Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Հայրապետյանը համամիտ չէ, որ գերիների հարցը ԵԽԽՎ օրակարգում չընդգրկելը դիվանագիտական հերթական տապալումն է. «Հայկական ժամանակ»

Հունվար 26,2021 09:46

Գերիների հարցը ԵԽԽՎ քաղաքական խմբերում բարձրացրել է նաեւ մեր պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը:

–  Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը Covid-ի համավարակի տարածումից հետո առաջին անգամ է գումարվում հիբրիդ (հեռավարի ու ֆիզիկական ներկայության համադրությամբ) տարբերակով: Ի՞նչ խնդիր էր իր առջեւ դրել հայկական պատվիրակությունն այս նստաշրջանին մասնակցելով եւ ինչպե՞ս եք գնահատում առաջին օրը:

– Մեր թիվ մեկ նպատակն է գերիների և պատանդ պահվող այլ անձանց վերադարձի հարցը: Թե՛ քաղաքական խմբերում, թե՛ հանձնաժողովների նիստերին և թե՛ լիագումար նիստի ժամանակ հայկական պատվիրակության անդամները շեշտում են, որ Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է գերիների վերադարձը, ինչը սպառնալիք է այդ մարդկանց կյանքի համար: Նշեմ, որ մենք նախաձեռնել էինք և առաջարկել անցկացնել հրատապ քննարկում հայ ռազմագերիների հայրենադարձության հարցով՝ ընդգրկելով այն ԵԽԽՎ օրակարգում, սակայն մեր առաջարկը, ցավոք, մերժվեց: Մերժվելով հանդերձ հարցը այնուամենայնիվ ուշադրություն գրավեց լիագումարի նիստի ժամանակ, օրինակ` քաղաքական խմբերից ԵԺԿ–ի և ԱԼԴԵ–ի ղեկավարները խոսեցին խնդրի կարևորության մասին:

– Որեւէ միջադեպ եղե՞լ է՝ կապված այս նիստին նաեւ թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունների մասնակցության հետ: Ինչպե՞ս արձագանքեցին Էդմոն Մարուքյանի ակցիային:

-Որևէ միջադեպ չի եղել: Ադրբեջանական կողմն, իհարկե, փորձում է ներկայացնել, թե իբրև խնդիր այլևս չկա, մինչդեռ մենք շարունակում ենք շեշտել ռազմագերիների հարցը՝ արձանագրելով հայատյաց քարոզչության հետևանքները նաև Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմական հանցագործությունների համատեքստում:

– Գերիների հարցի քննարկման մերժումը նշանակում է, որ այդ հարցն այլեւս հնարավոր չէ՞ օրակարգ բերել: Թե՞ այլ տարբերակներ կօգտագործեք հարցը բարձրացնելու համար:

-Ինչպես նշեցի նախորդիվ, չնայած մերժմանը՝ հարցն այդուհանդերձ ուշադրության արժանացավ և քաղաքական խմբերից երկուսի ղեկավարները խոսեցին թեմայի կարևորության մասին: Գերիների թեման մեր թիվ մեկ առաջնահերթությունն է և օգտագործելու ենք բոլոր հնարավոր հարթակները, ինչպես նաև անձնական հանդիպումների ձևաչափը խնդիրը բարձրաձայնելու համար՝ փորձելով մեր գործընկերներին ցույց տալ, որ Ադրբեջանի վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

– Տիկին Հայրապետյան, արդեն կան քննադատություններ, թե ինչ իմաստ ուներ պատվիրակության մեկնումը, եթե չէիք կարողանալու գերիների հարցը օրակարգ մտցնել: Համամի՞տ եք որոշ ձեւակերպումների հետ, որ այդ հարցը օրակարգում չընդգրկելը դիվանագիտական հերթական տապալումն է:

-Իհարկե ոչ, ԵԽԽՎ–ի գործունեությանը ծանոթ յուրաքանչյուր նախկին պատգամավոր շատ լավ տեղյակ է ԵԽԽՎ ընթացակարգերից, այս հարթակում կարելի է բազմաթիվ նախաձեռնություններով հանդես գալ և հաջողել կամ չհաջողել: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ խնդիրն ընդգրկվեր օրակարգում, բայց չընդգրկվելով հանդերձ՝ այն քննարկման թեմա դարձավ: Օրակարգ մտցնելու առաջարկն իսկ դարձրեց թեման ուշադրության առարկա, բացի այդ՝ մենք հարցը բարձրաձայնում ենք բոլոր հնարավոր հարթակներով:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031