Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները հեռվից ողջունում են հայերին, ռուսները հորդորում են՝ «կանոնակարգը չխախտել»

Հունվար 26,2021 16:57

Երեք օր առաջ ադրբեջանցիները իրենց մայրենիով ցուցանակ են տեղադրել նաեւ Սյունիքի մարզի Ճակատեն գյուղին հարող իրենց տարածքում։ Լուսանկարում երեւացող ավտոճանապարհը, ըստ սահմանազատման, ադրբեջանական հսկողության ներքո է, սակայն մեր ավտոմեքենաները անարգել, մինչեւ օրս առանց միջադեպերի երթեւեկում են։

Aravot.am-ին Ա․ Մ․-ն (չցանկացավ անունը հրապարակվի-ԱԴ․) պատմեց, որ ճանապարհի մի մասում հայ սահմանապահներն են, մյուսում՝ ադրբեջանցիները, իսկ ռուս խաղաղապահները նույն տարածքի բարձունքներից մեկում են։ «Հսկում են վերեւից, օրվա ընթացքում մի քանի անգամ իջնում, զրուցում թե՛ մերոնց, թե՛ նրանց հետ»,–ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, երբ ադրբեջանցիների մոտ սպայակազմից մարդ չի լինում, նույնիսկ ձեռքով հեռվից բարեւում են ճանապարհով անցնող վարորդներին։ «Բայց մեր սահմանապահներից մեկը պատմեց, որ օրեր առաջ մի քանի ադրբեջանցի, իրենցից «դավոլնի» քայլում էին դիմացի ճանապարհի մեջտեղով: Անցնողներից մեկը հարցրեց՝ ի՞նչ եք անում ստեղ: Պատասխանեցին՝ իրենց տարածքն է, կուզեն կքայլեն, կուզեն՝ կպառկեն»,–ասում է Ա․Մ․–ն։ Միջադեպի մանրամասները հասել էին ռուսներին, եւ վերջիներիս ադրբեջանցիներին նախազգուշացրին՝ «խելոք մնալ ու չխախտել կանոնակարգը»։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանազատման տեղանքը որոշված բարձունքից օրեր առաջ ադրբեջանցիները հանել էին մեր եռագույնը, որից հետո Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի նախաձեռնությամբ հանդիպակաց բարձունքում 30մ բարձրությամբ դրոշ տեղադրվեց։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031