Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ գլխավոր քարտուղարը՝ հայ ռազմագերիների հարցի մասին

Հունվար 25,2021 21:15

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում չընդգրկվեց հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը:

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հարցուպատասխանի ժամանակ ֆրանսիացի պատվիրակ Ժակ Մարին հայտարարեց՝ թեև հայ ռազմագերիների հարցի հետ կապված հրատապ քննարկում կազմակերպելու նախաձեռնությունը չընդունվեց, բայց անհրաժեշտ համարեց, որպեսզի այդ հարցն, այնուամենայնիվ, վեհաժողովն ինչ-որ ձևաչափով քննի:

Ի պատասխան՝ Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ասաց. «Վստահեցնում եմ ձեզ, որ հակամարտության սրումից ի վեր, որն ամռան վերջին էր, Եվրոպայի խորհուրդը եթե ոչ առաջինը, ապա առաջիններից էր, որ արձագանքեց: Երբ ռազմական գործողությունները սկսեցին, շաբաթ առավոտյան երեքով՝ ԵԽ նախագահը, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը և ես, միանգամից արձագանքեցինք և հորդորեցինք երկու երկրների ղեկավարներին չմտնել պատերազմի մեջ: Այս երկու երկրները միացել են ԵԽ-ին քսան տարի առաջ, այդ ժամանակ նրանք հանձնառություն ստանձնեցին լուծել հարցը, որն արդեն այդ ժամանակ գոյություն ուներ: Նրանք հանձնառություն ստանձնեցին լուծել այդ խնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով, բայց պատերազմն այդ ճանապարհը չէր: Ցավոք, պատերազմը սկսվեց, և տեղի ունեցան ռազմական գործողություններ, քաղաքացիական բնակչության կորուստներ, մարդկային ահռելի կորուստներ: Երբ  պատերազմը վերջացավ, մենք գիտեինք, որ հիմա էլ այլ գործընթաց պետք է ընթանա: Եվրոպայի խորհուրդը լիովին աջակցում է այն ճանապարհին, որով գնում է ԵԱՀԿ-ն այս հակամարտության կարգավորման հարցում»:

ԵԽ գլխավոր քարտուղարն ասաց՝ նոյեմբերի վերջին այցելել է Երևան, անցյալ շաբաթ էլ Բաքու: Նա նշեց, որ առաջիկայում կհաստատվի Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող աջակցության ճանապարհային քարտեզը, և իրենք կրկին կայցելեն Երևան և Բաքու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031