Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեւանա լիճը սնող Որոտան եւ Արփա գետերի ակունքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ

Հունվար 26,2021 17:32

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտարարեց, որ Սեւանա լիճը սնող Որոտան եւ Արփա գետերի ակունքները պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել։

«Ցավոք, Քարվաճառի հատվածում են հիմնականում Որոտան եւ Արփա գետերի ջրասնուցման ավազանները։ Սրա հետ կապված բնապահպանական որոշ շրջանակների մեր հայրենակիցներից մտահոգություններ են բարձրացվել, մենք մանրամասն ուսումնասիրել ենք եւ ուղարկել վարչապետի աշխատակազմին եւ պաշտպանական գերատեսչությանը, որպեսզի նրանք ի նկատի առնեն այդ խնդիրներն իրենց հետագա գործողությունների ժամանակ»,-ասաց նախարարը։

Պարոն Պետրոսյանի ներկայացմամբ՝ պատերազմի հետեւանքով շրջակա միջավայրի վնասների ֆինանսական հաշվարկ նախարարությունը չունի, քանի որ բնապահպանության եւ ընդերքի տեսչության իրավասությունն է, բայց վնասները եղել են մի քանի հեկտար անտառային տարածքներում՝ հյուսիս-արեւելյան մասը՝ Արծվաբերդի անտառտնտեսության տարածքներում եւ Սյունիքի մարզի երկու անտառտնտեսությունում՝ Գորիսի եւ Կապանի․ «Որտեղ անմիջական ռազմական գործողություններ են եղել, այդ թվում՝ հակառակորդի հրետակոծության հետեւանքով անտառների զանգվածային հրդեհներ են եղել, մեր փրկարարներն ու նախարարության մասնագետները չէին կարողացել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել»։

Արցախի հարավային հատվածներում, որտեղ եւս լայնածավալ ռազմական գործողություններ են եղել, շրջակա միջավայրի վնասները հայկական կողմը չի կարող հաշվարկել, քանի որ դրանք Ադրբեջանի վերահսկողության տակ են։

Սահմանազատման աշխատանքների հետ կապված պարոն Պետրոսյանն ասաց՝ Զանգեզուր կենսոլորտային համալիրի մեջ մտնող մի շարք արգելավայրեր եւ արգելոցներ սահմանակցում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին՝ արեւելյան եւ արեւմտյան կողմերից․ «Մեր ստորաբաժանման մասնագետների մշտական աշխատանքով հսկողության տակ ենք պահում այդ գործընթացները, որպեսզի այդ հատվածներում մեր արգելոցներ սահմանների խախտումներ չլինեն, այն հատվածների, որոնք մտնում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների մեջ, օրինակ՝ Շիկահողի արգելոցը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031