Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով, այսօր ստեղծված իրավիճակն իր պատճառներն ունի, որտեղ իրենց տեղն ունեն նաև այս փուլում թույլ տրված սխալները: Պարտությունից ու դրան նախորդող զարգացումներից հետո գործող իշխանությունը ոչ միայն չի հեռանում, այլև տեսանելի դաշտում նման ցանկություն էլ չունի: Ավելին, երբեմն շարունակում է ցուցադրել նույն ոճը, որով առաջնորդվում էր պատերազմից առաջ: Նշված իրողությունը, ըստ քաղաքագետի, մի քանի պատճառ ունի: «Կարծում եմ՝ իշխանությունն ուզում է որքան հնարավոր է երկար մնալ, որովհետև շատ բարդ է պատկերացնել, թե իշխանությունից հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանի ոչ միայն քաղաքական, այլև անձնական ապագան ինչպիսին է լինելու:
Նա փորձում է ձգել պաշտոնավարումն այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմությունը չի կարողանում այնպիսի պլան առաջարկել, որով նրան կհեռացնի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է արտաքին աջակցությանը՝ քաղաքագետը նկատեց. «Ինչպես ակնհայտ է՝ արևմուտքն ընդհանրապես Հայաստանի գործընթացներից դուրս է դրված:Հայաստանում գործընթացները ենթարկվում են Ռուսաստանին: Այս պահին Նիկոլ Փաշինյանը ունի Ռուսաստանի աջակցությունը. դժվար է պատկերացնել, թե ավելի հլու կամակատար Ռուսաստանը կգտնի, թե ոչ: Կարծում եմ, ամեն դեպքում, Ն. Փաշինյանը Ռուսաստանին մինչև ինչ-որ ժամանակ է պետք, որից հետո Հայաստանում կլինի մի իշխանություն, որն ավտոմատ կերպով կկարգավորի Հայաստանը, և տնտեսությունն այնքան չի փլուզվի, որ չկարողանա սպասարկել անգամ այստեղի ռուսական կայազորին»:
Այս իրավիճակում, սակայն, ըստ մեր զրուցակցի, խնդիրը ժամանակն է, որը մենք կորցնում ենք. «Ամեն օր ոչ թե կանգնած ենք մնում, այլ յուրաքանչյուր օր մեծ քայլերով հետ ենք գնում: Մեծ հաշվով, հիմա դժվար է ասել՝ Հայաստանում ընդհանրապես քաղաքականություն կա, թե ոչ: Հայաստանում այսօր ստախոսություն, շանտաժ, և, ընդհանրապես, սկզբունքներից դուրս պայմանավորվածություններ կան: Այս ամենին քաղաքական գործընթաց, իշխանության համար պայքար կոչելը դժվար է»:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում