Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհաժողովը հորդորում է անհապաղ իրականացնել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակում. ԵԽԽՎ զեկույց

Հունվար 26,2021 14:46

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձմեռային նստաշրջանի ընթացքում ընդունեց Մոնիտորինգային զեկույց, որտեղ անդրադարձ կա Հայաստանին և Ադրբեջանին, արցախյան 44-օրյա պատերազմին:

Մոնիտորինգային զեկույցում առանձին կետով անդրադարձ կա ԼՂ հակամարտությանը: Վեհաժողովը երկու երկրներին կոչ է անում զերծ մնալ հռետորաբանությունից, ինչը վնասում է քաղաքական երկխոսությանը: Մասնավորապես փաստաթղթում նշված է. «Վեհաժողովը կոչ է անում իրականացնել եռակողմ համաձայնագրի դրույթները և կատարել մարդասիրական հարցերին վերաբերող կետերը: Վեհաժողովը հորդորում է բոլոր կողմերին անհապաղ իրականացնել ռազմագերիների փոխանակում և զոհվածների մարմինների փոխանակում, հարգել մշակութային ժառանգությունը: Վեհաժողովը Մոնիտորինգի հանձնաժողովին կոչ է անում ուսումնասիրել ուղիներ ՝ խորհրդարանական մակարդակով նպաստելու խաղաղ գործընթացին նպաստող մթնոլորտին: Վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում բոլոր կողմերի կողմից մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրության խախտումների վերաբերյալ ինչպես նաև կրոնական օբյեկտներին, հուշարձաններին, ինչպես նաև մասնավոր սեփականությանը հասցված վնասի առիթով և կարևորում այս խախտումների հետ կապված հետաքննության իրականացումն ու հանցագործներին պատասխանատվության ենթարկելը»:

Մշտադիտարկման զեկույցի հեղինակը

Ըստ ԵԽԽՎ-ի զեկույցի՝ Հայաստանում առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, փաստաթղթում դրական է համարվում ոստիկանության ուժերի բարեփոխումների՝ 2020-2022 թվականների ռազմավարության ընդունումը, ՀՀ ԱԺ-ի մտադրությունը՝ քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունը բարձրացնելու առիթով: Որպես դրական քայլ՝ ընդգծվում է նաև Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին ԵԽ կոնվենցիայի վավերացումը (Լանցարոտեի կոնվենցիա):

Զեկույցում ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության գործադրման փաստի առիթով: Փաստաթղթում մասնավորապես ամրագրված է. «Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում տեղի ունեցավ պետական հաստատությունների վրա հարձակում և ՀՀ Ազգային ժողովի նախագահի դեմ ֆիզիկական բռնություն: Այդ պատճառով նա հոսպիտալացվեց»:

Մոնիտորինգային զեկույցում քննադատության են արժանացել նաև Հայաստանում առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացության լիարժեք հաշվի առնելու Սահմանադրական դատարանի կազմի արագ փոփոխությունները:

Վեհաժողովը Հայաստանին կոչ է անում շարունակել ժողովրդավարական ուղին և հաղթահարել այն քաղաքական ճգնաժամը, որը երկրում առաջացել է եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031