Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես զարմանում եմ մեր զինվորականների վրա, որոնք գոնե կեսից չեն հասկացել, որ սա նախօրոք տանուլ տված պատերազմ է». Արտակ Զաքարյան

Հունվար 26,2021 15:02

Այսօր «Հայելի» ակումբում խոսելով ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցում հայտնած գնահատականների մասին՝ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հիշեցրեց, որ այս իշխանության օրոք ավիացիա են ձեռք բերել, որը չի օգտագործվել:

Հիշեցնենք, որ Տոնոյանը նշել էր նախկինում ձեռք բերված զինտեխնիկայի մասին, նաեւ ասել էր, որ չի կարողացել «հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-ՊՆ-ԳՇ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները»:

Արտակ Զաքարյանն ասաց. «Այնպես չէ, որ մենք ավիացիան չէինք կարեւորում, բայց քաղաքական հմտությունը հենց կայանում է նրանում եւ ռազմավարական դաշնակիցները հենց նրա համար են, որպեսզի կարողանան համակցված ձեւով հարցերը լուծել: Մենք պատերազմի առաջին օրերին տեսանք, թե ինչպիսի գերճշգրիտ հարվածներով Ադրբեջանը ոչնչացրեց մեր հրետանային ստորաբաժանումները»:

Հարցին՝ այդտեղ դավաճանության գործոնը չկա՞ր՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ «հստակ իմանալու համար, թե որն է եղել մեր պարտության պատճառը, որն է մեր բազմաթիվ զոհերի, վիրավորների, գերիների պատճառը, պետք է համակողմանի ու համապարփակ ուսումնասիրություններ անել, որը հնարավոր է միայն Նիկոլ Փաշինյանի եւ իր խունտայի հեռանալուց հետո»:

Հարցին՝ այս իշխանությունները այդ ավիացիան ձեռք էին բերել անտեղյակությա՞ն պատճառով, թե՞ դրանով փող էին աշխատել՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Նախկինում քննարկումներ արդիականացման անհրաժեշտության հետ կապված եղել են, ես եմ նախաձեռնել ու այդ քննարկումներում ոչ մեկը չի ժխտել ավիացիայի անհրաժեշտության մասին, որովհետեւ մի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ անընդհատ սպառնալիքներ կարող են լինել: Ինչ վերաբերում է արցախյան հատվածին, ապա թիվ մեկ խնդիրը եւ ֆինանսական, մասնագիտական ռեսուրսների անհրաժեշտությունները պայմանավորված էր առաջին հերթին հակաօդային պաշտպանությամբ: Այսինքն, առաջին հերթին հակաօդային պաշտպանության խնդիրը պետք է լուծվեր: Երբ 2019-ի դեկտեմբերին ձեռք էր բերվում այս ավիացիան, ասվում էր, որ ինքը նաեւ հակաօդային պաշտպանության խնդիրները կարող է լուծել, բայց մենք տեսանք, որ չի լուծում: Չլուծեց նաեւ հարվածային համակարգը»:

Հարցին՝ ինչո՞ւ այդ 160 մլն-ը ծախսեցին այդտեղ կոռուպցիոն ռիսկ կա՞՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ես էլ ունեմ այդ հարցը, բայց որպեսզի լինի պատասխան, պետք է լինի մանրամասն քննարկում»:

Արտակ Զաքարյանն ասաց. «Ես զարմանում եմ մեր զինվորականների վրա, որոնք գոնե կեսից չեն հասկացել, որ սա նախօրոք տանուլ տված պատերազմ է, միեւնույն ժամանակ ուզում եմ իրենց հասկանալ: Ռազմաքաղաքական ղեկավարությունը, երբ որ տեսնում է, որ դու պատերազմի ընթացքում անում ես ամեն ինչ եւ քո թիկունքում անում են հակառակը, քո իշխանությունը եւս կռվում է քո դեմ՝ իր սխալներով՝ դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ, բայց սխալ գործողություններով, ռազմաքաղաքական ղեկավարությունն իրավունք ուներ նաեւ ոչ ստանդարտ գործողությունների դիմել, հետագայում ոչ ոք չէր ասի՝ ինչու եք այս քայլին գնացել՝ հանուն հայրենիքի»:

Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ «Բանակը քանդելուց, Արցախը վարի տալուց հետո Նիկոլ Փաշինյանն անցել է արդեն պետական ինստիտուտները քանդելուն»: Ըստ Զաքարյանի, մենք մեր իմունիտետը կորցնում ենք ու դառնում ենք արդեն մեծ համայնք, որտեղ չկան երաշխիքներ՝ շարունակելո՞ւ են ապրել, թե՞ ոչ. «Երիտասարդների մեծ մասը սպասում է թե երբ է վիրուսն ավարտվելու, որ սկսեն իրենց բախտը փնտրել այլ երկրներում: Սա խայտառակություն է: Եթե ժողովրդի մի մասին թվում է, որ Նիկոլը մի օր խելքի է գալու, չի լինելու այդպիսի բան: Մենք չենք կարող մեր կյանքը վստահենք, մեր երկիրը վստահենք, ինչ է դեռեւս մեր հասարակության մեջ կան մարդիկ, չեն ուզում ընդունել, որ սխալվել են…Ես ինքս Նիկոլ Փաշինյանի հետ հանձնաժողովում աշխատել եմ 5 տարի, ես իրեն շատ լավ եմ ճանաչում: Ես միշտ ասել եմ՝ իրենից լավ բան սպասել պետք չի՝ քանդել, փչացնել, ավիրել, շանտաժի ենթարկել, այդտեղ ինքը փայլուն է: Բայց այն համազգային ոգեւորությունը, համախմբումը, որ կար, նույնիսկ ամենաբացասական ընկալումներով մարդը պետք է գոնե մտածեր՝ օգտվեր դրանից, լավ բան աներ պատմության մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031