Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՊՆ նախարարը նաեւ պատերազմի ընթացքում անմիջական պատասխանատվություն է կրում շատ հարցերում, որոնք որոշիչ են եղել մեր պարտության համար». Արտակ Զաքարյան

Հունվար 26,2021 14:31

«Դավիթ Տոնոյանից ես այլ որակի, այլ բնույթի հարցազրույցներ էի սպասում, հատկապես աշնանային պատերազմից հետո, այն պայմաններում, երբ ՊՆ նախարարը նաեւ պատերազմի ընթացքում անմիջական պատասխանատվություն է կրում շատ հարցերում, որոնք որոշիչ են եղել մեր պարտության համար, որոնց մասին բազմաթիվ անգամ բարձրաձայնվել են ընդդիմության, փորձագետների կողմից ու առ այսօր մնացել է անպատասխան»,- այսօր «Հայելի» ակումբում խոսելով ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դիտարկումների մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Տոնոյանն ասել էր, որ չի կարողացել «հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-ՊՆ-ԳՇ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները»:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ դա հարցազրույց էր՝ ոչնչի մասին ու ինքնապաշտպանություն էր. «Հիմա կտեսնեք, երբ որ Նիկոլն էլ անցնի պատմության գիրկը, տակից սկսելու է ինքնապաշտպանական հայտարարություններ անել»:

Ըստ Արտակ Զաքարյանի, Դավիթ Տոնոյանը պետք է խոսեր պաշտպանական քաղաքականության այն սխալների մասին, որոնք եղել են վերջին 2 տարիներին. «Նա պետք է խոսեր, որ Ադրբեջանի կողմից ռազմական բալանսը խախտվել էր 2020-ի փետրվարից սկսած ու դրա վրա պատշաճ ուշադրություն չի դարձրել ՊՆ-ն: Մինչդեռ Դավիթ Տոնոյանը խոսում է իրավական խնդիրների մասին, որն իրեն հնարավորություն չի տվել որպես նախարար պատերազմի ընթացքում «վարչապետ-ՊՆ-ԳՇ » եռանկյունու մեջ դերակատարություն ունենալ: Բայց հաստատ կրթության նախարարը ու «Հայրենիք» կուսակցությունը չէր, որ պիտի պատասխան տար: Դրա մասին խոսելը նշանակում է մեղադրանք նաեւ վարչապետին, որովհետեւ գերագույն գլխավոր հրամանատարի եւ անվտանգության խորհրդի խնդիրն է գտնել ամենաէֆեկտիվ լուծումները: Ակնհայտորեն, մենք տեսել ենք՝ պատերազմի ընթացքում պաշտպանական քաղաքականության, ռազմաքաղաքական բազմաթիվ խնդիրներին գերագույն գլխավոր դիլետանտ հրամանատարի ուղիղ խառնվելը ու ուղղորդումները մեզ բերել են պարտության: Ես վստահ եմ, որ մեր բանակն իր խնդիրը կարող էր լավագույնս լուծել: Բանակը իր առավելագույն ջանքերն է ներդրել՝ նաեւ այս պատերազմում իր առջեւ դրած խնդիրը լուծելու համար»:

Արտակ Դավթյանն ասաց, որ ժամանակակից զինտեխնիկայով մեր բանակը համալրվել է ու Ադրբեջանը տարիներ շարունակ չի կարողացել հասնել նրան, որ ռազմաքաղաքական բալանսը խախտվի, մինչեւ Ադրբեջանի զինված ուժերում հայտնվեցին «բայրաքթարներ». «Բայրաքթարները ընդհանրապես փոխեցին նաեւ Թուրքիայի դերակատարությունը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Բայրաքթարների նկատմամբ մեր ԶՈՒ-ի կողմից չեղավ պատշաճ վերաբերմունք եւ շարունակեցին բանակը շոուի վերածելու անիմաստ գործողությունները: Գումարներն ուղղեցին՝ ոչ նպատակային ծախսեր իրականացնելուն, որ Նիկոլն իրեն լավ զգար՝ սնունդ, ելակ, ինքնաթիռներ, ջուր, անիմաստ…Նախկինում կատարված աշխատանքի վրա կրկնակի PR: Սրանով նաեւ քնեցնելով հասարակությանը, փափուկ բարձ դնելով հասարակության գլխի տակ՝ հակառակորդին նաեւ հնարավորություն տվեցին, որպեսզի արդեն իսկ 6-7 ամիս ունեցած ռազմական բալանսի խախտման պարագայում զորավարժություններ անցկացնի, ՆԱՏՕ-ի ուղիղ ներգրավվածությունը լինի՝ ի դեմս Թուրքիայի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031