Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը՝ հերթական Մեծ խռովքին ընդառաջ եւ «երկատված» Հայաստանը

Հունվար 26,2021 22:00

Ս.Թ. Հունվարի 23-ին բողոքի աննախադեպ լայնածավալ ցույցերը ցնցեցին Ռուսաստանը։ Ավելի քան հարյուր խոշորագույն քաղաքներում քաղաքացիները դուրս եկան իրենց կենտրոնական հրապարակները եւ փողոցները մեկ մարդու՝ Կրեմլի գլխավոր ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնիի կոչով։

Կրքերը թեժացրեց Նավալնիի գլխավորած՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի կողմից ստեղծած փաստագրական ֆիլմի YouTube-յան պրեմյերան, որը համընկավ նրա՝ Գերմանիայից վերադառնալու եւ այնուհետեւ կալանավորվելու հետ։ Ֆիլմում պատկերված՝ մեկ եւ կես միլիարդ դոլար արժողությամբ, անողոք եւ անիմաստ պալատական համալիրը, որը կոչում են «Պուտինի պալատ»՝ խորապես վրդովվեցրել է Ռուսաստանի քաղաքացիներին, հատկապես՝ երիտասարդությանը, որը, ինչպես ցույց տվեցին հետագա դեպքերը, պատրաստ է ոչ միայն համակարգչի ստեղնաշարով ազատ մտքեր եւ գաղափարներ արտահայտել, այլեւ փողոցում ինքնակազմակերպվել եւ դիմադրել ահռելի ռեպրեսիվ մեքենային։ Իսկ կալանավորված Նավալնին, որին հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ճանաչել են որպես խղճի կալանավոր, արդեն դարձել է համառուսաստանյան նշանակության քաղաքական առաջնորդ, եւ նախագահ Պուտինը չի կարող հաշվի չնստել այդ իրողության հետ։

Ռուսաստանը կանգնել է հերթական Մեծ խռովքի նախաշեմին եւ թեւակոխել է շրջապտույտի, անորոշության փուլ, որից դուրս գալը երկար ժամանակ է պահանջելու։

Թավշյա հեղափոխության հաղթանակի եւ դրան հետեւած՝ 44-օրյա պատերազմում պարտության միջով անցած Հայաստանում ռուսաստանյան ցույցերի ազդակները երկակի «նստվածք» թողեցին։ Անշուշտ, կրիմինալ օլիգարխիայի անսահմանափակ գերիշխանության, համակարգային կոռուպցիայի շոշափուկներից ձերբազատված հանրությունը չի կարող չհամակրել հարյուր հազարավոր ռուսաստանցիներին, որոնք նույն մղումներով, քաջաբար դուրս են գալիս խաղաղ բողոքի՝ հանուն իրենց իրավունքների եւ ապագայի։ Պատմական փորձը եւս հուշում է. Հայաստանում ազատությունը շահում է, երբ այն շահում է Ռուսաստանում, երբ պարտվում է ռուսական կայսերապետությունը եւ բռնապետությունը։ Հենց այդպիսի դեպքերը հնարավորություն ստեղծեցին գրեթե հազարամյա խավարից հետո վերականգնել Հայոց պետականությունը Հայկական բարձրավանդակում 1918-ին, իրականություն դարձնել մի երազանք, որի թշնամին էր ցարիզմը։ Եվ համանման պայմաններն էին 1991-ին, որ հնարավորություն բացեցին վերականգնելու կորսված անկախությունը՝ իրականություն դարձնել մի գաղափար, որի թշնամին էր ցարիզմի վատթարագույն բնազդները եւ հատկանիշները փոխառած, այն պետական տեռորի աստիճանի հասցրած կոմունիստական բռնապետությունը։

Սակայն, պատմական փորձը մի բան եւս հուշում է. որ իր մայրամուտին, Մեծ խռովքին եւ անխուսափելի փլուզմանն ընդառաջ՝ թե՛ ցարական, թե՛ խորհրդային կայսրությունը Կովկասում թիրախավորում է հայ ժողովրդին, որպես գործիք օգտագործելով տարածաշրջանի ամենահետադիմական եւ խավարամիտ ուժը՝ կովկասյան թաթարների-ադրբեջանցիների՝ դավադրապաշտությամբ ներծծված հայատյացությունը, որը մինչ այդ ամենայն խնամքով սնուցվում եւ նախապատրաստվում էր «իքս» պահի։ Այդ «իքս» պահն էր 1905-ը, 1918-ը, 1988-ը, 1990-ը, եւ, ըստ հայկական քաղաքական դիցաբանության՝ «մեր դարավոր բարեկամները» կամ «զբաղված էին ներքին խնդիրներով», կամ «ուշանում էին երեք ժամով», իսկ «ուշացած» գալով՝ խնդիրը դարձնում անլուծելի։ Ո՞րն էր լինում այդ ամենի վերջնարդյունքը։ Հայ ժողովուրդը կրում էր անդառնալի կորուստներ, եւ ոչ միայն ժողովրդագրական, ինքնապաշտպանական հնարավորությունների առումով դառնում ավելի խոցելի, իսկ կայսրությունը «վերադառնում» էր, մեր թշնամիների հետ դաշնակցելով, զրկելով մեզ նույնիսկ այն չնչին հույսից, որ մեր կորուստներն այն գինն էին, որը մենք վճարում ենք մեր ազատության եւ անկախության համար։

Ուշագրավ փաստ է նաեւ, որ թե՛ 1905-1918-ին, թե՛ 1988-1991-ին հայերը դաշնակցում էին Ռուսաստանում հեղափոխական ուժերին երկրի ողջ տարածքում, իսկ տարածաշրջանում հանդիսանում էին որպես ամենակազմակերպված հեղափոխական ուժը, որպես ցարական/սովետական լծի դեմ պայքարի առաջամարտիկ…

Այդ ժամանակներից շատ ջրեր են հոսել, շատ բան փոխվել է, բայց փոխվե՞լ է արդյոք Ռուսաստանը։ Այս հարցի պատասխանը հայկական միջավայրում սովորաբար չի բարձրաձայնվում, քանզի հույսը մնում է, որ չի կարող չփոխվել, բայց մյուս կողմից, դրական պատասխանի հիմքերն են խիստ թերի։ Հոկտեմբերի 27, աննախադեպ համակարգային թալան եւ ռազմավարական նշանակության պետական գույքի օտարում հօգուտ ռուսական կողմի, սեպտեմբերի 3-ի խայտառակություն, Քառօրյա Ապրիլյան պատերազմ եւ «մեր դարավոր բարեկամի բիզնեսը», Թավշյա հեղափոխություն եւ թունավոր հակահայկական պրոպագանդա եւ վերջապես 44-օրյա պատերազմ, երբ «ռազմավարական դաշնակցի պարտավորությունները չեն տարածվում…», «զենքը լավը չէր», «Ադրբեջանի սուվերեն իրավունքն է ընտրել այն դաշնակցին, որին հարմար է գտնում», «չի կարելի Թուրքիային մեղադրել միջազգային իրավունքի խախտման մեջ», եւ ռուս խաղաղապահներ՝ կտրատված Արցախում, իսկ պատերազմի ընթացքում՝ ռուսական «լիբերալ» մամուլի զազրելի պահվածք ընդդեմ Հայաստանի եւ Հայկական Բանակի եւ, ինչպես կասեր «դասականը»՝ ցածր սոցիալական պատասխանատվություն…

Ահա՛ ձեզ մեր «լավատեսության» հիմքերը։ Իհարկե, վաղ թե ուշ, ռուս ժողովուրդը եւս կնվաճի իր ազատությունը, եւ հակառակը պնդելն ուղղակի ռասիզմ է։ Սակայն ռուս ժողովուրդը մինչեւ հաղթահարի իր այդ պայքարի ուղին՝ ի՞նչ կմնա Հայաստանից եւ հայ ժողովրդից։ Դա ամենեւին էլ ռուս ժողովրդի մտահոգության առարկան չէ, այլ մե՛ր, մանավանդ երբ քանիցս ենք տեսել, թե ինչպես է ռուսական ազատականությունն ավարտվում այնտեղ, որտեղ սկսվում է ոչ ռուսների ազատությունը եւ անկախությունը։

Իսկ մեզ մնում է միայն մեկ տարբերակ. ռուսական հերթական Մեծ խռովքին ընդառաջ վերակառուցել եւ ամրապնդել մեր՝ միջազգայնորեն ճանաչված Ազատ եւ Անկախ պետականությունն, իր բոլոր ինստիտուտներով, որոնք երկու տասնամյակ բովանդակազրկվելուց հետո հիմնովին խարխլվել են պատերազմի արդյունքում։ Մեր «անվտանգության բարձիկները» վերաստեղծելու գործը մեր փոխարեն ոչ ոք չի անելու, անկախ նրանից, թե ով, որտեղ, ինչի համար է պայքարում եւ ինչի է հասնելու։

Համենայն դեպս, փաստ է, որ հայերն այլեւս առաջամարտիկը չեն Ռուսաստանում ծավալվող իրադարձություններում, եւ դա խիստ դրական իրողության արձանագրում է։ Բարին ընդ ձեզ, հարգելի ռուսաստանցինե՜ր, ձեզ մեծ հաջողություններ, բայց այս անգամ եւ հետայսու՝ արդեն առանց մեզ։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հ.Գ. «Ռուսաստանը կողջունի, ասաց Նորին Գերազանցությունը (իշխան Լոբանովը), բարեփոխումները սուլթանի հպատակների շրջանում, բայց նա չի համաձայնի իր սահմանների կողքին մի տարածքի ստեղծմանը, որտեղ հայերը կօգտվեն հատուկ արտոնություններից՝ Փոքր Ասիայում փաստացի երկրորդ Բուլղարիայի ստեղծմանը»։ Սա մեջբերում է Ռուսաստանում Բրիտանիայի դեսպան Ֆրենսիս Լասելսի նամակից՝ իր ԱԳ նախարարությանը, գրված 1895թ. հունիսի 13-ից։ Մեջբերված է Խրիստիան Ռակովսկիի «Ռուսաստանն Արեւելքում» գրքից (էջ 120), Կիեւ, 2019, վերահրատարակված եւ թարգմանված բուլղարերենից (Սոֆիա, 1898): Իսկ «Ռուսաստանը Հայաստանում» գլխի վերջաբանում բուլղարացի հեղինակը գրում է հետեւյալը. «Ավա՜ղ։ Ոչինչ չի՛ կարող վերադարձնել հայ ժողովրդին, նրա հույսերը եւ նրա իդեալները։ Հայաստա՜ն։ Խե՜ղճ եւ դժբախտ Հայաստան, մի՞թե դու ընդմիշտ դատապարտված ես կրելու ստրկության, սովի եւ ստորացման կապանքները։ Ո՛չ։ Հողից, որը սնուցվել է ձեր զոհերով, խոնավացել ձեր արցունքներով եւ արյամբ՝ կաճի ազատության ծառը, որի ստվերում ապաստան կգտնեն բոլո՛ր արեւելյան ժողովուրդները։ Այո՛, այո՛։ Մենք երախտապարտ ենք քեզ, վեհա՜նձն ժողովուրդ։ Հրդեհները, որոնք այրեցին քո բարգավաճումը, արյան գետերը, որոնցում խեղդվեցին քո զավակները, կքշեն կտանեն Արեւելքում ռուսական ազդեցության վերջին հետքերը։ Զանգերի ղողանջները, որոնց ներքո հուղարկավորում էին քո զոհերին, ազդակ էին մեր զարթոնքի՝ որոշ «ազատագրական» իրադարձությունների նկատմամբ ամենահիմար եւ ամենախայտառակ ստորաքարշությունից, որոնց նշանակությունը մենք սխալ էինք մեկնաբանել» (նույնը, էջ 126-127)։

«Առավոտ» օրաթերթ
26.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Հակառուսական ուժերի արթնացում ու աշխուժացում (ես նույնիսկ զարմացա, որ պ. Մեհրաբյանը լուռ էր այս 2-3 օրը)։ Եթե դուք ռուսական բաժնի խմբագիրն եք, գոնե մի քիչ անկողմնակալ հոդվածներ գրեք կամ փոխեք աշխատակազմում ձեր “պաշտոնը” ՝ հակառուսական բաժնի խմբագիր (չնայած սա ավելի շատ երեւի պ. Աբրահամյանի գործառույթի տիրույթում է)։ Ես, օրինակ, տեսնում եմ պատմությոնից, որ միացյալ արեւմուտքը միայն խճում ու հումանիտար օգնություն է տրամադրում մեզ եւ այլընտրանքը Ռուսաստանի ( անկախ նրանից ով է ղեկավարը ՝ Պուտինը, Նավալնին, Լենինը, թե Ալեքսանդր III)՝ մեր վերածումն է “քրդական կարգավիճակի”։ Պետք են գրագետ դիվանագետներ, կարծում եմ, մնցածը՝ “լիրիկա” է։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031