Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Եթե իրենք ուզում են խորանան բանակի թալանի մեջ, թող իրենք խորանան այն գումարների մեջ, որոնք պետք է մտնեին բյուջե՝ չեն մտել». Սեյրան Օհանյան

Հունվար 25,2021 23:13

Հենց այս իշխանություններին սկսում են քննադատել թե՛ պատերազմի արդյունքների համար, թե՛ այլ բացթողումների համար, իրենք միանգամից քննադատողների բերանը փակում են՝ ասելով, որ նախկինում թալան ու կոռուպցիա է եղել, դրա համար մենք ունենք այս վիճակը:

Ուստի այսօր Aravot.am-ը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցրեց՝ եղե՞լ է նախկինում կոռուպցիա ու թալան, այդ թվում՝ եւ ձեր պաշտոնավարման օրոք՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Գիտեք, ե՛ւ ես, ե՛ւ նախկին պաշտպանության նախարարները ինչ կարողացել ենք, արել ենք՝ մեր պետության հնարավորության սահմաններում: Եթե իրենք ուզում են խորանան բանակի թալանի մեջ, թող իրենք խորանան այն գումարների մեջ, որոնք պետք է մտնեին բյուջե՝ չեն մտել: Բանակի բյուջեն պետք է ավելանար, ու մենք ավելի մեծ գնումներ իրականացնեինք: Ես հստակ պատկերացնում եմ բանակի բյուջետավորումը, գիտեմ ինչ է նշանակում պահպանման ծախսերը, ինչ է նշանակում կապիտալ ներդրումներ ու ինչքան է ոլորտներին հատկացված եղել: Իմ պաշտոնավարման ժամանակ ես հստակ պայքար եմ մղել կոռուպցիոն ռիսկերի դեմ:

Ասեմ ինչպես՝ 8,5 տարվա ընթացքում ես 135 հոգի գնդապետ եւ բարձր պաշտոնից մարդիկ եմ ազատել՝ զորամասի հրամանատարից սկսած՝ մինչեւ փոխնախարար: Մարդիկ, որոնք թերացել են, մարդիկ մեծ բանակի՝ հրամանատարական կազմի, սերժանտների, զինվորների կատարած աշխատանքը փորձել են ստվերել, հետ գցել: 135 հոգուց շուրջ կեսը կոռուպցիոն ռիսկերով են եղել: Այսինքն, 23 օրը մեկ ես գնդապետ ու բարձր մարդ եմ ազատել, դրանից ավել ո՞վ ազատած կլինի: Ես մեծ ուրախությամբ չեմ ազատել, պարզապես թերացել են այդ մարդիկ:

Իմ ղեկավարության ժամանակ բավականին մեծ քանակությամբ վերահսկող օրգաններ են եղել, որոնք վերահսկել են բանակն ու բանակի գործունեությունը: Բանակի նկատմամբ երկու տիպի վերահսկողություն գոյություն ունի՝ ժողովրդավարական, որի մաս են կազմում նախագահն՝ իր վերահսկողական օրգաններով, ԱԺ-ն՝ իր վերահսկողական օրգաններով՝ հանձնաժողովներ, Վերահսկիչ պալատ, ՄԻՊ: Կառավարությունը՝ իր ֆինանսական գործունեությամբ, իրավապահ ոլորտը՝ դատախազություն, ԱԱԾ եւ այլ մարմիններ, պլյուս դրան ՊՆ նախարարի՝ իր սեփական վերահսկողական ծառայությունը՝ վերահսկողական վարչություն, ռազմական ոստիկանություն եւ տարբեր դեպքերի հետ կապված հանձնաժողովներ: Այս ամենը, թող ինձ ներեն, իմ ղեկավարման ժամանակ վխտում էին ՊՆ-ում եւ պլյուս դրան, իրենք ինձ նաեւ աջակցում էին, որի համար շնորհակալ եմ: Մյուս մասը կոչվում է հասարակական վերահսկողություն, որի մեջ մտնում են ՀԿ-ները եւ դուք, սիրելի ԶԼՄ-ներ»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ ընդունում է, այնտեղ, որտեղ կա մարդկային գործոն, անձնական շահ լինելու է, միշտ մարդիկ կլինեն, որ անձնական շահը ավելի վեր կդասեն, քան պետական շահը. «Այնտեղ, որտեղ կա կադրային հոսունություն, միշտ նոր կադրեր, նոր մարդիկ, որոնք գալիս են այս կամ այն կառույցից, քաղաքացիականից, սկզբնական հատվածում փորձում են բացասական բաները ներդնել կառույցում: Դրա դեմը պետք է առնել»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ թերություններ եղել են, կան ու կլինեն. «Այսօրվա ոչ պրոֆեսիոնալ, շատ տեղերում՝ ոչ բարոյական, շատ տեղերում իրենց գործը չհասկացող մարդկանց մոտ, վաղը եթե փոփոխություն լինի, այդ փոփոխությունները գտնելու են: Թող ամեն մարդ մտածի այդ թերությունը վերացնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031