Պատասխանելով հարցերին, թե ճի՞շտ են արդյոք այն պնդումները, թե նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախում մեծ բիզնեսներ է ունեցել, որոնք պատերազմն սկսվելուց առաջ վաճառել է եւ երկրորդ՝ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ կա, Արցախում Արայիկ Հարությունյանի հեռացման խնդիր չի՞ բարձրացվում, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը պատասխանեց.
«Որ Արայիկ Հարությունյանը բիզնեսներ, հողատարածքներ ունի, չի թաքցրել եւ քարոզարշավի ժամանակ էլ բարձրաձայնել է, բայց դրանք վաճառելու մասին տեղյակ չեմ: Իսկ ինչ մնում է Արցախում նրա հրաժարական պահանջում են, թե չէ, չեմ լսել այդ մասին: Տարբեր նեղ շրջանակներում խոսում են, բայց բարձրաձայնող չկա: Արայիկ Հարությունյանի մասին կասեմ, որ գուցե ինքն էլ է խաբված: Լուրերը, որ պետք է մատուցվեին իրեն, դա էլ էին սուտ ասում: Մեր բանակում սուտը շատ էր տարածված: Կոնկրետ նոյեմբերի 5-ի գիշերը ինքը եկավ Շուշի՝ ծանոթանալու, թե ինչ է կատարվում: Ապաստարանում, ուր ես էլ էի ներկա, գեներալ Սեյրան Օհանյանը ներկայացրեց, որ վիճակը անտանելի է, օրհասական պահ է ստեղծվել Շուշիի համար: Լսեց ու հարցրեց մի գնդապետի, թե վիճակն ինչպես է: Վերջինը պատասխանեց, թե շատ լավ է:
Ես լավ բան չեմ տեսել: Գիտեի, որ Քարինտակում ադրբեջանցիներն են, գիտեի, որ ճանապարհին ադրբեջանցիներ են: Եթե այդքանը կա, ինքն էլ շուտ-շուտ գնում էր պոստերը դասավորում, գալիս: Եթե էդքանը կար, լավը ի՞նչն էր: Ես լավ վիճակ չեմ տեսել: Որ իրեն զեկուցվել է, թե լավ է, դա, իրոք, հանցագործություն է»:
Շուշիի քաղաքապետը, ինչպես շատերը, մտածում է, որ այս պատերազմում հայկական կողմի կրած պարտությունը պայմանավորված էր: «Եթե կազմակերպված չի եղել, եթե դիրքը թողել են, զորքը Հադրութից եկել-հասել է այդտեղ, կարելի էր ամեն տեղ կանգնեցնել: Ասել են՝ Հադրութից դուրս ենք գալիս՝ ռմբակոծեն, բոլորին վերացնեն: Բայց Հադրութից ոտքով գալիս հասնում են Շուշի: Դա կազմակերպված չէ՞ր»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ