Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Անդրանիկ Քոչարյանը թող գնա մտածի՝ իրենք իրենց Վազգեն Սարգսյանի տեղն են դրել, բայց իրենք Վազգեն Սարգսյանի ոչ մի բանը չարժեն». Սեյրան Օհանյանի կոշտ պատասխանը

Հունվար 25,2021 22:44

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ 1-ից մինչեւ 14 համարի գեներալները թող մտածեն, թե ինչու այս պատերազմը չդարձավ Սարդարապատ: Նրա խոսքով՝ «Կարող եք բոլորի առանձնատներով ման գաք եւ դուք կտեսնեք բիզնես, տներ, որոնք ապացույցները, թե ինչ միջոցներով են՝ ոչ մեկը չի կարող տալ: Սեյրան Օհանյանը կարա՞ բացատրի՝ Վահագնի թաղամասում իր այդ շքեղ առանձնատունն ինչ բիզնես միջոցներով է կառուցվել: Չի՛ կարող»: Ըստ նրա, նրանց առանձնատների ամեն մի քարի մեջ մի զինվորի ճակատագիր կա:

Այսօր Aravot.am-ը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցրեց, թե ինչպե՞ս կարձագանքի իր հասցեին այս քննադատությանը:

Նա պատասխանեց. «Ես իմ ծառայակից բոլոր գեներալներին հարգում եմ: Իմ ղեկավարման ժամանակ անխնա պայքար եմ ես մղել կոռուպցիոն ռիսկերի դեմ եւ այսօր 5 րոպե է անհրաժեշտ, որպեսզի ճշտեն՝ ով ինչ ունի ու որ թաղամասում: Անդրանիկ Քոչարյանը, երբ Պետրոս Ղազարյանի միջոցով հրավիրել էր ինձ քննարկում իրականացնելու, ինձ Պետրոս Ղազարյանը չի ասել, որ Անդրանիկն է հրավիրել: Ես ասել էի, որ զբաղված եմ, այդպիսի քննարկումները գաղտնիություն են պարունակում ու ես դեմ եմ հրապարակային քննարկել: Այն, ինչը բերել է այս իրավիճակին, կարող ենք քննարկել ցանկացած վայրում՝ նույն ԱԺ-ում, որտեղ ինքն ուզում է: Բայց եթե Անդրանիկ Քոչարյանի ցանկությունը եղել է ոչ թե ինձ հետ քննարկել, ոչ թե ինձ պարկետային վիճակի հարցեր տալ, այլ քննարկել երկրում տիրող ռազմաքաղաքական վիճակը, ինքը կարող էր դա կազմակերպել նույն Սամվել Բաբայանի…Իմ փոխարեն կարող էր ընտրել այլ մարդու: Անդրանիկ Քոչարյանին ես մի քանի անգամ զանգել եմ, ինքը իմ մտերիմ անձնավորություններից մեկն է եղել, չի պատասխանել: Ասել է՝ ես իրեն չեմ պատասխանի, թող ինքը գա՝ ես հարց տամ: Այսինքն, մեր երկրի այսօրվա իրավիճակը կախված է ինչ-որ մի տնի՞ց:

Անդրանիկ Քոչարյանը թող գնա մտածի՝ իրենք իրենց Վազգեն Սարգսյանի տեղն են դրել, բայց իրենք Վազգեն Սարգսյանի ոչ մի բանը չարժեն: Վազգեն Սարգսյանը մեկ կոչով ազգ է համախմբում, մեկ կոչով մահապարտների ստորաբաժանումներ է ձեւավորել: Ի՞նչ է արել ԱԺ-ն՝ երկիրը համախմբելու: Ի՞նչ է արել ԱԺ-ն իր մեծամասնությամբ, որ գնան տեղերում համախմբեն, զինկոմիսարիատների հետ զորահավաքը կազմակերպեն մինչեւ վերջ: Ի՞նչ է արել պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովն իր կազմով, որը քննում էր բոլոր գեներալներին, որ գնան զինկոմիսարիատների, ՊՆ-ի հետ զորահավաքը մինչեւ վերջ իրականացնեն: Նրանք չեն մոբիլիզացրել ազգը: Մեր ազգի պատմության մեջ կարմիր թելով գնացել է՝ վտանգի պահին մենք միասնական ենք: Այս պատերազմի ժամանակ այս ղեկավարությունը՝ իրենց կառույցներով, ջարդեցին այդ մեր առանձնահատկությունը, այդ գաղափարական հենքը, թող գնան դրա մասին մտածեն»:

Ճշտեցինք, այսինքն, ձեզ ուզում են վարկաբեկել, որովհետեւ ձեր հետ կապված ինչ-որ վտա՞նգ են տեսնում՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Դա երեւի թե սկսել է այն բանից հետո, երբ ես հրապարակավ ելույթներ եմ ունենում: Իրենք իրենց ձախողումների հիմնական պատճառը ուրիշների մեջ են ուզում տեսնել, ընդ որում, իմ հետ են կապում նաեւ Շուշին: Բանիմաց, գրագետ անձնավորությունը կհասկանա, որ ես արդեն չորս տարի է՝ ՊՆ նախարար չեմ, անցել է 4 տարի: Բանիմաց անձնավորությունը կհասկանա, որ ես որեւէ պաշտոնի նշանակված չեմ՝ ո՛չ զինվորական, ո՛չ պետական պաշտոնի, ապա ի՞նչ գործ ունի ոչ նշանակված անձը տարբեր օպրեացիաների մեջ մասնակցելու: Ես պարզապես որպես կամավոր այդ օրերին սկզբից մի քանի օր աջակցել եմ բանակի հրամանատարին, երկրորդը՝ Արցախի նախագահին՝ խորհրդատվություններ տալով: Խորհրդատվությունների մի մասը կատարվել է, զգալի մասը չի կատարվել: Իրենք փորձել են այդ ամենը ֆեյքային հրոսակախմբերի միջոցով ուղղել…Պիտի ասեմ, որ տղամարդ մարդիկ անձամբ են դեմ առ դեմ դուրս գալիս եւ ինչ-որ մի բան ասում»:

Սեյրան Օհանյանը խոսեց ֆեյքերի «ՊՈԱԿ»-ի մասին, որոնք փողով իր դեմ գրառումներ են անում ու հայհոյում իրեն ու իր ընտանիքին. «Եթե դուք տղամարդ եք, դեմ առ դեմ դուրս եկեք եւ ասեք»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ կխնդրենք Վահագնի թաղամասում ձեր բնակարանի հարցով պարզաբանում տաք, կա՞ այդտեղ բիզնես միջոց, կամ ապօրինի աշխատած գումա՞ր եք ներդրել այդտեղ, ո՞նց եք վաստակել այդ բնակարանը՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Բոլորը հնարավորություն ունեն ստուգելու: Ես այսօր ապրում եմ Վահագնիում վարձակալական հիմունքներով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031