելավել հարաբերությունները եւ ստեղծել լավ երկխոսության հնարավորություն, հենց այդ նպատակով էլ ես ժամանել եմ Բրյուսել»,- ասել է Չավուշօղլուն: Նա հավելել է, թե հարկ է կոնկրետ քայլերով խթանել Անկարայի եւ Բրյուսելի համագործակցությունը: Իր հերթին Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ թուրքական կողմի հետ բանակցություններից առաջ տեղի ունեցած համատեղ ասուլիսում շեշտել է. «Մենք վճռականորեն ցանկանում ենք տեսնել կայուն դեէսկալացիա ոչ միայն Միջերկրականի արեւելյան հատվածում, այլեւ ավելի ընդարձակ տարածաշրջանում»: Նրա խոսքով՝ ակնհայտ է մթնոլորտի բարելավում:

Իհարկե, Բրյուսելը նշել է, որ Եվրամիությունը մտահոգված է մնում Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում եւ այն չի անտեսի բանակցություններում, սակայն պարզ է, որ որոշակի պայմանավորվածությունների, համաձայնությունների ձեռքբերման համատեքստում կոշտ գնահատականներ ԵՄ-ի կողմից չեն հնչի:

Հավելենք, որ պաշտոնական Երեւանը կարեւորեց Եվրոպական խորհրդարանի ընդունած տարեկան զեկույց-բանաձեւերը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը «Արմենպրես»-ին ասել էր. «Առանձնապես կարեւորում ենք, որ Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այդ թվում քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների, պաշտամունքի վայրերի թիրախավորումը, այլեւ ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան: Համակարծիք ենք Եվրախորհրդարանի կոչին, որ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ԼՂ հակամարտությունում որեւէ միջամտությունից, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու միջոցով, եւ հրաժարվի իր ապակայունացնող գործողություններից: Այդ համատեքստում հատկապես կարեւոր է, որ Եվրոպական խորհրդարանը նաեւ դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից եւ այլ վայրերից ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը»:

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը նաեւ հավելել էր, որ ՀՀ-ն կարեւորում է միջազգային հանրության ջանքերը՝ ի դեմս նման բանաձեւերի՝ նպաստելու պատերազմի պատճառների եւ հետեւանքների վերացմանը, որը, ըստ բանաձեւի, ենթադրում է նաեւ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տեւական լուծումը եւ Արցախի ապագա իրավական կարգավիճակի որոշումը համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների հիման վրա»: «Ինչպես մեկ անգամ եւս փաստվեց միջազգային այս հեղինակավոր մարմնի կողմից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության իրավունքը»,- արձանագրեց ՀՀ ԱԳՆ-ն:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 26.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031