«Ցավոք, ականատես ենք հին ու «բարի» ավանդույթներին, որոնք խոստացել էր փոխել Փաշինյանը, սակայն հերթական անգամ խաբեց։ Ի՞նչ էին անում առաջ, ասում էին՝ «դե մեր լավ փեսան է, ուղարկենք դեսպան՝ լավ գործի»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հաստատմանն այն մասին, որ քննարկվում է իր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու հարցը՝ ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։
«Մեկը մի վատ բան էր անում, ուղարկում էին դեսպան՝ մամուլից հեռու։ Մեկը թոշակի պետք է գնար, ուղարկում էին դեսպան՝ վայելի․․․այսինքն, դիվանագիտական կորպուսն այսպես էր ձեւավորվում, դրա համար որեւէ հաջողության չէինք հասնում»,-կարծիք հայտնեց Գորգիսյանը։ Նա նշեց, որ Լիլիթ Մակունցի նշանակմամբ էլ նույն իրավիճակն է արձանագրվում․ «Նախ պետք է քննարկվեին այն խնդիրները, որոնք պետք է լուծի մեր դեսպանատունն այդ երկրում։ Դրանից հետո կբխեր, թե ով է նշանակվելու։ Երբ քննարկվում է անձը, նշանակում է՝ որեւէ խնդիր եւ փոփոխություն չի քննարկվել։ Ուղղակի մտերիմ մարդուն ուզում են ուղարկել լավ տեղ։ Ես այս քայլը դիտարկում եմ որպես մերձավորին լավ, փափուկ պաշտոնի տեղավորելու քայլ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ