Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղահանված արցախցիները ապագայի վերաբերյալ ոչ մի հստակություն չունեն

Հունվար 26,2021 16:20

Սեպտեմբերի 27 – ին Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած 44 օրյա պատերազմի հետևանքով հազարավոր ընտանիքներ տարհանվեցին իրենց տներից։

Տավուշի մարզում սեպտեմբերի 27 – ից ի վեր ժամանակավոր բնակություն են հաստատել 1846 արցախցի, որից 1208-ը արդեն վերադարձել են իրենց նախկին բնակության վայրեր։

Այս պահին Տավուշի մարզում բնակվում են 638 տեղահանված արցախցիներ, որոնցից 225 -ը անչափահաս երեխաներ են։

Ընտանիքների մեծ մասը բնակվում է ժամանակավոր ապաստարաններում, քանի որ իրենց տունը և ունեցվածքը մնացել է թշնամու տիրապետության տակ։

Խաչատուր Ավետիսյանը Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղից է։

Այժմ երեք անչափահաս երեխաների, մոր ու կնոջ հետ ապաստանել է Տավուշի մարզի Գոշ գյուղում։

Արդեն երկրորդ պատերազմին մասնակցող Ավետիսյանը հենց առաջին օրվանից առաջնագծում է եղել։

Պատմում է, որ այս պատերազմը ապրիլյանից տարբերվում էր, քանի որ այստեղ միայն Ադրբեջանի զորքը չէր. « Եթե մենակ ադրբեջանցու հետ կռվեինք, մենք էսքան կորուստներ չէինք ունենա։ Հենց առաջին օրը անօդաչու սարքերը ոչնչացրել են մեր հակաօդային տեխնիկայի մեծ մասը։ Իսկ դրանից բացի` մենք ականատես ենք եղել նաև մի շարք դասալքությունների, տեղ է եղել, որ կռիվ չի գնացել ու թուրքերը ձեռքերը ջեբը դրած եկել են, վերցրել են դիրքը։ Ցավոք մեր զորամասի հրամանատարը՝ Կիրակոսյանը զոհվեց, բայց իր շնորհիվ մենք մի քանի դիրքեր կարողացել էինք վերցնել ու ինքն էլ մինչև վերջ մեզ հետ կանգնել է դիրքերում»,- պատմու է Ավետիսյանը։

Պատերազմում ականի պայթյունից երեք անչափահաս երեխա ունեցող Խաչատուրը կորցրել է աջ աչքը և բազմաթիվ բեկորային վնասվածքներ ստացել գլխի հատվածում։

«Պայթյունը ինձ մոտ 15 մետր հետ շպրտեց։ Արդյունքում աջ աչքս ամբողջությամբ կորցրել եմ և հիմա սպասում ենք, որ Ռուսաստանից մասնագետներ պետք է գան ու պրոթեզավորում անեն, որովհետև աչքս սկսել է փոքրանալ ու վնասում է նաև առողջ աչքին»,- պատմում է Ավետիսյանը։

Բացի աչքից` Խաչատուրն ունի նաև մոտ իննը բեկոր գլխի շրջանում, որոնցից երկուսը ուղեղին շատ մոտ են, սակայն բժիշկները պնդել են, որ բեկորները հնարավոր չէ հանել, քանի որ ոսկորն ամբողջությամբ ցանց կդառնա։

Խաչատուրի մայրը՝ Սեդա Ավետիսյանը հիշում է, որ պատերազմի օրերին երբ հարսն ու թոռները տարհանվել էին, ինքը մինչև վերջ հրաժարվել է դուրս գալ գյուղից. «Ես ասացի՝ ինձ որ սպանեք էլ՝ ես տնից դուրս եկողը չեմ, իմ տղան սահմանին է ու ես մնալու եմ գյուղում մինչև ամեն ինչ ավարտվի։ Այդպես էլ գյուղում մնացած 12 կանանցով 8 օր զինվորների համար հաց ենք թխել և ուղարկել առաջնագիծ։ Օրը 500 հաց էինք թխում։ Վերջին հաց թխելու օրը լուրը բերեցին, որ տղաս վիրավոր է։Այդպես էլ նախ տարան Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխեցին Երևան»։

Տունն ու ամբողջ ունեցվածքը կորցրած ընտանիքի համար այլևս կարևոր չէ, թե որտեղ կապրեն։ Ասում են, եթե մեր գյուղը հետ տան՝ կգնան կապրենք այնտեղ, բայց եթե չտան՝ մեզ համար արդեն մեկ է, թե որտեղ կլինենք։

Գոշից ոչ շատ հեռու գտնվող Աղավնավանք գյուղում էլ իր երկու անչափահաս աղջիկների հետ Արցախյան պատերազմի հետևանքով իրենց տունը կորցրած Մարգարիտա Շուրկովան է ապաստան գտել։

Սումգայիթի ջարդերի ականատես միայնակ մայր Մարգարիտան այս անգամ էլ Քարվաճառից է ստիպված եղել գաղթել։

Պատերազմը սկսելուց հետո Մարգարիտան երկու անչափահաս աղջիկներին Վարդենիսում ապահով ապաստան գտնելուց հետո վերադարձել է նորից Քարվաճառ և օգնել տեղում իրականացվող աշխատանքներին. «Մաքրություն էի անում, ճաշ էի պատրաստում, անգամ եղել է, որ հիվանդասենյակն եմ օգնել մաքրել։ Ինչով կարողանում էի `օգնում էի»։

Քարվաճառի իր տանից կարողացել է առաջին անհրաժեշտության իրերը միայն վերցնել, ինչպես նաև ընտանիքի բարեկամ երկու կատուներին ու Քարվաճառի ճանապարհին լքված շանը։

Մարգարիտան պատմում է, որ հիմա իրենց կանչում են Արցախում նորից բնակվելու, սակայն ինքն արդեն վախենում է երկու աղջիկների հետ այնտեղ ապրելուց։

Նշում է, եթե աշխատանք գտնի` կկարողանան նաև այստեղ ոտքի կանգնել, իսկ առաջնային հարցն իր համար աղջիկներին լավ ուսում ապահովելն է։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարները՝ Ժոզեֆ Զաքարյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031