Ռուսաստանի արտագործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Իրանի իր գործընկեր Մոհամեդ Ջավադ Զարիֆին. հանդիպմանը քննարկվել են նաև Արցախյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:
«Հաշվի առնելով մեր երկրների դերակատարությունը մեզ շրջապատող տարածաշրջանում՝ մենք շահագրգռված ենք խորացնել համագործակցությունն այնպիսի հարցերով, ինչպիսիք ենք Պարսից ծոցի անվտանգությունը, աֆղանական կարգավորման խնդիրները, և իհարկե, կարելի է քննարկել իրավիճակը, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունից հետո»,- ասել է Լավրովը:
Իր հերթին Զարիֆը շնորհավորել է Սերգեյ Լավրովին և Վլադիմիր Պուտինի հակամարտության ավարտի կապակցությամբ:
Կարդացեք նաև
«Մեր ընդհանուր մտահոգությունն այն է, որ հակամարտությունն ընթանում էր մեր և ձեր հարևանությամբ, թեժացնում էր իրավիճակը, և այնտեղ մարդիկ էին զոհվում: Ես կարծում եմ, որ կա հավանականություն այդ հակամարտությունը վերածելու մեզ համար ինչ-որ ընդհանուր հնարավորության: Իմ այցի նպատակներից մեկն է մշակել հնարավորություններ, որոնք բխում են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև Ռուսաստանի նախագահի ղեկավարությամբ ձեռբ բերված պայմանավորվածություններից»,- ասել է Իրանի արտգործնախարարը:
Զարիֆը նաև հիշեցրել է, որ հակամարտությունն ընթանում էր իր սահմանի անմիջական հարևանությամբ, և դրա լուծումը կարևոր է «ազգային անվտանգության տեսանկյունից»: Նրա խոսքով՝ Իրանը «հսկայական ջանքեր է գործադրում» հակամարտության համար տարածաշրջանային լուծում առաջարկելու համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ