Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարությունն ասում էր՝ մա՛մ, պատերազմ է լինելու, ու առաջինը ես եմ գնալու». զոհված հերոսի մայր

Հունվար 26,2021 13:18

«Ես գիտակցում եմ՝ ինչ է կատարվել, բայց միևնույն ժամանակ սպասում եմ իմ հերոսին, նա բացառիկ մարդ էր, ինձ ընկեր»,- Aravot.am-ի հետ զրույցում խոր վշտով նշեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հարություն Հարությունյանի մայրը՝ Աննա Ավետիսյանը:

Հարությունը ծնվել է 1998 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Երևանում: Մեկ տարի, ութ ամիս առաջ էր զորացրվել, երբ սեպտեմբերի 27-ին պատերազմ սկսվեց: Մայրը պատմեց՝ պատերազմի լուրը լսելով՝ Հարությունն առաջին օրը կամավորագրվեց ու մեկնեց Արցախ. «Երբ նոր զորացրվել էր, չէր հարմարվում քաղաքացիական կյանքին, միշտ կարոտում էր բանակային կյանքին: Արցախի մասին կարոտով էր խոսում, շեշտում էր ՝շատ եմ կարոտում Արցախը, զենքս շատ եմ կարոտում: Բայց երբեմն ասում էր՝ գիտե՞ս, մամ, պատերազմ է լինելու, ու հենց առաջինն ինձ են կանչելու: Անխուսափելի էր պատերազմը, բայց ասում էինք՝ ինչո՞ւ ես այդպես որոշել, ասում էր՝ կտեսնեք, պատերազմ է լինելու, ու առաջինը ես եմ գնալու»:

44-օրյա պատերազմի օրերին Հարությունը եղել է Աղդամում: Մայրը հիշեց սեպտեմբերի 27-ը. «Սեպտեմբերի 27-ին, երբ արդեն առավոտյան լուրը լսեցինք, որ լայնածավալ հարձակումներ են, Հարությունը տեղից վեր թռավ ու ասաց՝ անպայման գնալու եմ Արցախ: Մտածեցինք՝ միգուցե հիմա կավարտվի, հեթական հարձակումն է, բայց ոչ, ինքը որոշել էր: Զանգեց, ասաց՝ պատրաստի, գամ վերցնեմ զինվորական տոմսս, ես պետք է գնամ: Նա դաստիարակվել էր հայրենասիրական ոգով, ինքս էլ իր մեջ սերմանել եմ հայրենասիրությունը, պարտքը հայրենիքի նկատմամբ, և իսկապես ոչինչ չեմ ասել, դեմ չեմ եղել իր գնալուն: Սպասեցի, եկավ, վերցրեց, գնաց, ասացի՝ երևի գնում է հերթագրվելու, հաշվառվելու, բայց ինձ խաբեց. ինքն արդեն գիտեր, որ հենց առաջին օրը գնում է Արցախ: Գնալուց ասաց, մա՛մ հանգիստ եղիր, երեք օրով Հոկտեմբերյան եմ գնում: Հանպատրաստից գնաց, ինքն իր հետ ոչինչ չէր վերցրել: Հաջորդ օրն առավոտյան իմացանք, որ արդեն տեղ էր հասել՝ Ասկերանի զորամաս: Դրանից հետո երեք օր լուր չունեինք: Ես աշխատանքի էի, զանգեց, ուրախությունից չգիտեմ՝ սիրտս ինչ եղավ, որ ձայնը լսեցի: Երևանի համարով էր զանգում, չհավատացի, ասացի՝ Հարությու՛ն, եկե՞լ ես, ասաց՝ Արցախում եմ: Ոչինչ չէր պատմում: Սեպտեմբերի 28-ի առավոտյան Ասկերանում էին, հետո գնացել էին Աղդամի դիրքեր»:

Աննա Ավետիսյանն ասաց՝ հետո իմացել է, որ Հարությունը հանդիպել է ընկերներից մեկի հորեղբոր տղային՝ Ներսեսին: Նա ժամկետային զինծառայող էր: Հիմա սպասում են՝ Ներսեսն արձակուրդ գա, որ մանրամասները պատմի:

Հարությունն ավարտել էր Ջիվանու անվան աշուղական դպրոցը, երգում էր հայրենասիրական երգեր: Զորամասում ամեն երեկո երգում էր, ու բոլոր զինվորներն ավելի էին ոգեշնչվում:

Պատերազմի օրերին ամեն օր զանգել է մորն ու ընկերուհուն, սակայն հոկտեմբերի 8-ի զանգը վերջինն էր: Մայրն այդ զանգը շատ լավ է հիշում: Մեզ պատմեց. «Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 17.14-ին, Հարությունը զանգեց. աշխատավայրում էի: Հարցրեց՝ ո՞նց եք, մա՛մ ջան, ի՞նչ կա-չկա: Ասացի՝ լավ եմ: Ընկերներից էր հարցնում: Մի շատ մոտ ընկեր ունի, հարցրեց՝ Կարե՞նն ինչ է անում: Ասացի՝ անընդհատ հերթագրվում է, որ գա Արցախ, չեն բերում: Ասաց՝ մա՛մ, Կարենին ասա, թող չգա: Ասացի՝ բայց ինչո՞ւ չգա, դու գնացել ես: Պատասխանեց՝ մա՛մ, մենք տանը երկու եղբայր ենք, ինքը մենակ է: Մի պահ սրտիս առավ այդ խոսքը, բայց ուզեցի ուղղակի ուշադրություն չդարձնել: Բայց փաստորեն երևի մահն աչքերի առաջ էր, տեսնում, զգում էր, որ նման բան պիտի լինի»:

Աննա Ավետիսյանը նշեց՝ այս հեռախոսազրույցից մեկ ժամ հետո իր որդին մահացու վիրավորում է ստացել: Զինվոր ընկերներով դրսում նստած են եղել, Ներսեսն ասել է՝ վեր կացեք գնանք ներս, Հարո՛ւթ, դու էլ արի, երգի, մենք էլ թեյ խմենք, տաքանանք: Ասել է՝ տղե՛րք, գնացեք, ես մեկ րոպեից կգամ: Տղաները երկու-երեք մետր քայլել են՝ 12 հոգով, անօդաչուն հարվածել է. 12-ից ոչ մեկը չկա: Տիկին Աննան մանրամասնեց. «Ներսեսն ասում է՝ ոնց որ փոթորիկ լիներ, գոռացին՝ Ներսե՛ս, Հարութը չկա: Ներսեսը վազել է, ու հենց իր ձեռքերի մեջ էլ տեղում Հարությունը մահացել է: Դրանից հետո Ներսեսն էլ է խուսափել տնեցիների զանգերից, ընկերների զանգերից: Հաջորդ օրն արդեն Հարությունից զանգ չեմ ստացել, անհամբեր սպասում էի: Ընկերուհին ինձ զանգեց՝ թե Աննա՛ քույրիկ, չի՞ զանգել, ասացի՝ ոչ: Իրեն էլ չէր զանգել»:

Ընկերուհին երգչուհի է: Հարությունը նրան տեսել ու սիրահարվել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:

Խորը ցավով ու հուզմունքով հիշելով այն օրը, երբ որդու մահվան լուրը ստացավ՝ Աննա Ավետիսյանը պատմեց. «Ուրբաթ օր էր. աշխատանքից գնացի տուն, սպասում եմ՝ հեռախոսը ձեռքս: Հրադադարին էինք սպասում, անընդհատ աչքս հեռախոսին: Այդ ժամանակ զանգեց Հարութի ընկերներից մեկը: Ասացի՝ Արմա՛ն ջան, ես պետք է զանգեմ այն նույն համարով, որով Հարութն է զանգել: Ասաց՝ Աննա՛ քույրիկ, հանկարծ չզանգես. կոդեր են դրված: Բայց իրենք արդեն իմացել էին Հարությունի զոհվելու մասին: Երբ այդ դեպքը լինում է, հեռախոսը Հարությունի մոտ է լինում, Հարությունի համարից հետո զանգ է գալիս իր աշխատող ընկերներից մեկին, հարցնում են՝ սա ո՞ւմ համարն է: Ասում է՝ Հարութի: Հարցնում է՝ ի՞նչ է պատահել, զանգողն ասում է՝ Սիսիանի դատաբժիշկն եմ, նման դեպք է պատահել, հիմա իրեն ուղարկելու ենք Երևան, հարազատներին ասեք, որ տեսնեն՝ որտեղ է: Ընկերները գնում են, Հարությունի հորաքրոջ տղային ասում, իրենք գնում, ճանաչում են»:

Հարությունի աճյունը Եռաբլուրում է: Նա տան մեծ որդին էր. մեկ փոքր եղբայր ունի: Մայրը պատմում է՝ երբ Հարությունը նոր էր զորացրվել, ընտանիքով նկարվել են, ու հանգիստ ասել է՝ ընտանիքս լիարժեք է: Հիշում է՝ ինքս ինձ մեղադրում էի. չգիտեմ, երևի ինչ-որ բան էի զգում:

Աննա Ավետիսյանն ասաց՝ Հարությունին բացահայտել է զորացրվելուց հետո: Մինչև բանակ գնալը, ինչպես բոլոր ծնողները, ինքն էլ կարծել է, թե իր որդին ամենալավն է: Բայց բանակից հետո լրիվ փոխվել էր, մեծացել, հասունացել: Նույնիսկ եղբորը, որ մեկ տարի էր իրենից փոքր, ասում էր՝ ե՞րբ ես մեծանալու:

Հարությունն ընկերասեր էր, մոր բնորոշմամբ՝ խաղաղասեր: Նույնիսկ դասընկերների ծնողները զանգում, դասընկերուհիներն իրեն նամակներ են գրում: Տիկին Աննան պատմեց. «Դասընկերուհիներից մեկը նամակ է գրել ինձ: Պատմում է, թե վերջին դասի օրը, երբ մտնում էին եկեղեցի, պետք է իրար ձեռք բռնած լինեին: Ասում է՝ Հարութն այդպես էլ իմ ձեռքը չբռնեց. երևի մտածում էր իր ընկերուհու մասին: Լուսավոր էր Հարութը: Նույնիսկ ընկերների մայրիկները, երբ նա բանակում էր, ինձ զանգում էին, ասում՝ Աննա՛ ջան, մեր էրեխեքը ոչինչ, իրենց տեղը հարմար է, Հարութը ո՞նց է: Ծառայության ժամանակ էլ էր Արցախում: Մինչ ծառայությունն ասում էր, որ չքաշեմ Արցախ, դիմում եմ գրելու, որ ինձ Արցախ տանեն: Ասում էր՝ իսկական տղան այնտեղ պիտի ծառայի»:

Հարությունը որոշել էր ժողովրդական երգիչ դառնալ, սովորում էր Ջիվանու անվան աշուղական դպրոցում, քամանչա էր նվագում: Մայրն ասաց՝ երբ դպրոցն ավարտեց, պետք է կոնսերվատորիա ընդունվեր, չստացվեց, զանգեցին Գյումրիի մասնաճյուղից, ասացին՝ կարող ես այստեղ դասերի գալ: Ասաց՝ դա էր պակաս մնում: Բանակից զորացրվելուց հետո մտածել է՝ երգով չի կարողանա լավ վաստակել, վարսավիրություն է սովորել: Արդեն աշխատում էր, պետք է նշանվեր, բայց, ավաղ, Հարությունի բոլոր նպատակները մնացին անավարտ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Հարություն Հարությունյանի մայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031