Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժն ակնհայտ է․ ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է. Ռուստամ Բադասյան

Հունվար 26,2021 10:33

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ֆեյսբուքյան գրառումը

Բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժն ակնհայտ է․ ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է.

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին քրեակատարողական համակարգի առաջնային խնդիրներից մեկը մահացության ցուցանիշի աճն էր։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքի և Քրեակատարողական ծառայության հետ սերտ համագործակցության շնորհիվ 2020 թվականին այդ ուղղությամբ դրական առաջընթաց ենք արձանագրել։

Մասնավորապես, նույնիսկ COVID-19 ռիսկերի առկայության պայմաններում, նախորդ տարիների համեմատությամբ մահացությունների թիվը զգալիորեն նվազել է․ 2020թ-ին գրանցվել է մահվան 5 դեպք, այն դեպքում, երբ 2019թ-ին ունեցել էինք մահվան 21 դեպք։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ ազատազրկված անձանց շրջանում COVID-19 ախտորոշմամբ մահվան ելքով դեպք չի արձանագրվել:

ՊՈԱԿ-ի աշխատանքն արդյունավետ գնահատելու մեկ այլ գործոն է բուժօգնության կազմակերպման ձգձգումների բացառումը։ Եթե նախորդ տարիներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական սպասարկման և օգնության ուղեգրով բուժօգնության կազմակերպումը տևում էր շաբաթներ, ապա ներկայում տվյալ գործընթացը կազմակերպվում է ընդամենը մեկ օրում, ինչը հնարավորություն է տալիս ազատազրկված անձանց անխոչընդոտ իրացնել առողջության պահպանման իրավունքը։

Բուժօգնության որակի բարձրացման նպատակով 2020 թվականի ընթացքում նեղ մասնագիտական վերապատրաստում է անցել ՊՈԱԿ-ի 71 աշխատակից, այսինքն՝ զբաղեցրած հաստիքների շուրջ 45 %-ը։

ՔԿՀ-ներում բժշկական օգնության բարձր որակի ապահովմանն ուղղված քայլերը կրելու են շարունակական բնույթ՝ պահպանելով ինչպես արձանագրված հաջողությունները, այնպես էլ թիրախավորելով ռազմավարական նոր ուղղություններ, որոնք միտված են լինելու բանտային բժշկությունը հանրային առողջապահության ոլորտ ինտեգրելուն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031