Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարեկը մեզ չէր ասել, որ առաջնագծում է, խաբում էր»․ Կրասարի նահատակված հերոսի մասին

Հունվար 25,2021 21:45

Ադրբեջանա-թուրքական ագրեսիան հետ մղելիս՝ նահատակվել է Շիրակի մարզի Կրասար համայնքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Մխիթարի Մխիթարյանը։

Նա 2016 թվականից  ծառայում էր ԱԱԾ-ի սահմանապահ զորքերում։

Նարեկը դիպուկահար էր, զոհվել էր հոկտեմբերի 19-ին՝ Հորադիզում, սակայն նրա դին հայտնաբերվել է հունվարի 4-ին՝ գենետիկ փորձաքննության միջոցով։

Քույրը՝ Մարիամ Մխիթարյանը, մեզ ասաց, որ Նարեկն իր միակ եղբայրն է․ մի քույր ու եղբայր են։  Նա անչափ բարի էր, ձգտվող, բոլորին հասնող, կյանքով լի, կոկիկ՝ արտաքին տեսքին հետևող։ Լուսանկարներից մեկում Նարեկը եղել է մորուքով, որն էլ զարմացրել  է հարազատներին։ Նրանք ասել են․ «Նարեկ ջան, առաջին անգամ ենք քեզ տեսնում այս տեսքով»։

Նրա մարտական ընկերները հարազատներին պատմել են, որ Նարեկը տարիքով ամենափոքրն էր, բայց չափից ավելի խիզախ էր, պատրաստ էր մինչև վերջ մարտնչելու, նույնիսկ կրակների միջից հաց ու ջուր էր հասցնում ընկերներին։

«Նարեկը ձգտում էր ամեն ինչ ճիշտ ժամանակին անել, շատ կապված էր թե՛ ծնողներիս, և թե՛ մնացած հարազատների հետ, բոլորին ժամանակ էր տրամադրում և բոլորի հետ կապ էր պահում։ Երբ ասում էի՝ Նար, լավ չէ՞ գնաս արտագնա աշխատանքի,  ասում էր՝ ես սիրում եմ իմ աշխատանքը, բացի դրանից 15 օր աշխատանքի եմ, 15 օրն տանն եմ, կօգնեմ ծնողներիս, նրանց թև ու թիկունք կլինեմ։

Եղբայրս սիրած աղջիկ ուներ, ասում էր՝ տունը վերանորոգեմ,  այս տարի  անպայման կամուսնանամ։ Ավաղ, դա մնաց երազանք,պատերազմն ամեն ինչ խառնեց իրար։

Պատերազմի սկսվելուն պես՝ Նարեկս իր ընկերների հետ մեկնեց առաջնագիծ՝ ծնողներիս թողնելով միայնակ։

Նրանք եղել են ամենաթեժ կետերում, մարտեր մղել են տարբեր վայրերում։ Նա դիպուկահար էր, մարտնչել է ԱԿ-73-ով։ Պատմում են, թե Նարեկը մեր զինվորների այրված դիերն էր հանում մարտի դաշտից՝ ասելով՝ էդ գազանների ձեռքը չընկնի, գոնե գերեզման ունենան, ծնողների աչքն էլ ջուր չկտրի՝ սպասելով։

Եղբայրս չգիտեր, որ իրեն էլ էր սպասվում այդպիսի ճակատագիր։

Նա մեզ չէր ասել, որ առաջնագծում է, խաբում էր։ Երբ հոկտեմբերի 18-ին  հարմարեցրեց, խոսեց հետս, ասաց՝ քուր, շատ եմ կարոտել, գանձերս լա՞վ են, շատ էր սիրում փոքր երեխաներին։ Ասի՝ մենք էլ ենք քեզ շատ կարոտել, ասաց՝ երբ գամ, կգաս քո ձեռքի թխվածքը պատրաստես, ուտեմ։

Հաջորդ օրը՝  հոկտեմբերի 19-ին Հորադիզում անօդաչու թռչող սարքը հարվածել էր նրանց մեքենային։ Մենք նրան գտանք հունվարի 4-ին՝ գենետիկ փորձաքննության միջոցով։ Կարծես ճակատագրի հեգնանք լինի,  մայրիկիս ծնունդը հունվարի 6-ին է,  ամեն անգամ Նարեկն անակնկալ էր մատուցում մայրիկիս ․․․Ավաղ,  այսուհետ  միայն այս դաժան իրողությունը կլինի։ Շատ դժվար է նրա կորստի հետ համակերպվելը, կորցրել եմ մի կյանք, մի ամբողջ հարստություն։

Նրանք ընկան հերոսի մահով՝թողնելով բազում անկատար երազանքներ։ Կարոտը խեղդում է, չգիտես ինչ անես, ինչպես կարոտդ առնես, գիտակցում ես, որ  միայն պիտի սփոփվես հուշերով»,-սգում է Մարիամ Մխիթարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031