Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքապետերի սև ցուցակի ու Շիրակի մարզպետի պաշտոնի առաջարկը մերժելու մասին․ Սուրեն Պապիկյանի պարզաբանումները

Հունվար 26,2021 15:52

Տևական ժամանակ է՝ մամուլում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ ում առաջարկում են Շիրակի մարզպետի պաշտոնը, հրաժարվում են ստանձնել։ Միակ անձը, որը համաձայնել է՝ վիրաբույժ Հովհաննես Հարությունյանն է։

Այսօր Aravot.am-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները և ո՞ւմ է առաջարկվել, որ մերժել են։

«Միակ առաջարկը, որ եղել է՝ եղել է պարոն Հովհաննես Հարությունյանին, որը չի մերժել առաջարկը և այս դժվարին ժամանակաշրջանում բեռը վերցրել է իր ուսերին, ինչի համար շնորհակալ ենք։ Միասին աշխատելու ենք, և լուծելու ենք բոլոր խնդիրները»,-ասաց նախարարը։

Հարցին՝ հաճախակի չե՞ք փոխում Շիրակի մարզպետին, նոր մարզպետները չեն հասցնում անգամ ծանոթանալ մարզի խնդիրներին, նախարարը պատասխանեց․ «Ես այդպես չեմ կարծում․ 2,5 տարվա ընթացքում, այո՛, 3 փոփոխություն ունեցել ենք, բայց այդ փոփոխությունները պայմանավորված են եղել տարբեր հանգամանքներով։

Առաջին փոփոխությունը․ մեր գործընկերը տեղափոխվել է Ազգային Ժողով, հիմա բնական է, փոփոխություններ են թիմում։ Փոփոխությունները միշտ կարող են լինել տարբեր պատճառներով։ Այնպես որ, պետք չէ կարծել, թե դրանից մարզը տուժելու է ու անձերով ամեն ինչ չպայմանավորենք։ Մենք խնդիր ունենք ինստիտուտների ձևավորման ու յուրաքանչյուր մարզպետի խնդիր իր հետևից թողնել կայուն, ամուր թիմ, համակարգ, որը կկարողանա լուծել մարզի առաջ ծառացած խնդիրները»։

Նա չպարզաբանեց, թե ինչո՞ւ է հրաժարական ներկայացրել Տիգրան Պետրոսյանը, ասաց, որ նա խոստացել է ասուլիս տալ, ինքն էլ կխոսի այդ մասին։

«Կարող եմ ասել, որ պարոն Պետրոսյանի հետ բավականին ջերմ աշխատանքային հարաբերություններ ենք ունեցել և ունենք, նաև բարեկամական, ընկերական հարաբերություններ, այլ մեկնաբանություն չունեմ։ Մնացածը պարոն Պետրոսյանի դաշտում»,-ասաց նախարարը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հետպատերազմյան շրջանում փակ հանդիպումներ եք ունեցել համայնքապետերի հետ, ինչո՞ւ եք որոշել փակ ձեւաչափով հանդիպել և արդյոք կա՞ սև ցուցակ, որի մեջ ընդգրկված են վարչապետի հրաժարականը պահանջող համայնքապետերը, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «ՁԵր տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, որևէ փակ ֆորմատով հանդիպում չենք ունեցել։ Բոլոր հանդիպումները եղել են բաց, ընդ որում դրանք եղել են մարզպետների նշանակման կապակցությամբ, այսինքն՝ այլ առիթով ես համայնքապետերի հետ չեմ հանդիպել»։

Նա ասաց, որ իրենք սև ցուցակ չեն ունեցել և չունեն։

«Կարծում եմ՝ հանրությունն է որոշողը, թե որ համայնքապետը որ ցուցակում կհայտնվի, ու հանրությանն այդ հնարավորությունը կընձեռվի։ Դա վերաբերում է նաև քաղաքական ուժերին, վերաբերում է բոլորիս, որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է ու այդ կարևոր սկզբունքը ոչ մեկը չի կարող խախտել ու թույլ չենք տալու, որ խախտեն»,-շարունակեց Սուրեն Պապիկյանը։

Շիրակի մարզի ամենացավոտ խնդրի՝ գերիների վերադարձի հետ կապված էլ ասաց, որ այն իր իրավասություններից ու գործառույթներից դուրս է, բայց ինքն այսօր ցանկություն է հայտնել հանդիպել նրանց հարազատների հետ։ Նախարարն ասաց, որ մեր 62 եղբայրների Ադրբեջանում լինելը հաստատված է նաև «Կարմիր Խաչով», և դա երաշխավորում է նրանց անվտանգությունը․ նրանց կյանքին ու առողջությանը որևէ սպառնալիք լինել չի կարող։ Այժմ ամենօրյա ռեժիմով աշխատում են նրանց վերադարձի ուղղությամբ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Սուրեն Պապիկյանի լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031