Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Մենք գործ ունենք դահիճ եւ մարդասպան պետության հետ»

Հունվար 25,2021 23:40

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, որը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ է, ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստում։ Ստորեւ՝ պատգամավորի ելույթի տեքստը։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր ես չեմ խոսելու արցախյան վերջին պատերազմում հայկական կողմի պարտության մասին։ Դա մենք քննարկելու ենք մեր երկրում եւ բոլոր մեղավորների դատավճիռները հնչելու են մեր երկրում։ Այսօր ես խոսելու եմ հումանիտար այն ճգնաժամի մասին, որն արդյունք էր Ադրբեջանի հրահրած նախադեպը չունեցող պատերազմի։

Ադրբեջանը, ՆԱՏՕ-ի ամենախոշոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ սեպտեմբերի 27-ին սկսեց պատերազմ, որն աննախադեպ էր միազգային բոլոր կոնվենցիաներով արգելված զինատեսակների օգտագործմամբ, քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների եւ մշակութային օբյեկտների հստակ թիրախավորմամբ, քիմիական զենքի օգտագործմամբ, աննախադեպ էր ռազմագերիների հանդեպ անմարդկային դաժանությամբ։

Ես կարող եմ հիմա, հենց այս պահին ձեզ ցուցադրել կադրեր, որոնք վերցված են հենց ադրբեջանական մեդիա ռեսուրսներից, թե ինչպիսի կտտանքների եւ նվաստացումների են ենթարկում մեր գերեվարված զինվորներին, բայց ես ձեր հանդեպ այդքան դաժան չեմ լինի եւ կխնայեմ ձեզ։ Սակայն, ես հարց ունեմ ձեզ, հարգելի գործընկերներ, ձեզանից որեւէ մեկը փորձե՞լ է իրեն պատկերացնել այն զինվորի ծնողի փոխարեն, ում որդուն գլխատում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչներն ու գլխատված որդու նկարն ուղարկում մերձավորներին։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում մի քանի տասնյակ արցախահայեր տեղահանվեցին իրենց բնակավայրերից, եւ ի՞նչ է սա, եթե ոչ հումանիտար աղետ։ Այն, ինչ այս պատերազմում արեց Ալիեւ-Էրդողան երկյակը, միջազգային բոլոր իրավավակարգավորումներով հստակ ռազմական հանցագործություն է եւ պիտի ճանաչվի այդպիսին։ Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով իր երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարեց, որ նրանք ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ։

Այս կարգի անմեղսունակ հայտարարությունները կոպտորեն խախտում են հետպատերազմյան մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները:

Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան եւ դա պետք է արվի առանց որևէ նախապայմանի։ Ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանց դադարից հետո Ադրբեջանը հետեւողականորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, մարդասիրական պայմանավորվածությունները. ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնում նրանց իրական թիվը, այս ողջ ընթացքում շարունակվում են գերիների նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը:

Ես խնդրում եմ Եվրոպայի Խորհրդին՝ օգտագործել իր մանդատն ու անել առավելագույնը՝ հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Մի պահ ձեզ պատկերացրեք այն հայ մոր փոխարեն, ով այս ամիսներին դժոխքի միջով է անցնում՝ փնտրելով ու սպասելով իր որդուն։ Այսօր իմ միակ խնդրանքը ձեզ դա է։ Եթե խոսում ենք այս պատերազմի հումանիտար հետեւանքների մասին, ապա օգնեք վերադարձնել մեր զինվորներին։ Ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից։ Ադրբեջանական գերության մեջ յուրաքանչյուր օրը նվազեցնում է ողջ մնալու հայ զինվորի շանսը, որովհետեւ մենք գործ ունենք դահիճ եւ մարդասպան պետության հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031