Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հասցե չունենք». Արցախցի Էլենի կիսատ մնացած խնձորը, Ալիեւի խմած հայկական կոմպոտն ու Անահիտի բողոքը. «Ստեղի դպրոցը լավը չի, ի՛մն եմ ուզում, ընկեր Վերդյանի՛ս եմ ուզում»

Հունվար 26,2021 15:29

Նորքի թիվ 17 հատուկ դպրոցում ենք: Այս օրերին դպրոցի դասասենյակները, որպես պետական կացարան հատկացված է Արցախից եկած ընտանիքներին:

Սենյակներից մեկի դռան մոտ բազմաթիվ կոշիկներ են շարված, ենթադրում ենք՝ ընտանիքը բազմանդամ է, կամաց բացում ենք դուռը: Անահիտն ու Տաթեւն են մեզ դիմավորում՝ իրենց պատրաստած կախարդական փայտիկներով: Ծառի ճյուղի վրա գունավոր թելեր են փաթաթել ու հավատում են փայտի զորությանը՝ մի օր մի հարվածով վերադարձնելու է իրենց տունը:

Իսկ Անահիտենց տունը Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում էր: Գյուղը հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է: Կիրակոսյանները համացանցի տեսանյութերով են նայում իրենց գյուղը՝ Ադրբեջանի դրոշի ներքո, այդ տեսանյութերում երեւում է իրենց տան բակը, դատարկված փողոցները: Երբ հարցրեցինք՝ ի՞նչն ես կարոտել ամենաշատը, Անահիտը, որ մինչ այդ կախարդական փայտիկով հրճվում ու ժպտում էր, պարզապես «փուլ եկավ»…Գլուխը դրեց փոքր քրոջ ուսին ու սկսեց հեկեկալ. «Կարոտել եմ դպրոցս, դասատուներիս»:

Այստեղ՝ Երեւանում երեխան դպրոց չի ուզում գնալ, ունի իր հիմնավորումը՝ «ստեղի դպրոցը լավը չի, ի՛մն եմ ուզում, ընկեր Վերդյանի՛ս եմ ուզում»: Անահիտի այս խոսքերից հետո սենյակում լռություն իջավ, հայրն ու մայրը լուռ քաշեցին մեկական անձեռոցիկ ու սկսեցին սրբել իրենց արցունքները:

Դպրոցի անունը տալիս՝ ամեն անգամ Անահիտը կուչ է գալիս մի անկյունում ու տեւական ժամանակ լաց լինում: Ընկեր Վերդյանի հետ տեսակապով զրույցներն էլ չեն օգնում, հոգեբանների հետ աշխատանքն էլ:

«Ես ու Անահիտը գերազանցիկ էինք: Արդեն ես ռուսերեն էի անցնում, իսկ Անահիտն անցել էր»,- պատմեց Անահիտի քույրը՝ Էլենը, որը սովորում է երկրորդ դասարանում:

Էլենը երազում է, որ իրենց տունը ինչ-որ հրաշքով գա Երեւան: Ասում է՝ տան ամեն ինչն է կարոտել՝ պատերը, դասընկերներին, բակի ընկերներին:

Փոքրիկ Տաթեւը կարոտել է իր տիկնիկները, ամենաշատը՝ սիրելի ռոբոտին: Այնքան հրատապ են դուրս եկել, որ ոչ միայն Տաթեւի տիկնիկները, այլ անգամ առաջին անհրաժեշտության ապրանքներ վերցնել չեն կարողացել, դուրս են եկել տնային հագուստով, հողաթափերով:

Կարինե Մովսիսյան

«Միտք չունեինք դուրս գալու: Ես տանից դուրս եկա, որ գնամ խանութ, հաց բերեմ ուտենք: Ճանապարհից հետ ուղարկեցին»,- պատմեց երեխաների մայրը՝ արցախցի Կարինե Մովսիսյանը,- «Գյուղապետը մեքենա էր ուղարկել, թե՝ բոլոր բնակիչները շտապ թող դուրս գան: Վտանգավոր է: Բոլորին հանում ենք: Արագ ինչ ձեռքիս տակ ընկել է, երեխաների հագուստ, բան… անգամ փոքր աղջիկս իր ամառային հողաթափերով ու կոշիկներով է դուրս եկել: Տան դուռն էլ չեմ փակել, վազելով դուրս ենք եկել»:

Մորը հերթ չտալով՝ 7-ամյա Էլենը սկսեց պատմել, թե Իշխանաձորում անցկացրած վերջին օրը ինչ է պատահել. բակում նստած խնձոր է կերել ու խաղացել. «Պոչից սենց բռնել, ուտում էի, տակից կիսվեց, ընկավ, կեսը մնաց ձեռս»: Հակառակորդի արկերից բեկոր է եղել: Բարեբախտաբար, երեխան չէր վնասվել, Էլենը նույնիսկ չէր հասկացել՝ ինչ էր կատարվել, կարծել էր՝ խնձորի կեսը գողացան:

«Պապան չէր ուզում գալ: Մենք մի քիչ մնացինք դպրոցի տնօրենի պահեստում, հետո արագ վազելով՝ փախանք տուն: Կրակոցն եղավ, նստեցինք ավտոն ու գնացինք»,- քաոսային չարաբաստիկ օրը այսպես սկսեց պատմել երեխաներից մեկը:

Կարինե Մովսիսյան

Կարինեն ցավով ու ափսոսանքով է հիշում Արցախում թողած ամեն իր՝ տան կաթսաներից, թասերից սկսած՝ մինչեւ բակում թողած վերջին ցախը. «Ամսի 27-ի գիշերը մենք մեր տան մի սենյակը վերանորոգում էինք, լամինատ էինք խփում, ես էլ «կարմիր պղպեղ» էի ուզում փակեմ: Ժամը 5-ին պրծանք, հաց տվեցի մեր վարպետներին ճամփեցի: Առավոտը 7:30-ին դուրս եկա, որ  պղպեղը փակեմ: Գմփոց լսեցի: Ամուսնուս ասացի՝ հաստատ կռիվ է: Թե՝ չէ հա, կռիվ չի, զորավարժություն է: 8-ից քանիս էր պակաս՝ մեր տան վերեւով տանկեր էին արագ-արագ գալիս, գնում: Ես մի կողմից հա՛մ փակում եմ պղպեղը, դե, չեմ պատկերացնում, գիտեմ՝ քառօրյայի նման է լինելու, մի կողմից հաց եմ սարքում ուտելու: Տանկերը մեր տան մոտով էին անցնում, կամրջով չէին անցնում, որ չփլվի, գետով էին անցնում: Անցնելուց մի հատ տանկ, չեմ իմանում ինչ եղավ՝ վառվեց: Ինձ դա է ցավ տալիս, որ ինչ վիճակում եմ փակել պահածոս: Մի կողմից դա թողել եմ, ջուր, ավազ եմ տարել հասցրել, տանկի կրակը հանգցրել, այնտեղից եկել եմ՝ չեմ իմանում ինչ վիճակում եմ փակել: Ամեն ինչն եմ ափսոսում, ինչ թողել եմ այնտեղ…Էս տարի, ոնց որ թարս լիներ, ամեն ինչը շատ-շատ եմ փակել, լինի վարունգը, կարմիր բիբարը…Երեկ հարեւանս կարմիր պղպեղի պահածո բերեց, ասացի՝ վա՜յ, երանի իմ փակածները լրիվ  բոտուլիզմ լինի, Ալիեւն ուտի…»:

Երբ կատակեցինք՝ Ալիեւը հենց պիտի մտներ ձեր նկուղ ու ձեր «պղպեղնե՞րը» ուտեր, Կիրակոսյանները հակադարձեցին: Ադրբեջանական տեսանյութերում տեսել են՝ Ալիեւը մտել է հենց իրենց տուն ու իրենց կոմպոտները խմել, ոտքն էլ դրել իրենց մեքենայի «շիթին»: Ֆեյսբուքում տեսել են նաեւ, թե ինչպես են ադրբեջանցիները մտնում իրենց հարեւանի տուն կոմպոտները խմում, կեսն էլ ջարդուփշուր անում:

Զավեն Կիրակոսյան

Ընտանիքի հայրը՝ Զավեն Կիրակոսյանը ցուցադրեց հեռախոսի մեջ պահպանած տեսանյութերը. «Սա մեր տունն է, հիմա վառած է: Բացեցի տեսա՝ լուսամուտներից արդեն մուրը կապած, կռիշը չկա, ավտոն՝ վառած: Էլի հետ եմ գնալու: Անպայման: Բա տնկածս ծառերը թողնեմ նրանք վայելե՞ն»:

Կացարանում Արցախից եկած բնակիչներով իրար վերջին լուրերն են հաղորդում. «Իմացա՞ր, էն օրը Ալիեւի կնիկը բալկոնիցդ ասում էր՝ բարեւ, Դավոյենց բախչից էլ կառալյոկ էր հանում, Ալիեւը լափում էր, յախշի խուրմա, դե կե՛ր: Շանդ էլ եմ տեսել, բալկոնում կանգնած՝ հաչում էր, Սեւոն էր»:

Սամվել Հովսեփյան

Իշխանաձորցի Հովսեփյան Սամվելը պատմեց, որ իր տանից դուրս գալուց առաջ հիշել է, որ մի պարկ լավաշ ունի թխած. «Տարա լցրեցի տունը, ջարդեցի, շան ձագին ներս գցեցի, ասի՝ թող զբաղվի, ձագին մեծացնի ու գնացի»:

«Շուն» բառը, ինչպես «կատու», «Իշխանաձոր», «Քաշաթաղ», «Արցախ», «դպրոց» բառերը, Կիրակոսյանների ներկայիս կացարանում արգելված է օգտագործել: Ցավոտ թեմա է Անահիտի համար: Իր սիրելի շանն է հիշում ու անդադար կրկնում՝ «Ալիեւն իմ շանը տարել է իրա տուն»: Հայրը, թեման փոխելու համար կատակում է՝ «50 հատ հավ ունեի՝ չեն ափսոսում, մի հատ կատու եք թողել՝ ափսոսում եք: Իմ այգին եմ ես էլ ափսոսում»:

Կիրակոսյանների ընտանիքն ապրում է ամուսնու՝ Զավեն Կիրակոսյանի զինվորական թոշակով եւ որպես օգնություն տրվող սննդով: Իսկ կառավարության աջակցության ծրագրերից դեռ ամբողջությամբ չեն կարողացել օգտվել. «Խնդիրների մեջ ենք, ամեն օր վազվզոցների մեջ: Փոքր աղջկաս հիմա հաստատում են, որ Արցախի բնակիչ է, դիմել ենք, իր գումարը հաստատվել է՝ 300 հազարն էլ, 83 հազարն էլ: Իմս, ամուսնունս, փոքր աղջկանս: Երկու աղջիկներիս մերժել են, ասում են՝ չեն համարվում Արցախի բնակիչ: Ասում ենք՝ ո՞նց կլինի»:

Բանն այն է, որ Կիրակոսյանի երկու աղջիկները ծնվել են հայաստանյան ծննդատներում, բայց ծնվելուց հետո տեղափոխվել են Արցախ: Մայրը զարմացած է՝ «Արցախում ես երեխաների նպաստ եմ ստացել, այնտեղ դպրոց են գնացել: Ո՞նց կլինի: Անչափահաս են, որտեղ ծնողը, այնտեղ՝ երեխան հաշվառման մեջ պիտի լինի: Ինչքան տեղ գնացինք՝ է՛լ սոցապնախարարություն, է՛լ անձնագրային բաժին, դիմում եմ գրել: Երեկ վերջին օրն էլ, երկարացրեցին: Նորից գնացի դիմում գրեցի, էլի մերժում են, թե՝ իրենք Հայաստանի Հանրապետության բնակիչ են: Ինչ է՝ ծննդյան վկայականը այստեղ ենք հանել: Իրենց ծնվելուց ես մեռած վիճակում էի, Հանրապետականում եմ ունեցել: Մեզ ասում են՝ մինչեւ սեպտեմբերի 27-ը ծննդյան վկայականը փոխեիք, դարձնեիք արցախցի: Ասում ենք՝ մենք տեղյակ չենք եղել, որ կռիվ պիտի լինի ու խնդիր կլինի: Երեք երեխաներից մեկը Եղեգնաձորում է ծնվել, երկուսը՝ Հանրապետական հիվանդանոցում, ո՞նց է, որ մեկը Արցախի բնակիչ է, մյուսները՝ ոչ: Հիմա մերժում են: Ասում եմ՝ այդքան քաշքշուկի մեջ գցեցիք, հիմա էլ ասում եք՝ չի լինի, իզուր մի տանջվեք»:

Հարցին՝ ձեր տուն-տեղ թողել, եկել եք, պետությունից ուրիշ ոչ մի աջակցություն չե՞ք ստացել՝ նա պատասխանեց. «Գույքագրում են անում, ասում են՝ պիտի փոխհատուցում տան: Թե հիմա գումար կտան, թե ինչ…Ամուսնուս ասում են՝ եթե կուզես, այսինչ տարածքում՝ Ստեփանակերտի Բադալա գյուղում բնակարան կա: Բայց հիմա երկիրը այս վիճակում, ես ինձ համար չեմ վախենում, երեխաներիս համար եմ վախենում: Ուզում եմ գնամ, ես այստեղ չեմ մնա, բայց հիմա վախենում եմ երեխաների համար: Երեխա են, տանեմ հասցնեմ այնտեղ, էլի խնդիր լինի, գա՞մ…»:

Երեխաները դեռ չեն հաղթահարել պատերազմի թողած սարսափը: Մի անզգույշ ձայն, փախչում են ու գրկում մորը: Պատերազմը փոխել է երեխաների խաղալիքները, տիկնիկների փոխարեն Էլենը, Տաթեւն ու Անահիտը խաղում են խաղալիք զենքերով ու մեքենաներով ու խաղում են՝ կռիվ-կռիվ:

Երբ հրաժեշտ տալիս խնդրեցինք կացարանի պատին առկա գրատախտակին գրել իրենց հասցեն, երեխաները մի պահ կարկամեցին. «Մենք հասցե չունենք»: Հետո Էլենը բացը լրացրեց ու իր մանկական ձեռագրով սկսեց գրել՝ «Քաշաթաղի շրջան, գյուղ Իշխանաձոր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031