Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նոր երկաթգծի կառուցմամբ մի քանի հարյուր հազար մարդ կարտագաղթի, մնացածն էլ կդառնան ադրբեջանցիների «բատրակները». Հրաչ Բերբերյան

Հունվար 26,2021 18:20

«Արցախի յոթ շրջանները հանձելուց հետո մենք մոտ 3000 հեկտար այգի, 50 հազար հեկտար ցորենի ցանքատարածքներ ենք կորցրել, մոտ 200 հեկտար սոխի ցանքատարածություններ ենք կորցրել, ծիրանի, դեղձի ու նռնենու այգիներ ենք կորցրել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով, Արցախի գյուղատնտեսությունը նախնական հաշվարկներով 40-50 միլիոն դոլարի կորուստ էր գրանցել, բայց այժմ այդ կորուստների չափը հասնում է 80-100 միլիոն դոլարին։

«Յուրաքանչյուր տարի այդ գումարի բերք ունեինք: 100 հազար տոննա ցորեն ներկրում էինք Արցախից՝ քանակն ապահովելու համար։ Ռուսաստանից էլ էինք ներկրում, բայց կայուն երեք-չորս տարի այդ ծավալով ցորեն ներկրում էինք Լեռնային Ղարաբաղից: Այսօր ստիպված պետք է լինենք մոտ 15-20 մլն դոլար ավելի ծախսել, որ դրսից ցորեն ներկրենք։ Նույնը մրգի հետ կապված։ Մենք հոյակապ նռան այգիներ ունեինք, սոխի հզոր արտադրություն»,-ասաց Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ այդ ամենում լուրջ դավաճանություն են տեսնում եւ որ «վազող-քայլողների կուսակցությունն» այդ ամենի համար պետք է պատասխան տա»: Ըստ նրա, կոռուպցիայից խոսող իշխող ուժը «ոտքից գլուխ թաղված է կոռուպցիայի մեջ»:

«Դրանք ամոթ, աբուռ, թասիբ ունե՞ն։ Էս աղքատ ժողովրդի՞ն նայենք, թե՞, որ իրենց պարգեւատրում են»,-ասաց պարոն Բերբերյանը: Նրա խոսքով, մի փաստաթուղթ է հայտնվել իր ձեռքի տակ, ըստ որի՝ կազմակերպություններին տրվող պետական գույքի վարձավճարը 3-4 անգամ բարձրացել է. «Այսօր այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ այդ հիմնարկները փակվեն: Հա՛մ էս ժողովրդի գրպանից աշխատավարձ են ստանում, հա՛մ թանկացնում են։ Ես կարծում եմ, որ հարկատուներով պետք է մտածենք, ընդհանրապես հարկեր չմուծենք, որովհետեւ այդ գումարները գնում են մի խումբ մարդկանց գրպանները»:

Բերբերյանը կարծում է, որ երկու օր առաջ, կեսգիշերին Մառնեուլում տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանցիները հարձակվել են հայկական բեռնատար մեքենաների շարասյան վրա, ջարդ ու խուրդ արել բեռներ փոխադրող մեքենաները, սցենար է. «Ասում են՝ տեսեք, մենք ուրիշ ճանապարհ չունենք, Վրաստանն է, հեսա Ադրբեջանը կբացենք»:

Պարոն Բերբերյանը ասաց, որ ներկայումս Ռուսաստանի Դաշնություն մեծ քանակությամբ մթերք է արտահանվում այդ նույն ճանապարհով եւ որեւէ  խոչընդոտ չի լինում. «Ինչ կատարվում է, կառավարության գիտությամբ է կատարվում»:

Անդրադառնալով էկոնոմիկայի նոր նախարարի այն հայտարարությանը, որ ճանապարհները երբ բացվեն կարող ենք տեղական արտադրության մի շարք մթերքներ արտահանել այս թվում եւ լոլիկ, Հրաչ Բերբերյանն ասաց, որ հայկական լոլիկի ինքնարժեքը, վառելիքի ծախսով պայմանավորված, բարձր է, ուստի հայկական լոլիկը մրցակից չէ թուրքականին:

Խոսելով նոր բացվող ճանապարհից ու երկաթգծից, որն անցնելու է Հայաստանի տարածքով՝ միացնելով Թուրքիան Ադրբեջանին, պարոն Բերբերյանն ասաց, որ մի քանի հարյուր հազար մարդ կարտագաղաթի, մնացածն էլ կդառնան ադրբեջանցիների «բատրակները»:
Ըստ նրա, գյուղատնտեսության նախարարություն չունենք, շուտով գյուղատնտեսությունն էլ չենք ունենալու, եթե այս կառավարությունը շարունակի մնալ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031