Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը անդրադարձավ կապիտուլյացիոն եռակողմ հայտարարության ստորագրումի հետեւանքով սոցիալական լուրջ խնդիրների առջեւ հայտնված արցախցիների նկատմամբ Հայաստանի կառավարության վարած քաղաքականությանը:
«Քանի որ ես ներկայացնում եմ քաղաքական ուժ, որը գրեթե առաջին օրվանից շփվում է արցախցի ընտանիքների հետ, եւ մենք փորձել ենք ինչ-որ չափով օժանդակություն տրամադրել նրանց, հստակ ասում եմ, որ արցախցիներն իսկապես շատ ու շատ խնդիրների առաջ են հայտնվել; Եվ դիմում եմ քաղաքական ուժերին, որպեսզի այս ներքաղաքական պայքարի մեջ չմոռանան արցախցիներին: Բայց առաջին հերթին դիմում եմ մեր կառավարությանը, որն ընդհանրապես չի զբաղվում այս մարդկանց խնդիրներով: Որեւէ լուրջ մեխանիզմ չի մշակվել արցախցիների որոշակի խնդիրները թեթեւացնելու համար: Օրինակ, ասում ենք փախստականներ, բայց այս մարդիկ չունեն կարգավիճակ: Արցախցիներն ուզում են մնալ Հայաստանում, նրանք այստեղից ոչ մի տեղ չեն ուզում գնալ: Ուրեմն, կամ այստեղ օժանդակեք, կամ տվեք փախստականի կարգավիճակ, ինչով նրանց այլ երկրներ կարող են ընդունել եւ աջակցել:
Պատկերացրեք, այն 68 հազար դրամից, որ տրամադրում են, թոշակառուներից թոշակի գումարը հաշվարկվել ու հանվել է: Այսինքն, թոշակի չափը մտցրել են այդ 68 հազարի մեջ: Ավելի պարզ ասած՝ տարբերությունն են վճարում: Սա աբսուրդ է, այս մարդկանց ձեռք առնել: Ես ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, որ ԱԺ ամբիոնից մատը թափ տալով ինչ-որ բաներ է խոսում, առաջին հերթին այս մարդկանց մասին մտածի, որպեսզի այսպես ստացված՝ որպես երկրի առաջին դեմք, խնդիրների մասին խոսի, այլ ոչ թե հարցերից, որոնք ոչ ոքի հետաքրքիր չեն:
Հիմա Արցախում մեր հայրենակիցների հումանիտար հարցերով զբաղված են ռուս խաղաղապահները, կատարում են այնպիսի գործառույթներ, որոնք իրենց գործառույթների մեջ չեն մտնում: Մինչդեռ, այս հարցերով պետք է զբաղվի մեր կառավարությունը, մեր իշխանությունները:
Կարդացեք նաև
Մակունցին Ամերիկա ուղարկելու, սրան-նրան պաշտոն տրամադրելու փոխարեն մտածեք այս մարդկանց խնդիրների մասին, որոնց մեջ ամենակարեւորներից են տանիքի խնդիրները»,-ասաց Արման Ղուկասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ