Լրահոս
Օրվա լրահոսը

Լիանա Մինասյան. «Շուշիի գրավումը ոչ մի կերպ չի տեղավորվում ուղեղում»

Հունվար 25,2021 20:55

Շուշիից փախստական Լիանա Մինասյանը այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ պատմեց. «Որ Շուշին գրավվեց, միանգամայն անհասկանալի է ու ոչ մի կերպ չի տեղավորվում ոչ ուղեղում, ոչ մտքում: Դա ինձ հիշեցնում է Շահումյանի անկումը: Հիշում եք չէ՞: Ինքս շահումյանցի եմ: Այն ժամանակ մեր ֆիդայիները հենակետերում էին: Մեր հենակետերը չէին հանձնվել, բայց Շահումյանն արդեն ընկել էր: Այսինքն, մենք Շահումյանը կորցրեցինք, երբ դիքերը չէինք հանձնել: Նույն բանը հիմա կրկնվեց Շուշիի հետ: Շուշին Արցախի կենտրոնում է, ու ոչ մի կերպ ուղեղում չի տեղավորվում, թե ինչպես ադրբեջանցիներին հաջողվեց հենց այնպես այնտեղ հասնել: Մանավանդ, եթե նկատի առնենք նրանց չկռվող ու վախկոտ լինելը: Եվ այս ամենով նրանք կարողացան վերցնել բերդաքաղաք Շուշին: Ճիշտ է, մարտ եղել է, բայց դա չպետք է լիներ Շուշիի սահմանին: Ոչ մի շուշեցի չի հանձնվել: Թե ինչպես այդ ամենը կատարվեց,  հանելուկ է: Եվ ինձ թվում է, թե դա դեռ երկար ժամանակ մութ կմնա: Ես իմ մասին կարող եմ ասել եւ դա կհաստատի Շուշիի քաղաքապետը: Մենք մինչեւ վերջ մնացել ենք քաղաքում, մենք քաղաքը չենք հանձնել: Մեզանից յուրաքանչյուրն իր հերթին պայքարել է քաղաքի համար:

Երբ լսում եմ, որ փախստական ենք դարձել, ծանր եմ տանում: Դժվար է փոխանցել, թե ինչ են զգում շուշեցիները, ասկերանցիները, հադրութցիները: Խնդիրն այն չէ, որ տուն ենք կորցրել: Խնդիրն այն է, որ կորցրել ենք հույսը: Ապրելու տեղ չկա, ու պարզ չէ՝ ինչով զբաղվել: Մենք շրջապատ ենք կորցրել, հայտնվել ենք միանգամայն անծանոթ վայրում: Ճիշտ հասկացեք, մենք շատ շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր մեզ օգնում են: Բազմաթիվ հայաստանցիներ օգնության ձեռք են մեկնել: Սակայն մենք կորցրել ենք մեր հարազատ վայրերը, ու դա շատ ծանր է:

Այո, մեզ այսօր օգնություն է հարկավոր: Բայց այդ օգնությունը, ինձ թվում է, չպետք է սահմանափակվի 68 հազարով: Իմ քույրը մեկ ամսվա համար ստացել է երեք հազար դրամ: Այսինքն, թոշակի գումարը հանել են: Նա չի վերցրել այդ գումարը եւ առաջարկել է այն տալ մեկ ուրիշին, ում ավելի պետք է: Հիմնադրամներ են հարկավոր, որոնք մեզ կկարողանան օգնել: Օրինակ, ընտանեկան բիզնես սկսել: Շատերին եմ ճանաչում, որ լավ գաղափարներ ունեն:

Ես իմ դուստրերի հետ, բարեբախտաբար շատ մեծ շրջապատ ունեմ  արտասահմանում եւ Ռուսաստանում: Եվ մենք որոշել ենք հիմնադրամ ստեղծել: Նկատի առնելով, որ այսօր երկու կարեւոր բան կա անելու՝ աշխատանք եւ տուն, մեր հիմնադրամը կզբաղվի տանիք ապահովելով, ինչը, կարծում եմ, ամենագլխավորն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031