«2020թ մեր ամբողջ դիտարկումների համատեքստում ամենալարված ու փորձություններով լի տարին էր, եւ դա պայմանավորված էր տարեսկզբից կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրություն մտցնելով ու այդ պայմաններում ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելով: Այնուհետեւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը սկսվեց, եւ այդ պատճառով ծագած բազմաթիվ խոչընդոտներն ու բարդություններն իրենց ազդեցությունը թողեցին լրատվամիջոցների գործունեության վրա»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նրա խոսքով, թե արտակարգ, թե ռազմական դրության ժամանակ կառավարությունը որոշումներ ընդունեց, որոնց բաղկացուցիչ մասը այդ սահմանափակումներն էին՝ ԶԼՄ-ների գործունեության. «Մենք այն ժամանակ ասում էինք եւ հիմա պնդում ենք, որ սահմանափակումները անհամաչափ էին կորոնավիրուսի հետ կապված լուսաբանումների առումով: Դրանք չնպաստեցին իրենց նպատակներին հասնելու առումով, նաեւ ոչ հստակ էին պահանջները՝ ռազմական դրության ժամանակ: Մտահոգիչը նաեւ այն էր, որ այդ որոշումների կատարումը դրված էր ոստիկանության վրա, եւ հենց ոստիկանությունն էր որոշում, թե որ հոդվածը, հրապարակումը կարող է խուճապ առաջացնել, որը՝ ոչ: Ոստիկանությունը ամենեւին էլ այն մարմինը չէ, որը պետք է որոշի՝ ինչը կարելի է հրապարակել, ինչը՝ ոչ
Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ ոստիկանության ծանուցումները նույնպես տարակուսանք էին առաջացնում լրագրողական հանրության շրջանում, որովհետեւ որեւէ լուրջ հիմնավորում չէր լինում: Եթե այդ ընթացում ոստիկանությունը ծանուցումներ էր ուղարկում եւ պահանջում էր հեռացնել հրապարակումները, եւ եթե անգամ պահանջները չէին կատարվում, վարչական տույժ չէր կիրառվում: Իսկ ռազմական դրության հետ կապված արդեն ոչ միայն նախատեսվում էր հրապարակումների հեռացում, այլեւ տույժեր ու տուգանքներ էին սահմանվել: Մենք հիշում ենք, որ 13 լրատվամիջոց տուգանվել է 700 հազար դրամի չափով, իսկ մեկ դեպքում նույնիսկ 1 մլն 500 հազար դրամով, քանի, որ այդ հրապարակումը չէր հեռացվել»:
Աշոտ Մելիքյանը փաստեց, որ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ ոստիկանությունն ուղարկել է 32 ծանուցում՝ հրապարակումներ հեռացնելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
ԽԱՊԿ նախագահն ընդգծեց, որ իրենց այս տարվա զեկույցը ամենածավալունն է իրենց գործունեության բոլոր տարիների համեմատությամբ, եւ դա պայմանավորված է նրանով, որ լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների խախտումները մեծաթիվ են. «Խախտումների ընդհանուր թիվը 273 է: Երբ բաժանում ենք այդ խախտումները՝ ըստ ֆիզիկական բռնությունների, տարատեսակ այլ ճնշումների, տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի սահմանափակման առումով, բոլորով խախտումների քանակը 273 է»:
Նա ինֆոգրաֆիկայով ցույց տվեց, թե ըստ եռամսյակների ինչ ցուցիչներ են ներկայացված: Այն կարող եք դիտել ինֆոգրաֆիկա
Ըստ Աշոտ Մելիքյանի. «Տարվա ընթացքում արձանագրվել է 6 ֆիզիկական բռնության դեպք` 11 տուժողով, 4-ը արձանագրվել է ընդդիմության կողմից արձանագրված բողոքի ակցիաների ընթացում, իսկ 2-ը կապված են ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի կողմից լրագրողներին թիրախավորելու հետ:
Ճնշումների քանակը ամեն եռամսյակում շատ է, իսկ ընդհանուր թիվը 177 է, ինչն ավելի շատ է՝ նախորդ տարվա 134-ի համեմատությամբ: Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները տարվա վերջին 90 են: 2019թ համեմատ ֆիզիկական բռնությունների թիվն աճել է, ավելացել են ճնշումները ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ, եթե 2019-ին այդ թիվը 134 էր, ապա այս տարի 177 է: Մի փոքր նվազել են տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները, թեպետ մենք բոլորս նկատում ենք, որ ԶԼՄ-ները հաճախ դժգոհում են պետական մարմինների մամուլի քարտուղարների, հասարակայնության հետ կապերի վարչությունների աշխատանքից, քանի որ պաշտոնական հարցումները տեղեկատվություն ստանալու համար ոչ միշտ են լիարժեք պատասխանի արժանանում»:
ԽԱՊԿ նախագահը նշեց, որ 2020 թվականը դատական գործերի առումով էլ մտահոգիչ էր. «Տարվա ընթացքում արձանագրել ենք 72 դատական գործ ընդդեմ լրագրողների եւ ԶԼՄ-ների: Իսկ 2019-ին 89 դատական գործ է եղել ընդդեմ լրատվամիջոցների եւ լրագրողների»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ