Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք հավատում ենք, որ Եվրոպայի Խորհուրդը քայլեր կձեռնարկի՝ ուղղված հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Արցախում, բնակվող բոլոր մարդկանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը. Արա Այվազյան

Հունվար 26,2021 11:07

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի տեսաուղերձը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ

 20 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի՝ եվրոպական մայրցամաքում ժողովրդավարության չափանիշներ սահմանող ամենաարժեքավոր կազմակերպության լիիրավ անդամ:

Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը մաս կազմեց եվրոպական պետությունների ընտանիքին, որոնց հետ մենք կիսում ենք ընդհանուր պատմություն, արժեքներ և գաղափարներ, ինչպես նաև ապագա Եվրոպայի տեսլականը, որտեղ հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են առանց տարբերակման և խտրականության:

Հայաստանը ճանաչում և գնահատում է այս եզակի կազմակերպության ներդրումը, որն իր գոյության ավելի քան 70 տարիների ընթացքում եղել և մնացել  է Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարության գլխավոր պահապանը:

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության երկու տասնամյակն ակտիվ մասնակցության և անկեղծ համագործակցության շրջան էր։ Այս ընթացքում Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի շուրջ 70 կոնվենցիայի և մասնակի համաձայնագրի՝ կառուցելով ամուր իրավական կամուրջներ կազմակերպության և դրա անդամ երկրների հետ։ 2013 թվականին Հայաստանը 6 ամսով ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը՝ ուղղորդելով ժողովրդավարական գործընթացներին միտված ընդհանուր ջանքերը։

Ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը շարունակում է մնալ Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ փոխգործակցության առանցքային ոլորտը, և կազմակերպությունն իր արժեքավոր փորձագիտական ներուժով դարձել է Հայաստանի վստահելի գործընկերն այդ բնագավառում։ Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության փորձագետները, մոնիտորինգային և մասնագիտացված մարմինները, ինչպիսին է, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը, նշանակալի ներդրում են ունեցել արդար և ժողովրդավարական հասարակություն կառուցելու, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությանն ուղղված մեր ջանքերում։

Հայաստանը հավատարիմ է մնում Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Վերջերս Արցախում տեղի ունեցած պատերազմն ավերիչ ազդեցություն ունեցավ տեղի ժողովրդի հիմնարար իրավունքների և կյանքի վրա։ Մենք հավատում ենք, որ Եվրոպայի Խորհուրդը կընդունի այդ մարտահրավերները և իր մանդատի շրջանակներում քայլեր կձեռնարկի՝ ուղղված հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Արցախում, բնակվող բոլոր մարդկանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը:

Մեր անդամակցության 20-ամյակի առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունն ու նվիրվածությունը Եվրոպայի խորհրդի որդեգրած սկզբունքներին և նպատակներին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031