Լրահոս
Օրվա լրահոսը

Կցորդի՞, թե՞ նախաձեռնողի դերում. Իրանի անելանելի քաղաքականությունը կովկասյան տարածաշրջանում

Հունվար 26,2021 22:30

Ինչպես, նախապես հայտարարված էր հունվարի 25-ին, տարածաշրջանային այցի շրջանակում, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկնեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Ադրբեջան կատարած այցից հետո, Իրանի ԱԳ նախարարը կայցելեց նաև Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա, այնուհետև պետք է մեկնի Հայաստան, Վրաստան և Թուրքիա:

Այցերի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներն են տարածաշրջանային համագործակցության ու անվտանգության հետ կապված հարցեր, որն ներկա պայմաններում և արցախյան պատերազմից հետո առանձնահատուկ նշանակություն ունի տարածաշրջանի երկրների՝ մասնավորաբար Իրանի Իսլամական Հանրապետության համար:

Հունվարի 25-ին, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին:

Հանդիպման ընթացքում, գոհունակություն հայտնելով այցի կապակցությամբ, Զարիֆը հարգանքի տուրք է մատուցել պատերազմում զոհվածների, հատկապես խաղաղ բնակիչների հիշատակին և ցավակցություն հայտնել նրանց ընտանիքներին: Մի քայլ, որն արժանացել է հայկական ԶԼՄ-ների և հասարակության լայն շրջանակի բացասական արձագանքին:

Հունվարի 25-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ընդգծել է երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Ողջունելով տարածաշրջանային վեցակողմ համագործակցության նախաձեռնության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի առաջարկը՝ ԻԻՀ ԱԳ նախարարը Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման հարցում: Սա աննախադեպ հայտարարության պետք է համարել Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի կողմից, քանի որ Իրանի նախապես հայտարարել էր, որ հանդիպումների հիմնական թեման լինելու է տարածաշրջանային համագործակցությունն ու երկկողմ հարաբերությունների զարգացման և բազմակողմ համագործակցության ամրապնդման ուղիները, սակայն Բաքվում Իրանի ԱԳ նախարարը անսպասելիորեն ողջունել է տարածաշրջանային վեցակողմ համագործակցության նախաձեռնության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի առաջարկը և Թեհրանը հանդես չի եկել նախաձեռնողի և նոր առաջարկներ ներկայացնող երկրի դերում:

Չնայած Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր տարածաշրջանային քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանային համագործակցության և համակեցության վրա և Իրանը ցանկանում է վայելել տարածաշրջանի երկրների համագործակցությունն ու մասնակցել համատեղ տնտեսական և անվտանգության ծրագրերին, սակայն հաշվի առնելով Կովկասյան տարածաշրջանում արցախյան պատերազմից հետո տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունները և Թուրքիայի ու Ռուսաստանի դերակատարության մեծացումը տարածաշրջանի տրանսպորտային նախագծերին ու ճանապարհների ապաշրջափակման, էներգակիրների գծերի տարանցման ու անվտանգության հետ կապված խնդիրներում, որից զգալիորեն դուրս է մնացել Իրանը, այժմ ականատես ենք, որ Բաքվում ԻԻՀ արտգործնախարարի արտառոց հայտարարությունները և Բաքվի ինքնակալ ղեկավարի մոտ հաճոյանալու միտումով նրա առաջարկների հաստատումը վկայում է Իրանի թույլ դիրքերի մասին կովկասյան տարածաշրջանում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում, Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած վերջին պատերազմը և դրա հետևանքներն ունեն բազմաբնույթ և բարդ կողմեր, որի ընկալումը և դրան համապատասխան անկողմնակալ քաղաքականություն որդեգրելու հարցում Իրանի իշխանությունների և արտաքին քաղաքականության գերատեսչությունը չունեն քաղաքական և փորձագիտական համարժեք մոտեցում և իրատեսական հայեցակարգ: Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ճգնաժամերը և հակամարտությունները կրոնա-գաղափարական իռացիոնալ հայացքներով դիտող և ընկալող Իրանի իշխանությունների մոտեցումները հիմնված են իսլամական աշխարհում, Արևմուտքի և նրանց դավանակից երկրների դեմ ցանկացած իսլամական երկրի հաղթանակը՝ համարել, որպես իսլամական աշխարհի հաղթանակ և ողջունել մուսուլման երկրների հաջողությունները՝ Արևմուտքի և նրա դաշնակիցների դեմ ընդհանրապես փափուկ ու կոշտ պայքարում ձեռքբերումները: Կովկասյան տարածաշրջանում և արցախյան պատերազմին հաջորդող աշխարհաքաղաքական փոփոխությունների և տնտեսաքաղաքական զարգացումների ֆոնին, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի դիրքերն ու դերը այդ բարդությունների կարևորագույն ասպեկտներն են:

Ակնհայտ է, որ Արցախյան պատերազմի շուրջ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին կայացած զինադադարի փաստաթղթի ստորագրման արդյունքում Ռուսաստանը և Թուրքիան ավելի շատ ներգրավված են այս կիսատ խաղաղության պահպանման և աշխարհաքաղաքական փոփոխությունների ու վերադասավորումների մեջ, քան ցանկացած այլ երկիր, մասնավորաբար Իրանը: Իրանի պասիվ և հակասական մոտեցման արդյունքում պատերազմի ավարտից հետո Թուրքիան և Ռուսաստանը ավելի մեծ դերակատարություն ունենալով տարածաշրջանում և փորձելով Հայաստանին մեկուսացնել և թուլացնել, ոչ միայն տարածաշրջանում խաղաղության հաստատման, այլև տարածաշրջանում ապագա ռազմավարական շահերը կիսելու ավելի ակտիվություն են ցուցաբերում, ինչը առավել ևս անհանգստացնում է Իրանին, քանի որ Իրանը արդեն իսկ լիովին դուրս է դրվել տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային միակողմանի նախագծերից:

Անկասկած Թուրքիան և Ռուսաստանը Արցախում անկայուն խաղաղություն ձեռք բերելուց հետո փորձելու են քայլ առ քայլ ամրապնդել իրենց աշխարհաքաղաքական դիրքերը կովկասյան տարածաշրջանում և գուցե ցանկանան նվազեցնել տարածաշրջանի այն երկրների, ինչպիսիք են Իրանի և Հայաստանի ու Վրաստանի դիրքերը Կովկասում և առաջ տանեն իրենց ռազմավարությունները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Կասկած չկա, որ Թուրք-Ադրբեջանական տանդեմի և Ռուսաստանի համատեղ նպատակներից են նաև տնտեսական հարթության վրա իրենց ազդեցությունը խորացնել Կովկասում, ինչից հետ է մնացել Թեհրանը:

Հետևաբար` Իրանը ցանկանում է մասնակցություն ունենալ տարածաշրջանի երկրներ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետպատերազմյան տրանսպորտային նախագծերի և ճանապարհների ապաշրջափակման և Ռուսաստան-Թուրքիա համատեղ տնտեսական և անվտանգության ծրագրերին: Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական և քաղաքական պատժամիջոցները, Իրանը զրկվել է տնտեսական և ֆինանսական ներդրումային բոլոր միջազգային հնարավորություններից ուստի, Իրանի հռետորաբանությունը թե Իրանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել երկու երկրներ՝ Ադրբեջանի և Իրանի ընդհանուր սահմաններին գտնվող «ազատագրված» (Լեռնային Ղարաբաղ) տարածքների վերականգնման աշխատանքներին, չունի տնտեսական անվտանգության բավարար հիմքեր և միայն միտված է արդարացնելու քաղաքական թույլ դիրքերը ամրապնդելու նպատակներին: Այժմ Իրանը չունի այն դիրքն ու դերը և կարողությունը որ ակտիվորեն մասնակցի կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական և տնտեսական ու անվտանգության հաստատման նախագծերին և Բաքվի ինքնակալը դա շատ լավ է հասկանում, քանի որ արցախյան պատերազմի ընթացքում Իրանի առաջարկած խաղաղության նախագիծը կտրականապես մերժվեց Հայաստանի, Ռուսաստանի և նույնիսկ Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի կողմից, և Իրանը ոչ մի դերակատարություն չունեցավ Արցախում խաղաղություն հաստատելու գործընթացներին: Ուստի Իրանի թույլ դիրքերը շահագործելով Ադրբեջանի ինքնակալ ղեկավար Իլհամ Ալիևը և նրա խնամակալ Թուրքիայի նախագահ՝ Էրդողանը փորձում են մի կերպ Իրանին պահելով թուրք-ադրբեջանական տանդեմի գոտում, Թեհրանին սիրաշահելու համար միայն խոսքով՝ Իրանին հրավիրել մասնակցելու Ալիևի (Էրդողան-Լավրով) կողմից առաջարկված վեցակողմ համագործակցության նախաձեռնությանը:

Ինչպես հայտնի է, Իրանն իր կովկասյան անելանելի և անորոշ քաղաքականության շրջանակներում Բաքվում ողջունել է տարածաշրջանային վեցակողմ համագործակցության նախաձեռնության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի առաջարկը, ինչը ցույց է տալիս որ Իրանի ԱԳ նախարարի այցը Բաքու չունի Իրանի կողմից նախաձեռնողական միտում և այս պահին Իրանը հանդես է գալիս Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մշակված միակողմանի տեսական քաղաքականության կցորդի և հետևորդի դերում: Սա, անկասկած, չի բխում Իրանի շահերից, որն հավակնություն ունի, որ Թեհրանը պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման համատեղ գործընթացներին: Բաքվին չափից ավելի սիրաշահելը և տարածաշրջանում հետևել Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական և տրանսպորտային նախագծերին այն էլ նվազագույն ձեռքբերումներով, առանց հաշվի առնելու Հայաստանի և այլ հարևանների շահերը, լավ բան չի բերելու Թեհրանին, ինչպես դա տեղի ունեցավ Արցախյան պատերազմում՝ Թեհրանի գաղափարականացված մոտեցումով՝ Հայաստանի և Արցախի տարածքների կորստի նկատմամբ:

Հուսով ենք, որ հունվարի 27-ին Երևան կատարելիք այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաշվի առնելով Իրանի տարածաշրջանային շահերը և Հայ-իրանական բարեկամական հարաբերությունների անցյալն ու հեռանկարը, ավելի նախաձեռնողական ծրագրերով և փոխշահավետ առաջարկներով կներկայանա Երևանում և միայն չի բավարարվի Մոսկվայի և Բաքվի այցերից հետո, Լավրովյան-էրդողանական պլանների կրկնությամբ ու առաջադրանքներով՝ հայկական կողմին:

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031