Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարելի է գնդապետին նշանակել գեներալ գնդապետի պաշտոնի, մեկին փողոցից բռնես, ասես՝ դու փոխմարզպետ ես, մի երկրում դեսպան ես լինելու». Սեյրան Օհանյան

Հունվար 25,2021 19:15

Այսօր «Ձայն հայրենեաց» մտավորականների շարժում- նախաձեռնությունը երրորդ ընդլայնված քննարկումն էր կազմակերպել, որը սկսվեց աղոթքով եւ մեկ րոպե լռությամբ արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը հարգելով:

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն իր ելույթում ասաց, որ բանակը փառավոր ճանապարհ է անցել ու բոլոր պատերազմների ժամանակ կազմակերպական առումով տարբերվել է մնացած բոլոր կառույցներից: Նա նշեց, որ վերջին տարիներին, հաշվի առնելով միջազգային փորձը, իրենք 2008-ից բարեփոխումների ծրագիր են մշակել ու տարեցտարի ապահովել բանակի զարգացումը, ռազմական տեխնիկայի ներկրում են իրականացրել, զորավարժություններ են անցկացրել եւ այլն. «Յուրաքանչուր պետության զարգացման շարժիչ ուժը փոփոխություններն են: Քաղաքական թիմերը, մեկը մյուսին փոխելով՝ պետք է այլ քաղաքական ուժերի դրականի վրա հենվեն»: Սեյրան Օհանյանը ընդունում է, որ շատ դեպքերում խաղաղ պայմաններն անարդյունավետ են օգտագործել. «Յուրաքանչյուր քաղաքական ուժի հնարամտությունն է տեսնել լավը ու այդ հիմքի վրա կառուցել, ոչ թե հիմնահատակ քանդել, առավել եւս, չիմանալով, թե ինչպես են այդ պետական տունը կառուցում, սկսել անկազմակերպ վիճակ: Սա վերաբերում է պետական կառավարման 2,5 տարիներին»:

Օհանյանն ասաց, որ նախկինում թեկուզ փխրուն, բայց ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը հաջողվել էր պահպանել. «Ինչպե՞ս կարելի է խոսել թավշյա ժողովրդավարության մասին, բայց հասարակությունը բաժանել մի քանի մասերի: Պետության առաջնորդը հոր նման պետք է լինի, իսկ հայրը, երբ չարաճճի զավակին ապտակ է հասցնում, միեւնույն է, երեկոյան ընթրիքին ասում է՝ արի միասին ընթրենք: Անփորձ մարդիկ են, որ մանրախնդրության են գնում ու դա արտահայտվել է բոլոր օղակներում՝ ֆինանսական միջոցների ոչ ճիշտ օգտագործում, արտաքին հարաբերություններում վատացնելով մեր հարաբերութունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ: Այսօրվա մեր իշխանությունները ամեն ինչ արեցին, որ պատերազմ լինի, միգուցե՝ չգիտակցելով: Շատ ավելի վատ, եթե նրանք դա արել են՝ գիտակցելով: Եթե ասում ես՝ մեկ է, մենք այս հողերը պետք է տայինք, պիտի մտնեիր պատերազմի մե՞ջ, նոր տայիր»:

Խոսելով պատերազմի մասին, Սեյրան Օհանյանն ասաց. «Որոնք են պատճառները, որ մեզ բերեցին պարտության: Որքան էլ խոսենք, որ հինգերորդ սերնդի բանակ, որոշակի սպառազինության, ռազմական տեխնիկայի բացակայություն, այն ժամանակահատվածում, որ մենք ռազմական պլաններ ենք կազմել, այնտեղ շեշտը դրված էր ռադիոէլեկտրոնային պայքարի, ԱԹՍ-ների, հակաօդային պաշտպանության վրա՝ 2008, 2009, 2018 թվականներին: Նա, ով հրամանատար անուն է կրում, չի կարող ռազմական քաղաքականությունից խուսափել: Երբ մեր գերագույն հրամանատարը ասում է՝ ռազմական քաղաքականություն չեմ իրականացրել, անձամբ պետք էր խորանալ ու համապատասխան որոշումներ ընդունել: Չեն օգտագործվել ԱԺ պատգամավորների հնարավորությունները՝ մեր երկիրը մոբիլիզացնելու ու տանելու հայրենական պայքարի, բանակի հետ միասին զորահավաք չեն իրականացրել, չեն օգտագործել ԱԺ-ի հնարավորությունները՝ հարցը միջազգային ատյաններում իրականացնելու համար:

Միգուցե 1-2 անգամ են իրականացրել, բայց պետական կառավարումը անընդհատություն է պահանջում: Կառավարությունը ռազմական ռելսերի պետք է անցներ, ֆինանսական միջոցների կառավարումը նաեւ փոխեր: Կառավարությունը պետք է ապահովի բանակի թիկունքը եւ տնտեսական, եւ իրավական առումով, որովհետեւ իրավական առումով բազմաթիվ թերություններ են եղել: Անվտանգային խորհրդի դերն այս պատերազմում շատ ցածր է եղել: Երկրի ղեկավարը պետք է բոլոր օղակները մշտապես օգտագործի՝ պատերազմական ժամանակահատվածում կառավարումն իրականացնելու համար: Իսկ Անվտանգության խորհրդում ռազմաքաղաքական իրավիճակում ճիշտ եզրակացություն անելու որոշումը պետք է ընդուներ: Ոչ ոք չի ասում, որ պետական մակարդակի մարդիկ իջնեն վաշտի, զորահրամանատարի փոխարեն կռվեն, բայց նրանք պարտավոր են փակել այն ճեղքը, մխրճումը, որը 280 կմ մխրճված վայրից բերեց հասցեց մինչեւ Շուշի: Վտանգի պահին մենք միասնական չեղանք: Ալիեւը հոխորտաց, ինքը սկսեց պատերազմը ու այս պատերազմը անվանեց հարենական պատերազմ: Նկատել եմ չափազանց ցածր մակարդակի կարգապահության մակարդակ, ոտքի վրա են որոշումներ ընդունել: Կարգապահությունը պետական կառավարման ղեկավարման օղակներից փոխանցվել է տարբեր օղակներին՝ մինչեւ անձնակազմի արտաքին տեսք: Մենք խրախուսել ենք այդ ամբողջ նահանջը»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ մարտավարական օղակում էլ բազմաթիվ բացթողումներ, թերացումներ եղել են, բայց գաղտնիությունից ելնելով՝ դրան չանդրադարձավ: Նա նշեց, որ նախապատերազմյան հատվածի ձախողումներն են բերել այս պարտության ու դրանից հետո գոնե խելքի գային, այդ ամեն ինչը շարունակվել է. «Ո՞նց կարելի է գնդապետին նշանակել գեներալ գնդապետի պաշտոնի, մեկին փողոցից բռնես, ասես՝ դու փոխմարզպետ ես, մի երկրում դեսպան ես լինելու: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կառավարության ղեկավարը միանձնյա վերցրել է իր վրա եւ ստորագրել: Հունվարի 11-ին էլ առանց մեր կառավարության ղեկավարի ասել են՝ այս կետը ստորագրի: Մենք ինքներս մեզ պետք է հարց տանք՝ ուզո՞ւմ ենք մշտական այսպիսի ձախողումներ ունենանք: Իհարկե, ոչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031