Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի քաղաքապետ. «Արցախցիների 99,9 տոկոսը տնից դուրս է եկել միայն հագի շորերով, որովհետեւ չգիտեր, թե իրականում ինչ է կատարվում»

Հունվար 25,2021 18:55

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Արցախի ազգաբնակչությունը անսպասելիորեն է ընկել խնդիրների մեջ:

«Փախստական բառն արդեն ամեն ինչ ասում է: Մարդկանց գրեթե 99,9 տոկոսը թողել է ամեն ինչ, տունուտեղ եւ միայն հագի շորերով է դուրս եկել, քանի որ տեղյակ չէր, թե իրականում ինչ է կատարվում: Նրանք մտածել են, թե մի քանի օրով են դուրս գալիս՝  ամեն ինչ կլուծվի ու իրենք կվերադառնան իրենց տուն: Սակայն, ցավոք, այդպես չեղավ: Հարցերը բազմաթիվ են ու կապված են կենցաղի հետ՝ սնունդ, հագուստ եւ այլն: Ճիշտ է, կան կազմակերպություններ, բարի մարդիկ, որ օգնում են, սակայն դա բոլոր խնդիրները չի լուծում:

Ցավալի է, որ Արցախում թե Հայաստանում, այսօր վարձու բնակարանների գները աստղաբաշխական են: Ճիշտ է, պետական հովանավորություն կա, բայց դա բավական չէ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց վարձը մարել: Այսպիսի խնդիր էլ կա. 68+15 հազար  դրամներից  18-ից  58 տարեկան տղամարդիկ չեն կարողանում օգտվել: Ես այդ մասին մի քանի անգամ բարձրաձայնել եմ: Ասում են՝ թող գնան աշխատեն: Բայց որտե՞ղ, երբ աշխատանք չկա: Խնդիր կա նաեւ 300 հազար դրամների հետ: Շուշիի եւ Արցախի այն համայնքների բնակիչները, որոնց տները մնացել են ադրբեջանցիների հսկողության տակ, կարող են օգտվեն այդ աջակցությունից: Սակայն կարգում գրված է՝ Շուշիում առնվազն երեք ամիս ապրածների մասին: Ինչպե՞ս պարզել, թե տվյալ անձը պահանջվող այդ երեք ամիսն այնտեղ է ապրե՞լ, թե՞ տասն օր պակասում է: Բայց այդ դեպքում էլ լինի տունուտեղ, կահույք, ունեցվածք են թողել: Մարդիկ, որոնք այդ 300 հազարից չեն օգտվում, իրենց վիճակն ի՞նչ է լինելու: Համայնքի ղեկավար դեռ ես եմ համարվում, ու ինձ են դիմում, ինձնից են նեղանում:

Արցախցիները երախտապարտ ժողովուրդ են ու շատ շնորհակալ են բոլորին, ովքեր իրենց տանիք են տրամադրել, թեկուզ վարձով: Բայց  Հայաստանի մեր եղբայրներն ու քույրերը որքա՞ն կարող են սպասել: Նրանցից ոմանք արդեն ասում են, որ մի քանի օրվա մեջ պետք է ազատել բնակարանները, հյուրանոցները: Սրանք հարցեր են, որոնք լուծման կարիք ունեն: Արցախցիներն իրենց կամքով չեն լքել իրենց տունը:

Անցած 30 տարիներին խաղաղություն կար, մարդիկ տուն էին սարքում, կոնկրետ շուշեցիները բնակարաններն էին վերանորոգում, ինչին պետությունն էլ էր աջակցում: Իսկ եթե պետությունն աջակցում էր, վարկ էին վերցնում: Եվ ովքեր վերջին տարիներին գալիս էին Շուշի, հիացմունքով էին խոսում Շուշիի մասին, որ գեղեցկանում է, կառուցվում է, իսկական քաղաք է դառնում»,-ասաց Արծվիկ Սարգսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031