Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Իսլամական Հանրապետության անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ «երկու երկրների ընդհանուր սահմանին ընկած ազատագրված տարածքների վերակառուցման» գործում: Նման հայտարարություն Զարիֆն արել է Բաքվում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, հաղորդում է IRNA գործակալության անգլիալեզու ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Զարիֆը գոհունակություն է հայտնել «ազատագրված օկուպացված տարածքներում» Ադրբեջանի ներկայությամբ, ինչպես նաև հարգանքի տուրք է մատուցել պատերազմի զոհերի, հատկապես խաղաղ բնակիչների հիշատակին, ցավակցել նրանց ընտանիքներին:
Զարիֆը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցության որևէ սահմանափակում չկա և լիարժեք պատրաստակամություն է հայտնել, որ Իրանի տարբեր տնտեսական սեկտորներ ակտիվորեն կմասնակցեն Ադրբեջանի տնտեսական նախագծերում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ