Լոռու մարզի Մղարթ գյուղի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Նախարարի կարծիքով՝ ՀՀ-ում մետաղական հանքավայրերի շահագործումը ռիսկային է շրջակա միջավայրի վրա ազդեցությամբ, եւ որպես օրինակ բերեց Մղարթի հանքավայրը, որի դեպքում քրեական գործի հարուցման մասին նախարարը նամակ է ստացել ոստիկանապետից՝ ի պատասխան իր հարցմանը:
«Բոլոր մետաղական հանքերը, որոնք գործում են ՀՀ-ում եւ շրջակա միջավայրի վրա, բնականաբար ունեն ուղղակի ազդեցություն, մեր նախարարության լիազորությունների շրջանակում լինելու է իմ ուշադրության ներքո։ Եվ մասնագիտությամբ որպես երկրաբան, կարող եմ ասել, որ մի շարք հանքարդյունաբերող ընկերություններ ամենակոպիտ ձեւով խախտում են բնապահպանական պահանջները, խախտում են նույնիսկ հողաշինական, քաղաքաշինական այն նորմերը, որոնք ի սկզբանե առաջադրված էր իրենց ՇՄԱԳ փորձաքննության պահանջներին համապատասխան, բայց, ցավոք, վերահսկողության ինստիտուտների սակավության եւ տեսուչների սակավաթիվ լինելու պատճառով հավուր պատշաճի չեն ենթարկվում պատասխանատվության»,-ասաց նախարարը։
Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակին՝ պարոն Պետրոսյանն ասաց, որ քանի դեռ քրեական գործը չի ավարտվել, ինքը կամ նախարարությունը չի կարող որեւէ դիտարկում անել, ընդ որում, քանի որ քրեական գործով նոր փաստեր չկան, նախարարությունը չի կարող կարծիք հայտնել:
Կարդացեք նաև
Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ այսօր ՀՀ-ում կա մոտ հինգ տասնյակ պոչամբարներ եւ լքված հանքավայրեր եւ լցակույտեր, որոնք գույքագրված են, եւ մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր ռեկուլտիվացիայի համար, գործող օրենսդրությամբ դրանց զգալի մասը չպիտի լիներ նման վիճակում․«Գործող օրենսդրությունը պահանջում է հանքը շահագործելուց հետո, ներողություն, գերշահույթ ստանալուց հետո ռեկուլտիվացիոն աշխատանքներ կատարել, բայց քանի որ, ինչպես հայտնի է նախկին իրավիճակը, այդ շրջանակներն ունեցել են որոշակի հովանավորչական կապեր, արտոնյալ դիրք, իրավական, քաղաքական որոշակի չգրված օրենքներ իրենց համար, ունենք այն, ինչ ժառանգել ենք։ Այսօր պետությունը չունի այն ահռելի ֆինանսական միջոցները, որոնք կարող են ուղղվել մասնավոր տնտեսության ստեղծած աղետալի հետեւանքները վերացնելու։ Հետայսու մենք պետք է կանխենք նման երեւույթները»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ