Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանի գործի քննությունը:
Լեւոն Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:
Լեւոն Սարգսյանն այժմ կալանքի տակ է գտնվում:
Aravot.am-ի հետ զրույցում Լեւոն Սարգսյանի պաշտպանական խմբի անդամ Աշոտ Սարգսյանն ասաց, որ Լեւոն Սարգսյանը դիմում էր ներկայացրել դատարանին` առանց իր ներկայության նիստն անցկացնելու մասին: Լեւոն Սարգսյանը նաեւ դատարանին միջնորդություն է ներկայացրել` իր խափանման միջոցը փոխելու մասին: Աշոտ Սարգսյանը գտնում է, որ Լեւոն Սարգսյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան`նշելով, որ չորս ցուցմունք է եղել նրա դեմ, հետո ոմանք հրաժարվել են իրենց ցուցմունքներից։
Կարդացեք նաև
Նախաքննական մարմնի կարծիքով, հիշեցնենք, ազատության մեջ գտնվելով, Լեւոն Սարգսյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Մեղադրողը համակարծիք է նախաքննական մարմնի հետ:
Այսօրվա նիստում պաշտպանական կողմը նաեւ միջնորդել է գրավ կիրառել` չափը թողնելով դատարանի հայեցողությանը։
Դատախազն առարկել է սույն միջնորդության դեմ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ`միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի վաղը, ժամը 10.00-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ