Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արմեն Թռչունյանը մեր գիտության առաջամարտիկն էր, որը վայելում էր ոչ միայն համալսարանականների, այլև միջազգային գիտական հանրության սերն ու հարգանքը». Վահրամ Դումանյան

Հունվար 26,2021 16:27

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահի հրամանագրով գիտության և կրթության բնագավառներում ներդրած ավանդի ու երկարամյա անձնուրաց աշխատանքի համար կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով:

Մեդալը պրոֆեսորի որդուն՝ ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանին, հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարը նախ անդրադարձավ պրոֆեսոր Թռչունյանի անցած գիտական ուղուն՝ բնութագրելով նրան որպես փայլուն գիտնական և իսկական համալսարանական. «Արմեն Թռչունյանը մեր գիտության առաջամարտիկն էր, որը վայելում էր ոչ միայն համալսարանականների, այլև միջազգային գիտական հանրության սերն ու հարգանքը: Ցավում եմ, որ այս մրցանակը նրան հետմահու է շնորհվում:

Վստահ եմ, որ նա դեռ շատ անելիքներ ուներ գիտության, ինչպես նաև երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության դժվարին, սակայն շատ պատասխանատու գործում»:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ Գեղամ Գևորգյանն էլ հույս հայտնեց, որ կրտսեր Թռչունյանը կշարունակի հոր նախանշած գիտական ուղին՝ բարձր պահելով ԵՊՀ-ի հեղինակությունը:

Ականավոր պրոֆեսորի կյանքն ու գործունեությունը հակիրճ ներկայացրեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը. «Շուրջ կես դար է, ինչ ճանաչում եմ Արմեն Թռչունյանին, որը ոչ միայն ականավոր գիտնական էր, այլև լավ գործընկեր, հիանալի մանկավարժ և հոգատար հայր: Նրա համբավը դեռևս տասնամյակներ առաջ տարածվել էր Հայաստանի սահմաններից դուրս: Աշխատասիրություն, նպատակասլացություն, խորը գիտելիքներ ու պատասխանատվության չափազանց մեծ զգացում. ահա մեծ գիտնականին բնութագրող կարևորագույն հատկանիշները: Ուստի նրա վաղաժամ մահն անդառնալի կորուստ էր համալսարանի, Կենսաբանության ֆակուլտետի և ընդհանրապես գիտության բնագավառի համար»:

Կարեն Թռչունյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին հոր գիտական ուղին արժևորելու և բարձրագույն պարգևի արժանացնելու համար. «Ինձ համար շատ դժվար և բավականին հուզիչ պահ է: Նա ինձ համար և՛ հայր էր, և՛ գիտական ղեկավար, և՛ ընկեր: Ես կանեմ հնարավորինս ամեն ինչ՝ շարունակելու նրա ուղին, ավարտին հասցնելու կիսատ գործերը: Վստահ եմ, որ այս ամենն իրագործելու համար բազմաթիվ աջակիցներ ունեմ: Արմեն Թռչունյանի հիմնական նպատակն էր միջազգային գիտական հարթակում մրցունակ դարձնել հայկական ներուժը, և մենք պարտավոր ենք բարձր պահել այդ նշաձողը»:

Արմեն Թռչունյանի՝ որպես ուսուցչի և մեծ գիտնականի մասին խոսեցին նաև նրա գործընկերներն ու ուսանողները:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, Հայ-ռուսական համալսարանի բժշկական կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Արմեն Թռչունյանը կյանքից հեռացել է 64 տարեկանում՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով:

Երևանի պետական համալսարան-YSU

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031